Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր է
Ներքին գործերի նախարարությունը հիշեցնում է, որ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է։
«Հարգելի՛ վարորդներ, այսօրվանից առանց համապատասխան ձմեռային անվադողերի տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի։
Մասնավորապես, տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե
- թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր,
- սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ 4 միլիմետր և դրանից պակաս է:
Նախատեսված պահանջների խախտման համար գործում են վարչական պատասխանատվության միջոցներ:
ՆԳՆ ոստիկանության առաջնահերթություններից է քաղաքացիների կյանքի և առողջության համար անվտանգ միջավայրի ձևավորումը։
Երթևեկության հարգելի՛ մասնակիցներ, ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է պահպանել երթևեկության անվտանգության կանոնները, ձեռք բերել ձմեռային անվադողեր` թույլատրելի պահպանաշերտով, ցուցաբերել գիտակից, իրավահարգ ու օրինապահ վարքագիծ։
Ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը գործում է մարտի 31-ը ներառյալ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել