HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Քննվում է ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելու հարցը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) այսօր՝ 2025թ․ նոյեմբերի 13-ին հրավիրված նիստում քննարկել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիան դադարեցնելու հարցը՝ այն ուժը կորցրած ճանաչելու միջոցով։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծում, որպես լիցենզիայից զրկելու հիմք, նշվել են ՀԷՑ-ի կողմից թերգրանցումները, հավելագրումները, ոչ հավաստի տեղեկատվության տրամադրման, ցանցային և շուկայի կանոնների և այլ խախտումները։

Մասնավորապես՝ 700 հազ․ սպառողներ զրկվել են օբյեկտիվորեն իրենց սպառման վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն կամ դրան հասնելիություն ստանալու իրավունքի իրացման հնարավորությունից։ Բացի այդ, արձանագրվել է, որ 10.8 մլն դրամ լրացուցիչ ծախս է հավելագրվել սպառողներին, ինչն առաջացրել է լրացուցիչ ծախս։ Իսկ ինքնավար էներգիա արտադրող սպառողներին պատճառվել է 15․9 մլն դրամ վնաս՝ 2024թ․ մայիսի 1-ից մինչև 2025թ․ ապրիլի 30-ը հաշվարկային տարվա ընթացքում իրականացված թերգրանցումների հետևանքով։ 

Ըստ որոշման նախագծի՝ ՀԷՑ-ը ժամկետների խախտում է թույլ տվել նաև սպառման համակարգը բաշխման ցանցին միացնելու ուղղությամբ եւ ոչ հավաստի տեղեկություններ է տրամադրել։ Սխալ ազդակների ստացման հետևանքով սակագների հաշվարկում ներառվել են անավարտ կամ անորակ աշխատանքների արդյունքներ և այլն։

Հանձնաժողովի նիստին մասնակցում էր նաև ՀԷՑ տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։ Նա  համաձայն չէր հանձնաժողովի դիրքորոշման և մեղադրանքների հետ։ Պարբերաբար առարկում էր, ներկայացնում իր դիրքորոշումը՝ պնդելով, որ հավելագրումներ չեն եղել։

Հարցի քննարկումը հետաձգվեց նոյեմբերի 14-ին, քանի որ աշխատանքային օրն ավարտվեց։

ՀԾԿՀ նախագահի կողմնակալության մասին

Մինչև հարցի քննությունը «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները՝ փաստաբաններ Արամ Օրբելյանը և Վարդան Ալոյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին բացարկի միջնորդություն ներկայացրին՝ կողմնակալ լինելու պատճառաբանությամբ։

Մասնավորապես, Վարդան Ալոյանի դիտարկմամբ՝ 2020թ․ նոյեմբերին Մեսրոպյանը զբաղեցրել է քաղաքական պաշտոն՝ Կոտայքի մարզպետ։ Այդ ժամանակ բազմիցս հայտարարել է, որ քաղաքական գործիչ է։ 2021թ․ մայիսին թողել է Կոտայքի մարզպետի պաշտոնը՝ Ազգային ժողովի ընտրություններից առաջ։ Դրանից հետո նշանակվել է «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն։ ՓԲԸ-ն ենթարկվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։ Ավելին՝ 2023թ․ նոյեմբեր ամսից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

Հիմնավորելով բացարկի միջնորդությունը՝ «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները նշեցին, որ թեև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնի թեկնածուի առաջադրման իրավունքը պատկանում է  Կառավարությանը, սակայն Մեսրոպ Մեսրոպյանին այդ պաշտոնում առաջադրելու հարցը քննարկվել է ՔՊ վարչության նիստում՝ Մ․ Մեսրոպյանի մասնակցությամբ։

Այս փաստերը համադրելով՝ Վ․ Ալոյանն ասաց, որ դրանք կաշկանդող են ՀԾԿ անդամ և նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի համար, քանի որ դրանցով հիմնավորվում է Մեսրոպյանի ամուր քաղաքական կապը գործող իշխանության՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։

Բացի այդ, Մեսրոպ Մեսրոպյանը խնամիական հարաբերություններ ունի ՔՊ անդամ Սասուն Միքայելյանի հետ։

Փաստաբանը հիմնավորեց, որ ՀԷՑ-ի վերաբերյալ վարչական վարույթը քաղաքական գործընթացներով է պայմանավորված։ Մասնավորապես՝ այն սկսվել է 2025թ․ հունիսի 18-ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է ՀԷՑ-ն ազգայնացնելու, պետականացնելու մասին, որը պետք է «տեղի ունենա արագ»։

Օրեր անց՝ հունիսի 24-ին վարչապետը դարձյալ գրառում է կատարել այն մասին, որ ՀԷՑ-ի պետականացման պլանն արդեն պատրաստ է։ Այնուհետև Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետք է անցնել գործնական փուլի, և պետությունը պետք է վերցնի ՀԷՑ-ի կառավարումը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետագայում շարունակել է ՀԷՑ-ին վերաբերող նմանատիպ գրառումները։

Այս ընթացքում «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում կատարվել է լրացում, ըստ որի՝ վարչական վարույթը հարուցվում է  Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ և նույն որոշմամբ էլ կարող է կիրառվել կանխարգելիչ միջոցառում։ Հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին նման լիազորությամբ օժտել են ակնհայտ քաղաքական դրդապատճառով՝ շրջանցելով Հանձնաժողովի անդամներին։

Դրանից հետո Մեսրոպ Մեսրոպյանը մոտ 10 օր ուժի մեջ մտած օրենքի նոր կարգավորումներով վարույթ է նախաձեռնել և կանխարգելիչ միջոցառում ձեռնարկել։ Ընդ որում՝ վարույթը նախաձեռնվել է ՏԿԵ նախարարությունից ստացված հաղորդման  հիման վրա, մինչդեռ Մ․ Մեսրոպյանը, մինչև Հանձնաժողովի նախագահի պաշտոն զբաղեցնելը, 3 տարի աշխատել է նախարարության ենթակայությամբ։

«Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը նշեց, որ հաղորդման մեջ տեղ գտած փաստերին նախարարությունը կարող էր տեղեկանալ Հանձնաժողովից, ինչն էլ նշանակում է, որ նախարարի և Հանձնաժողովի միջւ ակտիվ քաղաքական կապ կա։

Հանձնաժողովը կիրառել է այնպիսի կանխարգելման միջոց, որը համընկել է վարչապետի գրառումների հետ՝ ՀԷՑ-ի կառավարումը ստանձնելու առումով։ Մինչդեռ կանխարգելման այլ գործիքակազմերն անտեսվել են։ Ի վերջո, ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Ռոմանոս Պետրոսյանը, որն իշխանության թիմի և ՔՊ վարչության անդամ է։ Այդ հարցում ՀԾԿ հանձնաժողովի նախագահը ևս առաջնորդվել է քաղաքական գործընթացներով և չի գործել ինքնուրույն։ Դրանից հետո ՀԷՑ տնօրեններ են նշանակվում ՔՊ անդամներ, օրինակ՝ Գյումրի համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, Փարաքար համայնքի նախկին ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը և այլք։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը այս միջնորդությունից հետո 30 րոպե ընդմիջում հայտարարեց։ Վերադառնալով նիստերի դահլիճ՝ Հանձնաժողովի անդամները դեմ քվեարկեցին միջնորդությանը՝այդպիսով մերժելով, որ Մեսրոպ Մեսրոպյանը կողմնակալ անձ է այս վարույթի շրջանակում։

Լուսանկարը՝ էկրանապատկեր ուղիղ հեռարձակումից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter