Արարատ Միրզոյանը Կոպենհագենում հանդիպել է Դանիայի խորհրդարանի փոխխոսնակին և այլ պաշտոնյաների
Նոյեմբերի 12-ին Կոպենհագենում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի փոխխոսնակ Կարստեն Հյունգեի, արտաքին հարաբերությունների և եվրոպական հարցերի հանձնաժողովների անդամների հետ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Դանիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության խորացման օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։
Նախարար Միրզոյանը կարևորել է Հայաստանի և Դանիայի խորհրդարանների միջև աճող համագործակցությունը, այդ թվում՝ Հայաստան–Նորդիկ-բալթյան երկրներ (NB8) ձևաչափով: Արարատ Միրզոյանը շեշտել է, որ այդ երկրներիհավատարմությունը ժողովրդավարությանը, իրավունքի գերակայությանը, մարդու իրավունքների պաշտպանության ու լավ կառավարմանը ոգեշնչում և աջակցում է Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների, ինչպես նաև ԵՄ հետ գործընկերության խորացման ճանապարհին:
Նախարարը հիշատակել է 2025թ. մարտին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանը միանալու գործընթաց սկսելու մասին» օրենքը, որն առաջին հերթին ՀՀ քաղաքացիների ձգտումների արտահայտումն էր քաղաքացիական նախաձեռնության միջոցով։
Անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին՝՝ նախարար Միրզոյանը նշել է, որ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակումը փոխադարձ առավելություններ է ստեղծում ինչպես տարածաշրջանի երկրների համար, այնպես էլ դրանից անդին՝ նպաստելով Եվրոպայից դեպի Ասիա և հակառակը հաղորդակցությունների ցանցի ընդլայնմանը։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման հարցում ՀՀ մոտեցումը։
Անդրադարձ է կատարվել հումանիտար բնույթի հարցերին։
ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը պատասխանել է դանիացի խորհրդարանականներին հետաքրքրող այլ հարցերի։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել