
Նորընտիր տեղական իշխանությունների գերխնդիրը գյումրեցու հավատը վերականգնելն է լինելու
«Արտագաղթը, գործազրկությունը, աղքատությունը և անօթևանությունը Գյումրիի հիմնական հիվանդություններն ու խնդիրներն են, որոնք առկա են, և առանց դրանց վերջնական լուծման՝ հնարավոր չէ Հայաստանի մի շատ կարևոր օրգանի առողջացումը,- ասում է «Շիրակ» կենտրոն ՀԿ-ի ղեկավար Վահան Թումասյանը:-Գյումրիի ամբողջական վերականգնումը հանրապետությանը կբերի փառք, պատիվ, մշակույթի և սպորտի ասպարեզում նորանոր նվաճումներ և այլն: Բայց այդ ուղղությամբ կատարվող քայլերը դեռ լիարժեք չեն: Ու քանի դեռ այս խնդիրը կա, Հայաստանը՝ որպես ամբողջական առողջ օրգանիզմ, հնարավոր չէ ընկալել»:
Կառավարության 432 որոշումը աղետի գոտում անօթևանության խնդիրը լուծում է մասնակիորեն: Ըստ այդ չարաբաստիկ որոշման՝ պետությունը բնակարանային կորուստը փոխհատուցում է հենց կորցրածի չափով՝ առանց հաշվի առնելու ընտանիքի անդամների թիվը, որ տարիների ընթացքում աճել է:
Բավական հետաքրքիր տրամաբանությամբ հատկացվող բնակարանի սենյակների թիվը պակասում է, եթե տվյալ ընտանիքի անդամների թիվն է պակասել տարիների ընթացքում, սակայն ավելացման պարագայում՝ բարելավում չի տրվում: Պաշտոնապես հայտարարված 4000 անօթևանի բնակարանային խնդիրը լուծելուց հետո էլ Գյումրիում 3500 ընտանիք կշարունակի բնակվել տնակներում:
Անօթևանների այս խավը հիմնականում բաղկացած է մարդկանցից, ովքեր երկրաշարժից առաջ բնակվել են վարձով և սեփականություն չեն կորցրել: Ընտանիքներ են, որոնք ժամանակին ստացել են փոխհատուցում բնակարանի տեսքով, սակայն կարիքից դրդված՝ վաճառել են և կրկին տեղափոխվել՝ ապրելու տնակներում: Կան նաև այնպիսիները, որոնք Բնակարանների գնման ծրագրով իրենց հատկացված սերտեֆիկատներով կատարել են կեղծ գործարքներ, գումարը ստացել, սակայն բնակարան չեն գնել: Անօթևանների այս բանակը ներկայում համալրում են այն ընտանիքները, որոնց մի մասը, պետությունից փոխհատուցում ստանալով, տեղափոխվելու է քարաշեն կառույց, իսկ մյուս մասը ստիպված է մնալ տնակներում: Անօթևանների այս հատվածի նկատմամբ պետությունը որևէ պարտավորություն չունի:
«Նախորդ տարիներին բնակբաշխումն եղել է անարդարացի, բազմաթիվ խախտումներով: Եթե այն իրականացվեր, ինչպես հիմա է արվում, ապա կոռուպցիան, որ եղել է նախկինում, իսպառ կբացակայեր, ու մենք հաստատ այս քանակությամբ անօթևաններ չէինք ունենա»,- ասում է Վահան Թումասյանը: Նրա ղեկավարած «Շիրակ» կենտրոնն արդեն 4-րդ տարի է, զբաղվում է անօթևանության և բնակարանային իրավունքի խնդիրներով: Հասարակական այս կազմակերպությունն ընդգրկված է Գյումրիում բնակարանների բաշխման պետական ծրագրում: Վահան Թումասյանը բնակբաշխման հանձնաժողովի անդամ է:
«Կարելի է ասել, որ այս ոլորտում ամենամասնագիտացված կազմակերպությունն է դարձել «Շիրակ» կենտրոնը: Ունենք տվյալների հարուստ բազա, գործառույթն իրականացնելու հմտություններ: Մեր շնորհիվ հայտնաբերվում են ընտանքիներ, որոնք իրականում բնակարանի շահառու են և ինչ-որ թղթերի կամ չնչին գումարների պատճառով հատնվել են հերթացուցակերից դուրս մնալու վտանգի առաջ: Մենք ունենք բոլոր անօթևան ընտանիքների, այսպես կոչված, «դոսյեն»: Դա օգնեց մեզ մի շարք անօթևանների բնակարանի խնդիր լուծել անհատ բարերարների միջոցով»,-ասում է Վահան Թումասյանը:
«Շիրակ» կենտրոնի ղեկավարի համոզմամբ՝ Գյումրիում անօթևանության խնդիրն ավելի շուտ կլուծվեր, եթե աշխատանք կատարվեր մի քանի ուղղությամբ: Անհրաժեշտ էր իրականացնել սոցիալական բնակարանների ծրագիր այն անօթևանների համար, ովքեր չեն կարող օգտվել կառավարության 432 որոշումից: Այդ ընտանիքներին հարկավոր էր տալ բնակարան՝ առանց վաճառելու, այսինքն ոչ սեփականության իրավունքով: Դա կկանխեր նաև բնակարանների վաճառքից հետո կրկին տնակներում հայտվելու վտանգը:
«Գյումրիում մենք ունեն մեծահարուստներ, գործարարներ, որ կարող են իրենց կողմից խիստ անապահովների համար բնակարաններ գնել ու նվիրել: Դժվար թե դա իրենց կապիտալի կամ գրպանի վրա էական ազդեցութուն ունենա, որովհետև ինչ-որ շքեղ բաներ չեն գնելու, համեստ բնակարաններ են լինելու 10-15 հազար դոլար արժողությամբ,- ասում է Վահան Թումասյանը:- Կան մարդիկ, որ դուրս են եկել քաղաքից տարիներ առաջ, արտերկրում մեծ բիզնեսներ ունեն և հարկ եղած դեպքում պարծենում են իրենց գյումրեցի լինելով, խոսում թասիբից ու ավանդույթներից: Իմ կարծիքով՝ միայն պարծենալով չպիտի լինի: Նույն այդ մարդիկ, որ խոսում են թասիբից ու իրենց ծագումից, պիտի փորձեն նաև ներդրում ունենալ իրենց քաղաքի զարգացման գործում, փորձեն ձեռք մեկնել այնտեղ բնակվողներին»:
Վահան Թումասյանի համոզմամբ՝ դրա համար ընդամենը պետք է այդ մարդկանց շահագրգռել, չխաբել, արտոնություններ տալ, որ մարդիկ էլ ուզենան բարեգործությամբ զբաղվել, ներդրումներ կատարել: Բնակարաններ կարող էր ձեռք բերել նաև քաղաքապետարանը: Եթե ամեն տարի 70-80 հազար դոլար և ավելի արժեքով մեկ կամ երկու արձան չտեղադրվեր քաղաքում, ապա այդ գումարներով հնարավոր կլիներ տարեկան մոտ 15 ընտանիքի համար բնակարան գնել:
«Եթե մենք մտածենք, որ պրոբլեմն այնքան մեծ է, որ պետք է անընդհատ հետաձգել, ապա խնդիրն երբեք չի լուծվի: Մարդիկ պարզապես կթողնեն ու կգնան, քաղաքը կդատարկվի: Ամոթ է մի ազգի համար, որ ունի սփյուռք, օլիգարխներ, բայց իր երկրում կան աղբարկղեր քանդող, փողոցներում մուրացկանությամբ զբաղվող, տնակներում ապրող աղքատ և սոված մարդիկ: Սա հայ մարդու համար ամոթանք է»,- ասում է Վահան Թումասյանը:
Առաջիկա ՏԻՄ ընտրությունների արդյունքում ձևավորվելիք նոր համայնքապետարանն ու ավագանին պետք է հնարավորինս հետամուտ լինեն այս խնդիրների լուծմանը՝ արտագաղթ, աղքատություն, սով, ընչազրկություն: Սրանք պիտի իսպառ բացակայեն Գյումրիից:
«Նորընտիր տեղական իշխանությունների գերխնդիրը գյումրեցու հավատի վերականգնումը պիտի լինի նախ և առաջ: Օտարացված խմբերի, սոցիալական ծայրահեղ վատ վիճակում գտնվող մարդկանց պետք է վերադարձնել համայնք: Ցույց տալ կոնկրետ գործողություններ, կոնկրետ վերաբերմունք նրանց հանդեպ, նրանց խնդիրների հանդեպ: Երբ օտարացված թողնում ես մարդկանց, օտարացվածությունը վերածվում է ատելության: Շատ մարդկանց հետ, որ զրուցում եմ, զգում եմ, որ նրանց ինքնամեկուսացումը համայքից վեր է ածվել ատելության՝ սեփական երկրի, սեփական համայնքի նկատմամբ,- ահազանգում է Վ. Թումասյանը:- Ավտոկայան կոչվող տնակային ավանի բնակիչների կեսը թուրքերեն գիտի, կեսը՝ արաբերեն: Էնպես չի, որ բոլորն ավարտել են բարձրագույն ուսումնական հաստատությունների օտար լեզվի բաժինը: Կյանքն է ստիպել նրանց տիրապետել այդ լեզվին, այդ երկրների հետ շփումն է այսօր կերակրում նրանց ընտանիքներն, ու այստեղ էնքան էլ էական չէ, թե ինչ տարբերակով: Իհարկե, եթե խորանում ես, հասկանում ես, որ այդտեղ մարմնավաճառությունն էլ կա, առևտուրն էլ կա, իսկ երբ վերլուծում ես, հասկանում ես, որ արմատներն ավելի խորն են: Եթե սեփական հայրենիքդ քեզ չի կերակրում, քեզ չի օժանդակում, ուզես թե չուզես պիտի դիմես օտարին, որ սեփական գոյությունդ պաշտպանես: Սրանով աղճատվում է հայ մարդու, գյումրեցու տեսակը: Թասիբ, արժանապատվություն հասկացությունները հանապազօրյա հացի հայթայթման գործընթացների մեջ զիջում են իրենց դիրքերը»:
«Շիրակ» կենտրոն ՀԿ-ի և ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի շնորհիվ՝ սոցիալապես ծանր վիճակում գտնվող 500 ընտանիք անցած 7-8 ամսվա ընթացքում ստացել է աջակցություն՝ հագուստի ու կոշկեղենի տեսքով: Կենտրոնի հրապարակումների շնորհիվ 10 անօթևան ընտանք բնակարանտեր է դարձել: «Սա նշանակում է՝ ուղիներ կան: Պետք է ընդամենն աշխատել այդ ուղղությամբ»,- ասում է Վահան Թումասյանը:
Մեկնաբանել