HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԱԱԾ աշխատակիցը հավաքագրել է անձնական տվյալներ և սպառնացել կուսակցության վարչության անդամին. ՄԻԵԴ-ի վճիռը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2025թ. նոյեմբերի 13-ին Հայաստանի դեմ վճիռ է կայացրել: Հայաստանը խախտել է լրագրող, «Ժառանգություն» կուսակցության վարչության նախկին անդամ Հրայր Մանուկյանի անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը, որը երաշխավորված է Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով: ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Հայաստանին Մանուկյանին վճարել փոխհատուցում՝ 5000 եվրոյի չափով, որպես ոչ նյութական վնասի հատուցում:

Գործը վերաբերում է Ազգային անվտանգության ծառայության կողմից Հրայր Մանուկյանի անձնական տվյալների հավաքագրմանը, մշակմանը և օգտագործմանը, սպառնալիքների միջոցով նրանց հետ համագործակցելու հարկադրմանը, այդ մեղադրանքների վերաբերյալ արդյունավետ քննության բացակայությանը և արդյունավետ իրավական պաշտպանության միջոցների բացակայությանը։ 

Մասնավորապես՝ 2014թ. «Ժառանգություն» կուսակցության նորընտիր վարչության անդամ, Araratnews-ի լրագրող Հրայր Մանուկյանին դիմել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակից ներկայացած Վլադիմիր Հակոբյանին և խնդրել է համակարգված կերպով համագործակցել ծառայության հետ։ Մանուկյանը հրաժարվել է համագործակցել, որից հետո Վլադիմիր Հակոբյանը մի շարք հայտարարություններ է արել այդ մերժման հնարավոր հետևանքների վերաբերյալ։ Դիմորդը ձայնագրել է զրույցը՝ առանց Վլադիմիր Հակոբյանի իմացության։ 

Ըստ այդ ձայնագրության՝ երբ Հրայր Մանուկյանը մերժել է համագործակցությունը, ԱԱԾ աշխատակիցն ասել է. «Շատ լավ է, որ դուք վստահ եք ձեր վրա, բայց եկեք վերադառնանք իրականությանը ... Ինչպես ես նախկինում ասացի ձեզ՝ ինչպե՞ս եք պատկերացնում, որ մեկը «ոչ» ասի պետությանը և հետո մնա նույն պետությունում։ Ի՞նչ կլինի, ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները»:

Այնուհետև աշխատակիցն ասել է, որ Մանուկյանն իրենց տեսադաշտում է երկար ժամանակ։ Հետո ասել է, որ Հրայր Մանուկյանը մոռանա այս երկրում որևէ բանի հասնելու մասին, եթե պետությանը «ոչ» ասի:

«Մեզ ոչ ոք «ոչ» չի ասում։ Ես նույնիսկ չեմ ուզում ձեզ մոտիկից բացատրել ձեր «ոչ»-ի հետևանքները, հասկանո՞ւմ եք։ Թույլ տվեք պատմեմ դրանցից ամենափոքրը։ Այո, հիմա ես եմ որոշում՝ թողնե՞մ ձեզ գնաք Չեխիա, թե՞ ոչ։ Սա ընդամենը ամենափոքր օրինակն է»,-ասել է ԱԱԾ աշխատակիցը:

Նա այնուհետև սպառնացել է Մանուկյանին, որ չի կարող երաշխավորել, որ մի քանի ամսից մամուլում «ռումբ չի պայթի» «Ժառանգության» կամ հենց Հրայր Մանուկյանի մասին: Մեկը կարող է չհավատալ, 10-ը՝ չհավատալ, բայց 1000-ը՝ կհավատա։ 

«Ես դա չեմ ուզում... Ես համոզում եմ ղեկավարությանը՝ ասելով՝ ո՛չ, տվեք այս տղային ևս մեկ հնարավորություն։ Գուցե տղան ինչ-որ բանի մեջ շփոթված է։ Եկեք նրան ևս մեկ հնարավորություն տանք, և միայն դրանից հետո անցնենք ձեր մեթոդներին... Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչու եմ դա անում»,- ասել է Վլադիմիր Հակոբյանը:

Նշենք, որ 2014թ. հուլիսի 3-ին «Հետքը» նույնպես հրապարակել է ձայնագրության որոշ հատվածներ: Այս մասին հիշատակում կա նաև ՄԻԵԴ վճռում:

2015թ. հուլիսի 18-ին Վլադիմիր Հակոբյանը նշանակվել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար։

Հրայր Մանուկյանը 2014-2016թթ.-ի սահմանահատումների գրառումների համաձայն՝ քսանվեց անգամ հատել է Հայաստանի սահմանը՝ թե՛ մուտք գործելով, թե՛ ելքով, որոնցից վերջինը նրա՝ երկրից դուրս գալն էր 2016թ. հունվարի 19-ին։ Օրեր անց՝ հունվարի 21-ին, նա ժամանել է Նիդեռլանդներ, որտեղ նրան ապաստան է տրամադրվել ապրիլի 5-ին։

2014թ. հուլիսի 8-ին Հրայր Մանուկյանը Գլխավոր դատախազին ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում՝ կից Վլադիմիր Հակոբյանի հետ իր զրույցի ձայնագրությանը։ Գլխավոր դատախազությունից գրավոր պատասխանել են, որ ԱԱԾ աշխատակցին վերագրվող գործողությունները չեն պարունակում քրեական հանցագործության տարրեր։ Հետևաբար, դիմորդի բողոքը չի կազմում հանցագործության մասին հաղորդում և ենթակա չէ քննության Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Նամակում նաև նշվել է, որ այդ հանգամանքները հաստատվել են նաև ԱԱԾ-ից ստացված տեղեկատվությամբ։

Հ. Մանուկյանն անհաջող բողոքարկել է Գլխավոր դատախազության անգործությունը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների դատարանում, ապա՝ Վերաքննիչ քրեական դատարանում։ Այնուհետև վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկել է Վճռաբեկ դատարանում:  2016 թ. մարտի 30-ին Վճռաբեկ դատարանը որոշել է, որ հանցագործության մասին հաղորդումը բացահայտում է տեղեկություններ կոնկրետ քրեական արարքների տարրերի մասին, և որ այդ տեղեկատվության ստուգմամբ կարող են բացահայտվել բավարար հիմքեր՝ քրեական վարույթ հարուցելու համար։ Հետևաբար, գործն ուղարկել է Վերաքննիչ դատարան՝ նոր քննության։

Վերաքննիչ դատարանն արձանագրել է Հրայր Մանուկյանի իրավունքների խախտում, քանի որ քրեական հետապնդման մարմինները բավարար քայլեր չեն ձեռնարկել: Սակայն, 2016թ. հոկտեմբերի 13-ին դատախազը հանցագործության մասին հաղորդումը վերանայելուց հետո, դարձյալ որոշել է մերժել քրեական գործի հարուցումը այն հիմքով, որ ԱԱԾ աշխատակցին վերագրվող գործողությունները չեն պարունակում քրեական հանցագործության տարրեր։ Ավելին՝ դատախազը նշել է, որ Հրայր Մանուկյանի՝ հանցագործության մասին հաղորդման մեջ նկարագրված չեն ենթադրաբար արված կոնկրետ սպառնալիքները։ Բացի այդ, ձայնագրության բովանդակությունը հերքում է զրույցի և քաղաքական կուսակցության, այդ թվում՝ «Ժառանգություն» կուսակցության միջև ցանկացած կապ, և որ զրուցակիցը նշել է՝ համագործակցությունը պետք է հիմնված լինի կամավորության սկզբունքի վրա։

Դրանից հետո Հրայր Մանուկյանը դատախազի որոշումը բողոքարկել է բոլոր ատյաններում և մերժվել է: Դրանից հետո դիմել է ՄԻԵԴ: Մանուկյանի շահերը դատարանում պաշտպանել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը:

Մանուկյանը բողոքել է իր անձնական և ընտանեկան կյանքին անհիմն միջամտության և դրա վերաբերյալ արդյունավետ քննության բացակայության մասին: Մասնավորապես՝ Մանուկյանը պնդել է՝ իր և Վլադիմիր Հակոբյանի միջև զրույցը հստակ հիմքեր է տալիս ենթադրելու, որ իր անձնական կյանքի մասին տեղեկություններ են հավաքվել, մշակվել և օգտագործվել իր վրա ճնշում գործադրելու համար: Նա նաև պնդել է, որ Վլադիմիր Հակոբյանը սպառնալիքներ է հնչեցրել իր, իրեն մոտ գտնվող անձանց և իր քաղաքական կուսակցության վերաբերյալ: Այդ սպառնալիքները Մանուկյանն ընկալել է որպես իրական, և որ դրանք լուրջ հետևանքներ են ունեցել իր համար՝ նշելով, որ ինքը լքել է Հայաստանը և այդ ժամանակվանից ապրում է արտերկրում: Իսկ իր հանցագործության մասին հաղորդումը որևէ հետևանք չի առաջացրել, և որևէ քննություն չի իրականացվել:

Կառավարությունը ՄԻԵԴ-ում պնդել է հակառակը՝ Հրայր Մանուկյանի անձնական և ընտանեկան կյանքին միջամտություն չի եղել: Անկախ նրանից՝ ԱԱԾ-ն հավաքագրել է դիմումատուի մասին անձնական տեղեկություններ, թե՝ ոչ, դա անելը ինքնին միջամտություն չի համարում: Հավաքված տեղեկատվության հետ կապված որևէ գործողություն երբեք չի ձեռնարկվել: Կառավարության ներկայացուցչի կարծիքով, դատախազի կողմից քրեական վարույթ չհարուցելու որոշումը՝ հիմնված հանցագործության մասին հաղորդման և ուղեկցող ձայնագրության գնահատման վրա, ցույց է տալիս, որ գործող իրավական շրջանակը արդյունավետորեն է կիրառվել։

ՄԻԵԴ-ը, հղում անելով նախկինում կայացրած իր վճիռներին, որոշել է, որ պետական ​​մարմնի կողմից որոշակի անձանց վերաբերյալ տվյալների հավաքագրումը և պահպանումը համարվում է անձնական կյանքին միջամտություն: Վլադիմիր Հակոբյանի հայտարարությունները, այդ թվում՝ Հ. Մանուկյանի մասին, գրեթե ամեն ինչ իմանալու նրա պնդումը, արատավորող տեղեկատվության արտահոսքի հնարավորությունը և այլն առնվազն հիմքեր են տալիս ենթադրելու, որ ԱԱԾ-ն հավաքել է Մանուկյանի և նրա քաղաքական կուսակցության մասին զգալի քանակությամբ անձնական տեղեկատվություն: Կառավարությունը չի հերքել այս մեղադրանքները. ընդհակառակը, փաստացի ընդունել է, որ Մանուկյանի մասին հավաքվել են որոշ տեղեկություններ: 

«Դատարանը համոզված չէ Կառավարության այն փաստարկով, որ հավաքված տեղեկատվության հետ կապված երբևէ որևէ գործողություն չի ձեռնարկվել: Փաստորեն, Վլադիմիր Հակոբյանն ակտիվորեն հղում է կատարել այդ տեղեկատվությանը դիմումատուի դեմ սպառնալիքներ հնչեցնելիս: Ամեն դեպքում, պետական ​​մարմնի կողմից անհատի անձնական կյանքին վերաբերող տեղեկատվության պահպանումը համարվում է միջամտություն 8-րդ հոդվածի իմաստով, անկախ նրանից, թե արդյոք տվյալները հետագայում օգտագործվել են, արդյոք դիմորդը որևէ անհարմարություն է ունեցել: Հետևաբար, Դատարանը բավարար հիմքեր է գտնում եզրակացնելու, որ ԱԱԾ-ն հավաքել և պահպանել է դիմորդի մասին անձնական տեղեկություններ: Այս գործողությունները, ինքնին, միջամտություն են կազմել դիմորդի անձնական կյանքին»,- նշված է ՄԻԵԴ վճռում:

ՄԻԵԴ-ը նաև նշել է, որ Վլադիմիր Հակոբյանի կողմից արված սպառնալիքները լուրջ բնույթի էին: Դրանք կարող էին առաջացնել հիմնավորված վախ, անհանգստություն և անորոշության զգացում՝ ազդելով Հրայր Մանուկյանի հոգեկան առողջության և բարեկեցության վրա: Նման սպառնալիքները կարող էին նաև զսպող ազդեցություն ունենալ նրա ազատ և անկախ գործելու ունակության վրա, այդ թվում՝ իր կարիերային, հասարակական կամ քաղաքական գործունեությանը և բնակության վայրին վերաբերող հարցերում: Հատկանշական է, որ այդ իրադարձություններից հետո Հ. Մանուկյանը տեղափոխվել է Նիդեռլանդներ, որտեղ նրան ավելի ուշ ապաստան է տրամադրվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter