«Մենք ոչ մի միլիմետր չենք շեղվել և չենք շեղվելու խաղաղության օրակարգից». Փաշինյանի եզրափակիչ ելույթը ԱԺ-ում
ԱԺ-ում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը նոյեմբերի 13-ին եզրափակիչ ելույթ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ստորեւ՝ ելույթի տեքստը։
Ես նախ ուզում եմ դիմել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մեր գործընկերներին և ասել, որ իմ տպավորությամբ` Հայաստանի քաղաքացիները մի փոքր կամ ավելի շատ նյարդայնանում և մեզ մեղադրում են նրանում, որ մենք դեռ շարունակում ենք արձագանքել Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, և նրանց առաջնորդած ուժերին: Ես ուզում եմ վերջին շրջանի արձագանքների մասին խոսել, խոսել նրա մասին, որ մարդիկ ասում են՝ մեկ-մեկ այնպիսի տպավորություն է, որ շատ հարմար տեղ է դա ձեզ համար, և այդ խոսակցությունների մեջ մտնում եք, որպեսզի այն իրական պրոբլեմները, որոնք կան, որ պետք է քննարկենք, լուծումները գտնենք, բանաձևեր գտնենք, որ իբր դրանցից խուսափեն:
Իրականում պրոբլեմը ուրիշ տեղ է: Իրականում պրոբլեմը հետևյալի մեջ է, որ հենց խորհրդարանական երկրի կառավարման առանձնահատկությունն այն է, որ հիմնական խոսակցության կողմերը կառավարող մեծամասնությունն է և ընդդիմությունը։ Եվ իմ տպավորությամբ, սակայն, իրոք այդ թնջուկը պետք է լուծվի: Եվ այդ թնջուկը լուծելու ճանապարհն այն է, որ շուտով խորհրդարանական ընտրություններ են լինելու, այդ անձանց առաջնորդած ուժերը պարզապես չլինեն խորհրդարանում, սա է լուծումը, քանի դեռ եղան, այս նույն իրավիճակը շարունակվելու է: Եվ ես կարծում եմ, որ իրոք հասունացել է այդ պահը, որ այդ խնդիրը լուծվի, բայց ես ուզում եմ ասեմ նաև, թե ինչու պետք է այդ խնդիրը լուծվի: Մի շատ հետաքրքիր դրվագ տեղի ունեցավ այս երկու օրվա քննարկումների ընթացքում: Ընդդիմության պատգամավորն ինձ մեղադրեց, որ ես այլ երկրի ազդեցության գործակալին բարձր պաշտոններ եմ տվել Զինված ուժերում, այդ երեկ էր: Այսօր եկավ այս ամբիոնից նույն մարդուն պաշտպանեց՝ որպես հալածյալ: Սա ինչի մասին է վկայում, սա վկայում է, որ, ի հեճուկս անձնական որոշակի խնդիրների, իրենք ուղղակի նույն կարգավիճակն են և նույն տեղից հրահանգը ստանում են, թե ում է պետք պաշտպանել և ում պետք չի պաշտպանել։
Այս ընտրությունում այդ խնդիրը պետք է լուծվի մի պարզ պատճառով, որովհետև ինչպես կարող ենք կռահել այդ նույն ելույթներից և հաջորդականությունից, այս քաղաքական ուժերը և նրանց առաջնորդները նույնպիսի, ենթադրաբար, ազդեցության գործակալներ են Հայաստանի Հանրապետությունում։ Եվ այս քննարկումներն ամբողջը դրա մասին են ցույց տալիս։
Եվ ես ուզում եմ, որ այս ամբիոնից մենք խոսենք 2018 թվականի և 2025 թվականի Հայաստանի մասին, որովհետև այդ մարդիկ՝ ենթադրաբար այլ երկրի ազդեցության գործակալները, ուզում են զզվանք, արհամարհանք ներշնչեն այսօրվա Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Բայց ես ուզում եմ իմ անկեղծ տպավորությունները կիսել 2018 թվականի և այսօրվա Հայաստանի տարբերությունների միջև, որովհետև 2018 թվականի դրությամբ Հայաստանը գտնվում էր այդ նույն երկրի գրպանում, որի ազդեցության գործակալներն են թվարկած անձինք։ Այսօր Հայաստանն անկախ պետություն է։ Այսօր Հայաստանը ոչ միայն անկախ պետություն է, այլև Հայաստանն ունի ինքնիշխան կամքի կենտրոն և կարող է որոշումներ կայացնել։
Բայց ես ուզում եմ մենք բոլորս, ի վերջո, առերեսվենք և խոստովանենք՝ ի վերջո ո՞նց է Հայաստանը հայտնվել այդ գրպանում, ինչո՞վ, ինչպե՞ս: Մի գործիքով, ժողովուրդ ջան, մենակ՝ Ղարաբաղի հարցով, և ուրիշ որևէ պատճառ և բացատրություն դրա չկա: Եվ խոսք է գնում, ասում է՝ բանակում, ուրիշ երկրի ազդեցության գործակալների մասին է խոսում, բայց եթե բանը հասել է այդտեղ, եկեք մի հատ փորձենք ցուցակ կազմել 2018 թվականի դրությամբ այդ երկրի ազդեցության գործակալ հանդիսացող և չհանդիսացողների միջև։ Ընդ որում, սա անձնավորված չի, ամենայն հարգանքով բոլորին, բայց 2018-ին էլ, 19-ին էլ, 20-ին էլ, 21-ին էլ, մինչև 22-ը ներառյալ՝ մեր բանակի սոցիալ-հոգեբանությունը, մտածողությունը եղել է ազդեցության գործակալի։ Մեր բանակում չի եղել ինքնիշխան կամքի կենտրոն։ Ընդ որում, նորից եմ ասում, սա չի նշանակում, որ բոլորը եղել են այդպիսին, ոչ, ես մթնոլորտի մասին եմ խոսում, ես տրամադրության մասին եմ խոսում, ես ընկալման մասին եմ խոսում։
Եվ սա է ճշմարտությունը, և այս ճշմարտության հետ մենք պետք է առերեսվենք։ Ընդհանրապես ընդունված է ասել, որ մարդիկ կաբինետներում փակվում են, իրականության զգացումը կորցնում են, բայց ես երբեմն կաբինետից դուրս տեղի ունեցող իրադարձություններին հետևելով, հասկանում եմ, որ շատ մարդիկ, ովքեր կաբինետներում չեն, իրենք են իրականության զգացողությունը կորցրել, և նրանք չեն գնահատում, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանի հետ։ Հայաստանը դուրս է բերվել թակարդից։ Սա, ես գիտեմ, որ բարդ է խոստովանել, բայց Հայաստանը դուրս է բերվել թակարդից։ Եվ ընդհակառակը, այսօր այս մարդիկ ի՞նչ են ասում, ասում են՝ դե ինչ ուզել են, տվել եք: Վերջին տարիների իրադարձությունների միակ պատճառն այն է, որ ընդհակառակը, ինչ ուզել են, ոչ մի բան չենք տվել, ոչ մի բան չենք տվել: Այսօր մարդիկ եկել են Ղարաբաղի համար են լացում: Ոչ մեկ, ոչ մեկ մեր չափ ոչինչ չի արել Ղարաբաղի համար, ոչ մեկ՝ սկսած ֆինանսականից, ինչը երևում է բյուջետային թվերով, սկսած մնացածից՝ ինչը չի երևում ու չի էլ երևալու երբեք։
2018 թվականին ինչի՞ մենք զիջումների չգնացինք, լավ է, մինչև տարվա վերջ այդ թեման էլ կփակենք, այդ բանակցային փաթեթներն էլ կհրապարակենք, որովհետև մեզնից զիջման ուզվում էր Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը: Դա այդպես չէր ձևակերպվում: Ինչի, ձեր կարծիքով, այն մնացած ժամանակներում, երբ որ Հայաստանն անկախության հենց հաջորդ օրից, անկախության մասին հայտարարելու պահից կամաց տեղավորվել է այդ գրպանում, ինչի դա այդպե՞ս է հայտարարվել: Ո՛չ, դա բոլորովին ուրիշ կերպ է հայտարարվել՝ ուրիշ վերնագրերով:
Խոսում են ազդեցության գործակալների մասին: Լսեք, ձեր կուսակցությունը վերջին, ինչքան ասեմ՝ 70 տարում, եղել է այդ երկրի ազդեցության գործակալն ամբողջ աշխարհում։ Մենք սրա մասին պիտի խոսենք։ Այսօր եկեղեցու լացն են լացում։ Այդ 60-ականներին Աբովյան փողոցի վրա գտնվող այդ շենքը ինչո՞վ էր զբաղվում։ Այդ ո՞նց էր, որ Խորհրդային Միությունը, այդ աթեիստական պետությունը, որ մեր ազգային ինքնությանն իբր դեմ էր, այդ ԱՕԿՍ-ի շենքը, այդ ոնց էր, որ հայրենակիցների հետ կապերի միություն կար, այդ ինչո՞վ էր զբաղվում այդ հայրենակիցների հետ կապերի միությունը: Այդ ո՞նց էր, որ այդպես հատուկ կառուցվածքային աջակցություն ուներ Հայաստանյայց առաքելական եկեղեցու նկատմամբ: Այսինքն՝ պիտի այդ թղթերը բացվեին, որ մենք սա հասկանայինք: Այդ կուսակցությունը մինչև հիմա էլ այդ երկրի ազդեցության գործակալական ցանցն է, ընդ որում՝ էական չի, ո՞ր երկրի։ Մենք պիտի որոշում կայացնենք՝ մենք հանդուրժո՞ւմ ենք մեր երկրի խորհրդարանում ուրիշ երկրների ազդեցության գործակալների ցանց: Մենք պիտի որոշում կայացնենք՝ մենք հանդուրժո՞ւմ ենք մեր սրբության սրբոցում ուրիշ երկրների ազդեցության գործակալների ցանց։ Իմ պատասխանն է, որ ոչ, որովհետև հակառակ դեպքում ինչի՞ է այսպես հիստերիա, որովհետև վերջին շանսն է մեր պետությունը հետ տանել, տեղավորել այն գրպանում, որից մենք դուրս ենք եկել։
Հայաստանի Հանրապետությունը 2025 թվականի՝ լավ երկիր է, Հայաստանի Հանրապետությունը 2025 թվականի երկիր է, ով ի վիճակի է ինքն առերեսվել իր պրոբլեմներին և իր ճակատագրին։ Հիմա նորից անընդհատ քննարկվում է ծրագիրը, ծրագիրը, ինչն ավելի հասկանալի թեմա է։ Ես ձեզ մի բան ասեմ, անընդհատ խոսվում է Կառավարության ծրագրի այս կետը, այն կետը, ես ասել եմ, բայց նորից ուզում եմ ընդգծել՝ աշխարհում չի եղել, չկա և չի լինելու որևէ կառավարություն, ընդհանրապես բնության մեջ, որ իր ծրագրի 100%-ն իրականացրած լինի, այդպես բան պարզապես գոյություն չունի։ Դա նոնսենս է։ Հետևաբար հարց է, բա ծրագիրն ինչի՞ է կազմվում, ծրագրում արձանագրվում է այն պրոբլեմները, խնդիրների այն շրջանակը, որը պետք է Կառավարությունը լուծի։
Հիմա մենք ի՞նչ կարող ենք ասել մեր ծրագրի մասին։ Կառավարության ծրագիրն ընդունվել է 2021 թվականի օգոստոսի 26-ին Ազգային ժողովում՝ 70 կողմ ձայնով: Եվ Կառավարության ծրագրի հետ ընդունված հինգերորդ կետում գրած է՝ «Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելն, այնուամենայնիվ, արտահերթ ընտրությունների արդյունքներով ժողովրդի առաջ Կառավարության ստանձնած մեծագույն առաքելություն է»: Այս խորհրդարանում ընդունված ծրագիրն է: Ես այսօր բացեցի նայեմ՝ այդ մեծագույնն ի՞նչ է նշանակում: Մեծագույն՝ բառարանով նայել եմ, որ մեծի գերադրական աստիճանը, այսինքն՝ ամենամեծը, ուրիշ բացատրություններ էլ կան, բարձրագույն, գերագույն, վեհագույն, վսեմագույն: Այսինքն՝ Կառավարության ծրագրում կա մի բարձրագույն, վսեմագույն առաքելություն և դա խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է տարածաշրջանի և Հայաստանի Հանրապետության համար: Այսինքն՝ մենք մեր մեծագույն առաքելությունն իրականացրել ենք։ Այս մարդիկ ասում են չէ, դա խաղաղություն չի, իսկ ո՞րն է խաղաղությունը: Ընդհանրապես այս հարցը շատ հետաքրքիր է, դա էլ եկեք արձանագրեք: Այդ բանավեճը նորմալ է, ո՞րն է խաղաղությունը, որովհետև մենք չգիտենք որն է խաղաղությունը, Հայաստանի Հանրապետությունը չունի այդպիսի գիտելիք, չունի այդպիսի փորձ, թե որն է խաղաղությունը։
Եվ մենք սա իմանալով չենք գնում սրան-նրան հարցնում՝ ո՞րն է խաղաղությունը, մենք ասում ենք որն է խաղաղությունը։ Խաղաղությունն այն է, որ 1 տարի 8 ամիս Հայաստանի սահմաններում փոխհրաձգությունից զինվոր չի զոհվում։ Խաղաղությունն այն է, որ սահմանամերձ բնակավայրերում արդեն 3 ամիս կրակոցների ձայն մարդիկ չեն լսում: Խաղաղությունն այն է, որ գնացք է մտել Հայաստան Ադրբեջանի տարածքով, վերջին 30 քանի տարում, այսինքն՝ ենթադրաբար 91 թվից այս կողմ գնացք չի մտել: Գնացք է մտել, որը բերել է ցորեն: Այդ ցորենի մի մասը կարող է հացի մեջ օգտագործվի, այդ ցորենի մի մասը, ես չգիտեմ, ինձ դա չի հետաքրքրում, ես անկեղծ չեմ էլ հետաքրքրվել, բայց կարող է այդ ցորենի մի մասը տան հավերին: Այդ հավի ածած ձուն մեր երեխաները չե՞ն ուտելու, այդ հավի միսը մեր երեխաները չե՞ն ուտելու: Այդ թեփը կարող են տալ խոզերին։ Այդ խոզի միսը, ձեր առաջնորդը չի՞ ուտելու, թե՞ ինքը խոզի միս չի ուտում։
Ասում են՝ խաղաղությունը մեր ժամանակ էր, բայց այդ ժամանակ էր... օրինակ՝ Կիրանցիի սուգն էիք լացում, Կիրանցի թաղում էիք արդեն անում, մի հատ սրբազանը հագել էր թաղման շորերը, Կիրանցի թաղումն էր անում, խնկարկում էր Կիրանցը: Կիրանցում եղել է 102 տուն, հիմա կառուցվում է 55 տուն: Կիրանցն այսօր մեզ համար ցուցադրական օրինակ է՝ ընդհանրապես, ով չի հասկանում, ասում է լավ չեմ պատկերացնում այդ գաղափարախոսությունը, ասում եմ՝ եկեք, գնանք Կիրանց, ի՞նչն է իրական Հայաստանը, եկեք, գնանք Կիրանց: Այս Կիրանցը պարտվա՞ծ Կիրանցն է, այն Կիրանցը հաղթա՞ծ Կիրանցն է: Մի հատ էլ ասում են՝ 8 միլիարդ արտաքին պարտքն աճել է, ի՞նչ եք արել, նայում եմ ձեր վրա, հասկանում եմ... Չգիտե՞ք ինչ ենք արել, լավ, չէինք ուզում ասել, դա էլ ասենք՝ զենք ենք առել: Պարտքո՞վ ենք զենք առել՝ այո՛, պարտքով ենք զենք առել, ինչո՞ւ, որովհետև շատ է պետք եղել ու միանգամից։ Չեք հավատո՞ւմ՝ իրավունք ունեք, ասում եմ՝ եկեք տանենք ցույց տանք, կարանք գնապիտակներն էլ վրայից կպցնենք, որն ինչ արժե: Եկեք, տանենք մեր բանակի զենքերն էլ ձեզ ցույց տանք, ձեր ժամանակվա բանակի զենքերն էլ ցույց տանք՝ դնենք կողք-կողքի։ Ի՞նչ ենք արել, չգիտե՞ք, որ ՔՈՎԻԴ է եղել։ Վարկ ենք վերցրել, որ երկիրը ՔՈՎԻԴ-ը հաղթահարի պատերազմի ժամանակ։
Ասում եք՝ 44-օրյա պատերազմի զեկույց, այդ 44-օրյա պատերազմի մասին զեկույցի կարգավիճակում բան չի փոխվել։ Այն ի սկզբանե էլ պիտի լիներ գաղտնի, այնտեղ դրված է, գնացեք, կարդացեք։ Գնացեք, կարդացեք, ի՞նչ է գրած այնտեղ, այնտեղ, ուզում եք ասեք, որ որևէ բան կա... Լսեք, , ես 2020 թվականից հետո այնքան ինֆորմացիա եմ կիսել 44-օրյա պատերազմի ժամանակ, ամենայն հարգանքով, հազար ներողություն, բայց վեց հատ այդպիսի հանձնաժողով էլ լինի, իմ ասածից ավելի ինֆորմացիա չի կարող հավաքի՝ ուղղակի այդ ինֆորմացիայի բացակայության պատճառով, չի կարա հավաքի ուղղակի։ Դուք այն ասեք, Հայաստան համահայկական հիմնադրամի փողերն ուտելու ձեր քննիչ հանձնաժողովն ի՞նչ եղավ։ Դրա զեկույցը ու՞ր է, ի՞նչ եղավ, ինչո՞ւ մոռացվեց։
Ավելի քան մի տարի է այս ամբիոնից ասում են՝ բա մեր օկուպացված տարածքները, բա մեր Արծվաշենը, բա այս, բա այն: Նախկինում ասել եմ՝ սահմանազատման արդյունքում պիտի լուծվի, հիմա էլ ասել եմ՝ Արծվաշենն ու օկուպացիայի տակ գտնվող տարածքները պետք է մենք վերադարձնենք: Նախորդ շրջանում ամեն անգամ ասում են՝ բա ի՞նչ եղավ: Հիմա էլ ասում են՝ այս ի՞նչ է, ո՞նց, ուրեմն տվին, ամեն ինչ տվին: Կամ մի հատ էլ եկել են արդեն՝ վերադարձրին, բերեցին, տարան, կործանեցին, փլուզեցին ամեն ինչ։ Լսեք, ամեն մեկդ գոնե թող խոսի այն բաներից, որից հասկանում է։
Ֆինանսների նախարարը զեկույց է ներկայացնում, ասում է՝ դե մարդու համար, մարդու համար, մարդու համար, գալիս ասում են՝ թոշակն այսքան չի ավելացել, իսկ դուք ասում եք մարդու համար: Ժողովուրդ, ճանապարհը մարդու համար չէ՞, ջրամատակարարման համակարգը մարդու համար չէ՞, դպրոցը մարդու համար չէ՞, մանկապարտեզը մարդու համար չէ՞: Զարմանում եք, որ իրենք նեղվում են այդպիսի դպրոցից: Իրենք ինչպե՞ս են արել, իրենց փողերը պետք է տանեն Կիպրոսում ֆռցնեն, բերեն Հայաստանում ներդնեն որպես օտարերկրյա ներդրում, իսկ այդ դպրոց չունեցող երեխաներն իրենց մոտ բատրակ ու սափրագլուխ լինեն: Իսկ որ այդ երեխաները տառերը իմանան, ո՞վ է իրենց մոտ սևագործ բանվոր լինելու, այդ երեխաներն իրենց պետք են որպես սևագործ բանվոր, սափրագլուխների բրիգադներ, քրեական թափթփուկ: Որտեղի՞ց են այդ ռեսուրսը վերցնելու, որ իրենց քրեական թափթփուկ շարքերը լրացնելու, եթե դպրոց լինի, մանկապարտեզ լինի: Հանկարծ երեխաների առաջին բառերը «պապա», «մամա»-ից հետո հայհոյանք չլինի, իրենք ո՞նց են գոյատևելու այս երկրում։ Բա իրենք դրանից են նեղված։ Իրենք նեղված են, որ իրենց երեխաներին իրենք հնարավորություն ունեն լոնդոններում, ինչ-որ մի կերպ թքել-կպցնելով տառերը սովորեցնել, այստեղ երեխաները պիտի դպրոց չունենան, տառերը պիտի չիմանան, որ իրենց մոտ սևագործ բանվոր լինեն, իրենց շներին կերակրող լինեն, առյուծներին կերակրող լինեն, իրենց մոտ սափրագլուխ լինեն, իրենց մոտ գողական թափթփուկ լինեն: Որ կրթվեցին այդ երեխաները, դա որտեղի՞ց է լինելու։ Պետք է ասել, պետք է առերեսվել:
Մեր ծրագրում Ղարաբաղի մասին էլ են դրույթներ եղել: ՀԱՊԿ-ի մասին էջեր կան գրած, թե ինչպես ենք մենք ՀԱՊԿ-ի շրջանակներում խորացնելու մեր հարաբերությունները և այլն: Ղարաբաղի մասին էլ է գրած, գրած է, որ խաղաղապահները, Հայաստանն էլ, բայց խաղաղապահներն էլ, երաշխավորում են և այլն, և այլն։ Ղարաբաղի մասին կա՞ն դրույթներ, իհարկե կա: Կարո՞ղ էինք գնալ, շարունակել, այդ դրույթների հետևից գնալ՝ այդպես բուլդոզերի նման՝ կարող էինք, բայց կկորցնեինք մեր պետությունը։ Քաղաքական առաջնորդությունը տեղ է, որ դու քեզ վրա պատասխանատվություն ես վերցնում, որը ոչ մեկ չէր վերցնի։ Հեսա բանակցային թղթերը կբացահայտվեն և կտեսնեք, որ Ղարաբաղի անկախության թեման դա ֆեյք է, ֆեյք, ֆեյք։
Եվ ես ձեզ ավելին ասեմ, հիմա շատ են ասում, չէ՞, 2018 թվից... եթե 2018 թվի դրությամբ մենք իշխանություն չլինեինք, մենակ մենք էինք, որ կարող էինք այս ճանապարհով անցնել։ Ուրիշ որևէ մեկը մնար, այսօր Հայաստանի Հանրապետություն չէր լինելու: Ինչքան էլ անհամեստ է, ես սա պարտավոր եմ ասել: Եվ այո՛, սա առաքելություն է, մենք այս առաքելությունն անում ենք: Մեր թիմակիցներն անընդհատ ինձ ասում էին՝ ինչի ես այդպես ասում, այդպես մի ասա, այդպիսի բան չի կարելի ասել. 2021 թվականին ընտրություններ էինք անում, ասացի՝ եթե մեր ժողովուրդը որոշի, որ ինձ գնդակահարելու է ես լուռ ու մունջ պատի տակ կանգնելու եմ: Հիմա էլ եմ ասում: Բայց եթե այն ժամանակ շփոթված էինք ինչ-որ առումով, հիմա վստահ ենք: Հիմա ես վստահ եմ այն ճանապարհի մեջ, որը մենք անցել ենք: Ճիշտ է ինտուիտիվ, դա էլ է պետք արձանագրել, որ շատ բաներ հնարավոր չէր մաթեմատիկական հաշվարկների ենթարկել, որովհետև հասկանում եք՝ այդ գիտելիքը... Ընդհանրապես, ես ձեզ մի բան ասեմ՝ ի՞նչ է պետությունը, մենք նոր-նոր ենք սովորում, մենք նոր-նոր սովորում ենք, թե ինչ է պետությունը: Իրենք չգիտեն ինչ է պետությունը, իրենք գիտեն, թե ինչ է ֆորպոստը: Մենք էլ ենք ֆորպոստի մեջ եղել, մենք էլ ենք գրպանում եղել, բայց մենք որոշել ենք, որ պետք է դուրս գանք գրպանից, մենք որոշել ենք, որ պետք է անկախ պետությունը լինենք:
Իմիջիայլոց, մեր ծրագրի մասին՝ մեր ամենաառաջին և ամենակարևոր ծրագիրը եղել է Հայաստանի Հանրապետության հարատևությունն ապահովելը: Մենք ապահովում ենք Հայաստանի Հանրապետության հարատևությունը՝ որպես ինքնիշխան պետություն: Այդ որ ասում եք, ինչո՞ւ եք զարմանում, որ ասում է՝ այդ սխալ է, որ ասում են 29743 քառակուսի կիլոմետր: Իսկ ինչի 2018 թվականից կամ 2022 թվականից առաջ Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, մի երկիր է եղել, որ պատրաստ է եղել ինչ-որ մի զինատեսակ վաճառի: Մյուսները ինչու չեն վաճառել, մի պարզ պատճառով, ասել են՝ հարգելիներս, մենք երաշխիք չունենք, որ ձեզ վաճառված զենքերը դուք օգտագործելու եք ձեր միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանության համար, ավելին՝ մենք համոզված ենք, որ դա օգտագործելու եք ձեր միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս , իսկ դա, կներեք, մեզ համար անընդունելի է: Այդ ճանապարհը մեզ համար բացվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ից հետո, երբ ասել ենք՝ մենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք: Իրենք դրանից են դժգոհ: Այն որ ասում են՝ այդ 29 հազարը վատ է, իրենք ասում են՝ ինչպե՞ս, պետք է հետ գնանք այդ գրպան, դուք ո՞նց եք դուր եկել այդ գրպանից, աշխարհում այդ գրպանից ավել լավ տեղ չկա։ Եվ մեզ այդ գրպանում պահել են՝ Ղարաբաղը, ամենայն հարգանքով, որպես խայծ օգտագործելով։ Տպավորություն են փորձում ստեղծել, թե մենք Ղարաբաղի ժողովրդի հետ կամ Ղարաբաղի մեր հայրենակիցների նկատմամբ ինչ-որ վերաբերմունք ունենք, անվստահություն ունենք: Ես այն օրը նախարարին ասել եմ, որ չեմ ուզում ասեմ, որովհետև կարող է լավ չհնչի, բայց, կներեք, այսօրվա մեր զինված ուժերի ղեկավարության կեսը ղարաբաղցի է, ամենաբարձր աստիճան, մեր այսօրվա զինված ուժերը, հասկանու՞մ եք ինչ եմ ասում, մեր զինված ուժերը ղեկավարվում է ղարաբաղցիների կողմից, բա եթե մենք ղարաբաղցիներին չենք վստահում, չենք սիրում, ինչպե՞ս ենք այդ մարդկանց տարել այդ տեղերում նշանակել:
Եթե մենք դավաճանել ենք, մեզ ասում են՝ դավաճանել եք, այս եք արել, այն եք արել, այդ մարդկանց նկատմամբ ոչ մի տեղ ես չեմ լսել, որ պրետենզիա ներկայացնեն, որ այդ մարդիկ՝ ծագումով ղարաբաղցի մարդիկ որևէ դավաճանական գործարքի մեջ մտել են: Այդ մարդիկ ո՞նց են մեզ հետ աշխատում, եթե մենք դավաճան ենք, ո՞նց են... Իրենք գիտեն չէ՞ ամեն ինչ։ Իրենք ներսից գիտեն չէ ամենից, ո՞նց են այդ մարդիկ մեզ հետ աշխատում: Այս հարցի պատասխանը ո՞վ է տալու: Ես անունով չնշեմ, բայց ասում եմ՝ չափազանցություն չկա, մեր զինվորական բուրգի ամբողջ վերևն ամենաառանցքային կետերում ղարաբաղցիներ են:
Գալիս են այստեղ խոսում են՝ վայ, գիտության ֆինանսավորումը աշխարհում միջինն այսքան է, մեր մոտ այսքան է: 2018 թվականից այս կողմ գիտության ֆինանսավորումն աճել է Հայաստանում 2.8 անգամ՝ 180%-ով: Այսինքն՝ 180%-ով աճել է ու աշխարհի միջինին չի հասնում: Գիտաշխատողների միջին աշխատավարձը վերջին տարիներին աճել է 3.2 անգամ՝ 220%-ով: Եկել են այստեղ գիտության սուգն են սգում։
171 միլիարդ դրամի պատվեր կա տեղադրած ռազմարդյունաբերության համակարգում։ Եվ այս խոսույթը, տեսեք, վերադառնալով ռազմական սպառազինությանը և ռազմական տեխնիկային, առանց այն արձանագրման, որ մեր խնդիրը ոչ թե մարտունակությունն է, այլ պաշտպանունակությունը, մենք մեր միջազգային ճանաչված տարածքից դուրս խնդիր չունենք լուծելու, եթե այս ամեն ինչն իրար հետ չհամադրվեն, դա աղետ է Հայաստանի համար։ Եվ իրենք ուզում են մեզ անընդհատ հրեն և հրահրեն այդտեղ: Մենք ոչ մի միլիմետր չենք շեղվել և չենք շեղվելու խաղաղության օրակարգից, որը մեր ժողովրդի առաջ ստանձնած մեր պարտավորությունն է։ Եվ այո՛, մենք խոսելու ենք միայն ու միայն, բացառապես պաշտպանունակության մասին։ Եվ մենք ասում ենք՝ մենք Արծվաշենի համար ռազմական օպերացիա չենք անելու, ոչ էլ մյուս տեղերի համար, որովհետև դրա կարիքը չկա։ Ասում են՝ ինչ է, թուղթ է ստորագրած է, ինչ է այն մեկը նախաստորագրած է... Ժողովուրդ ջան, մոռացե՞լ եք, որ անցյալ տարվա հոկտեմբերին Ազգային ժողովը վավերացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքած թուղթ, որը հիմա երկու երկրում ունի բարձրագույն իրավաբանական ուժ։ Դա է խաղաղությունը։ Այն վավերացված ուժի մեջ մտած է, ասում են՝ վավերացված ուժի մեջ մտած է: Այն ստորագրված է, ասում են՝ ստորագրված է: Այն նախաստորագրված է... Դա է խաղաղությունը։ Խաղաղությունը դա է: Խաղաղությունը կառուցվում է: Որ խաղաղություն լիներ, այս քայլ-քայլի անհրաժեշտությունը չէր լիներ: Կասեինք՝ կա խաղաղությունը, ընդամենը մնում է իրեն պահպանել։ Հիմա արդեն ասում ենք, որ կա խաղաղությունը, ընդամենը մնում է իրեն պահպանել:
Ասում են՝ մարդու համար է, մարդու համար է: Հիմա ես ձեզ խելագար թվեր ասեմ: Դուք գիտեք չէ՞, որ այսօր ո՞վ է հիշում ընդհանրապես դրա մասին: Ո՞վ է ընդհանրապես այդ թեմային անդրադառնում, որովհետև չկա այդպիսի թեմա: Ուրեմն, 2018 թվականից առաջ Հայաստանում գործարար համայնքը տառապում էր իր ավելացված արժեքի հարկը հետ ստանալու համար։ Տասնյակ տարիներով պետությունը տասնյակ միլիարդների պարտք է ունեցել գործարար համայնքին։ 2018 թվականից մինչև օրս տնտեսական համայնքին վերադարձված ավելացված արժեքի հարկի գծով մենք վերադարձրել ենք 255 միլիարդ դրամով կամ 435%-ով կամ 5,4 անգամ ավելի շատ գումար, քան նախորդող, ասենք, օրինակ՝ 2010-ից 20117 թվականը։ Հիմա ոչ մեկ չի խոսում դրա մասին, կներեք, այդ թվում՝ նաև գործարար համայնքը: Ո՞վ է վեր կենում, ասում՝ մի րոպե, ժողովուրդ ջան, մենք այնքան տառապում էինք, մի կոպեկ չէինք կարում պետությունից հետ ստանանք, հիմա ամեն ամիս ճշգրիտ օրը գալիս է, փողը նստած է մեր հաշվին: Մարդո՞ւ համար է սա, թե՞ մարդու համար չի:
Եկամտային հարկի գծով վերադարձրել ենք 2018 թվականից մինչև օրս 377 միլիարդ դրամ Հայաստանի քաղաքացիներին: 2010-ից 2017 թվականի համեմատ աճը՝ 9337% կամ 94.4 անգամ։ Այս փողը կոնկրետ մարդիկ են ստացել: Այդ կոնկրետ մարդիկ, մի քանի տասնյակ հազարավոր ընտանիքներ 2018-ից այս կողմ բնակարան են ձեռք բերել։ Այդ մարդի՞կ են, թե՞ մարդիկ չեն: Բան չունեմ ասելու՝ կան մարդիկ, որ երկու հատ են ձեռք բերել, ընտանիքներ, որ երկու հատ են ձեռք բերել: Մարդի՞կ են իրենք, թե՞ մարդ չեն:
Հիմա համաչափ զարգացման մասին՝ մարզերում առաջնային շուկան, 2018-ից - մարզերում, Երևանը չեմ ասում, որ ասեն ամեն ինչ Երևանում - նախորդող շրջանի նկատմամբ, այսինքն՝ համեմատում ենք 2018-ից 2025-ը և 2010-ից 2017-ը, 10606 բնակարանի ձեռք բերում է եղել: Մարզերում աճը՝ 1104%: Մարդի՞կ են, թե՞ մարդիկ չեն:
Եկել են, ասում են՝ համայնքները... Համայնքների դոտացիաները նախորդող նույն շրջանի համեմատ աճել են 232 միլիարդ դրամով: Այսօր ասում են՝ մենք ընդդիմադիր համայնքներին ինչ ենք անում: Այդ մարդիկ մեր տված փողերից միլիարդներ են ծախսում, մի հատ մեզ շնորհակալություն էլ չեն ասում: Իրենց ժողովրդին չեն էլ ասում, որ ժողովուրդ ջան, այս փողի 70-80 տոկոսը Կառավարությունն է տվել:
Սուբվենցիաները. նախորդող շրջանի համեմատ համայնքներին 119 միլիարդ դրամով կամ 2.9 անգամ ավելի սուբվենցիոն ծրագրեր ենք տվել: Մեզ ասում են՝ այս են խոստացել, այն են խոստացել... Այո՛, մենք խոստացել ենք, որ նվազագույն պարենային զամբյուղից ավելի կլինի նվազագույն թոշակը և իրականացրել ենք։ Միջին կենսաթոշակի մասով դեռ խնդիրներ ունենք, որը պետք է հասկանանք, թե ոնց պետք է լուծենք։
Իսկ ինչի՞ չեն ասվում այն բաների մասին, որ չենք խոստացել, բայց արել ենք։ Օրինակ, ասում ենք, որ Հայաստանում 700 հազար դրամ ստացող շարքային զինծառայող կա այսօր: Մենք դա չենք խոստացել: Կամ 16 միլիոնի ծրագրերը, որ սահմանամերձ գոտիներում իրականացնում ենք և հիմա շարունակելու ենք: Մենք չենք խոստացել, բայց արել ենք, որովհետև իրադրությունը գնահատել ենք և արել ենք և ճիշտ ենք արել: Թվե՞ր են ուզում: Աշխատավարձի իրական աճը վերջին հինգ տարում կազմել է 27.1%: Իրական աճը՝ գնաճի էֆեկտները հանած: Աղքատության պրոբլեմը ինչի՞ չի հաջողվում: Ես ձեզ ուղղակի ուզում եմ ասեմ, ինչի չի հաջողվում հաղթահարել աղքատությունը՝ կրթության պատճառով, դպրոցի բացակայության պատճառով, որովհետև աղքատության մեջ գտնվող մարդուն ի՞նչ է պետք, ինչի՞ է նախ ինքը աղքատ: Կրթության պրոբլեմի պատճառով, այն գոյություն չունեցած դպրոցների պատճառով, բուհերի ցածր որակի պատճառով, գոյություն չունեցած մանկապարտեզների պատճառով և այլն։ Եվ մենք այդ խնդիրը լուծում ենք և պետք է լուծենք: Այդ թվում՝ խաղաղության բացակայության պատճառով:
Ընդհանրապես, կարծում եմ, որ մենք պետք է կարողանանք պաշտպանել այսօրվա Հայաստանը, որովհետև այսօրվա Հայաստանը շատ ավելի ուժեղ, շատ ավելի ինքնավստահ պետություն է, ավելի պետություն է, քան երբևէ, ոչ միայն 2018 թվականին: Այսօրվա Հայաստանը մի պետություն է, որի ճակատագրի ղեկը գտնվում է հենց իր և իր ժողովրդի ձեռքին: Եվ ես համոզված եմ, որ այս իրադրությունը ոչ թե պահպանվելու, այլ զարգանալու է, որովհետև դա պատմական շրջադարձ է: Այն, ինչ հիմա տեղի է ունենում, պատմական շրջադարձ է: Հայաստանն իր պատմության ընթացքում պետություն լինելու, բարեկեցիկ լինելու, երջանիկ լինելու, անկախ լինելու, անվտանգ լինելու, երբեք այսպիսի շանս չի ունեցել: Խոսքը վերջին հինգ տարվա մասին չի, խոսքը վերջին 500 տարվա մասին է։ Եվ այո՛, պետք է խոստովանել՝ մենք այդ խնդիրը լուծել ենք շատ դառը, դաժան փորձությունների միջով անցնելով։ Մենք այս անկախությունը ձեռք ենք բերել մեր նահատակների կյանքի գնով։ Եվ այսօրվա Հայաստանը, որը ապրում է, ապրում է իր վերջին 500 տարվա պատմության լավագույն շրջանը։ Եվ շատ կարևոր է սա տեսնել: Ինչո՞ւ է կարևոր տեսնել, որովհետև այո, պետք է տեսնել: Կրկին չեմ հոգնի մեջբերել Նոր Կտակարանի այդ խոսքը, որը ասում է՝ պիտի նայես, պիտի նայես և պիտի չտեսնես, պիտի լսես, պիտի լսես և պիտի չիմանաս: Ո՞րն է 2018 թվականի և այսօրվա մեր տարբերությունը։ Մենք 2018 թվականին բոլորի նման, իմիջիայլոց, ոչ միայն մենք, բոլորի նման նայում էինք, նայում էինք և չէինք տեսնում, լսում էինք, լսում էինք և չէինք իմանում: Հիմա Հայաստանում հայտնվել է Կառավարություն և կառավարող մեծամասնություն, ով նայելով, նայելով սկսել է տեսնել, ով լսելով, լսելով սկսել է իմանալ։ Ե՛վ Հայաստանի Հանրապետությունը, և՛ Հայաստանի ժողովուրդը պետք է ամուր կառչի մեր նորընծա տեսողությունից և մեր նորընծա իմացությունից։
Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։
Շնորհակալ եմ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել