Հայաստանի հավաքականը կրկին պարտվեց Հունգարիայի ընտրանուն
Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը տնային վերջին հանդիպումն անցկացրեց ու նվազագույն հաշվով պարտվեց Հունգարիայի ընտրանուն։ Հանդիպումը տեղի ունեցավ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Խաղի առաջին րոպեներից մրցակիցն ավելի ակտիվ էր, մերոնք խաղում էին պաշտպանությունում:
33-րդ րոպեին Հունգարիայի հավաքականը բացեց խաղի հաշիվը. գլխի հարվածով գնդակը դարպասն ուղարկեց Բարնաբաշ Վարգան` խփելով հանդիպման միակ գոլը:
Առաջին խաղակեսում մեր հավաքականը դարպասին հարված չկատարեց:
Երկրորդ կեսը մեր տղաներն ավելի ակտիվ սկսեցին, սակայն հաշիվը հավասարեցնել այդպես էլ չստացվեց:
62-րդ րոպեին վտանգավոր պահ ստեղծվեց Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասի մոտ, սակայն լավ գործեց մեր պաշտպան Սերգեյ Մուրադյանը:
Երեք րոպե անց հեռվից հարվածով մրցակցի դարպասը փորձեց գրավել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը, սակայն բարձր հարվածեց:
80-րդ րոպեին հարվածային դիրքում հայտնվեց Նաիր Թիկնիզյանը, նրա հարվածից հետո էլ գնդակը մի փոքր շեղ ընթացավ:
Խաղի վերջնամասում Հունգարիան վտանգավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք վաստակեց, սակայն Դոմինիկ Սոբոսլայի հարվածը բարձր էր:
Վերջին վայրկյաններին էլ վտանգավոր պահ ստեղվեց հունգարացիների դարպասին մոտ, սակայն գնդակը դարպասում չհայտնվեց:
Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով:
Թիմերի միջև նախորդ հանդիպումը ևս ավարտվել էր հունգարացիների հաղթանակով․ Բուդապեշտում Հայաստանի ազգային հավաքականը 2 անպատասխան գնդակ էր ընդունել մրցակցի ընտրանուց։
Այս պահին եվրոպական գոտու ընտրական F խմբում վաստակած 3 միավորով Հայաստանի հավաքականը վերջինն է, 10 միավոր ունի Պորտուգալիայի հավաքականը, 8 միավոր՝ Հունգարիան, Իռլանդիան` 4 միավոր: Պորտուգալիան ու Իռլանդիան մեկակական խաղ պակաս են անցկացրել։ Նրանց միջև հանդիպումը Դուբլինում կմեկնարկի քիչ անց՝ Երևանի ժամանակով 23:45-ին։
Հայաստանի ազգային հավաքականն ընտրական փուլում իր վերջին հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 16-ին՝ հյուրընկալվելով Պորտուգալիայի ընտրանուն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել