HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2027թ. հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների օտարումը

Կառավարությունը հավանություն է տվել «Առևտրի և ծառայությունների մասին» և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունից։

Օրինագծերի մշակումը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, որով որպես շրջակա միջավայրի ոլորտի առաջնահերթ ուղղությունն ամրագրված է մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային արտադրանքի գործածության աստիճանական կրճատումը և արգելումը։

Ինչպես նշել է Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, նախագծերի փաթեթով նախատեսվում է. 2027 թ. հունվարի 1-ից արգելել՝ պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների օտարումը, ինչպես նաև առկայությունը առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում՝ մանրածախ առևտուր իրականացնելիս՝ բացառությամբ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրված աղբի համար նախատեսված պարկերի: Ըստ նախարարի՝ արգելքը կտարածվի նաև 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վրա։ Որպես այլընտրանք դիտարկվում են թղթից և կտորից պատրաստված բազմակի օգտագործման համար նախատեսված տոպրակները։

Արգելվելու է նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի (ափսեներ, բաժակներ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ, ըմպելու կամ խառնելու համար նախատեսված ձողիկներ) առկայությունը կամ օտարումը՝ նույն վայրերում։ Այստեղ ևս սահմանված է բացառություն՝ կշռափաթեթավորման համար օգտագործվող կափարիչով պլաստիկից տարաների համար։ Որպես այլընտրանք դիտարկվում են թղթից և փայտանյութից պատրաստված սպասքը, ինչպես նաև թղթից կամ փայլաթիթեղից պատրաստված տարաները։

Համբարձում Մաթևոսյանը տեղեկացրել է նաև, որ նախագծերով սահմանված արգելքները խախտող տնտեսվարողները կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ 1-ին դեպքում նախազգուշացում, իսկ խախտումների կրկնության դեպքում՝ կնշանակվի 100.000-150.000 դրամ տուգանք։ Վարչական իրավախախտումների վերահսկողությունը վերապահվելու է Շուկայի վերահսկողության տեսչական և Տեղական ինքնակառավարման մարմիններին համատեղ։ «Մեկանգամյա օգտագործման պլաստիկի սպառման սահմանափակումը Հայաստանում ոչ միայն բնապահպանական, այլև քաղաքական, տնտեսական և առողջապահական կարևոր նշանակություն ունի։ Այն համահունչ է նաև վերջին շրջանում քննարկված «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագծի տրամաբանությանը, քանի որ առողջ հասարակություն ունենալը հնարավոր չէ առանց առողջ շրջակա միջավայրի։ Մեկանգամյա պլաստիկ թափոնները համարվում են բնության աղտոտման հիմնական աղբյուրներից, նպաստում են միկրոպլաստիկի կուտակմանը, որը վտանգ է պատճառում թե՛ կենսաբազմազանությանը, թե՛ մարդու առողջությանը։ Այս ամենը ցույց է տալիս, որ շրջակա միջավայրի պահպանությունն ու հանրային առողջության պաշտպանությունը փոխկապակցված գործընթացներ են, և դրանց լուծումը պահանջում է համակարգային մոտեցում ու հետևողական քաղաքականություն»,-ասել է Շրջակա միջավայրի նախարարը՝ հավելելով, որ այս քայլը կներկայացնի Հայաստանը որպես պատասխանատու և կայուն զարգացման սկզբունքներին հավատարիմ պետություն՝ հանդիսանալով հզոր ազդակ միջազգային հանրությանը Հայաստանում անցկացվելիք COP 17 միջազգային համաժողովի նախաշեմին։

Անդրադառնալով թեմային՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս թեմայով պետք է հանրային իրազեկման արշավներ անել, պետք է ամենօրյա ռեժիմով աշխատանք տանել տնտեսվարողների հետ, աջակցության ծրագրեր իրականացնել: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ բովանդակություն պետք է այդ ամենին, որովհետև բոլորս սովոր ենք աշխատել, ապրել պլաստիկի հետ: Այդ համատեքստում վարչապետը կարևորել է մինչև 2027 թ. հունվարի 1-ը այս որոշումը կյանքի կոչելու պլան ունենալու հանգամանքը:

Լուսանկարը՝ pixabay.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter