Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Աղոթքի նախաճաշ» նախաձեռնության մասնակիցներին
Նոյեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Աղոթքի նախաճաշ» նախաձեռնության առիթով Հայաստան ժամանած օտարերկրյա մի խումբ հյուրերի։ Հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
«Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը բերեց ներկաներին, անդրադարձավ Հայոց Եկեղեցու՝ հայ ժողովրդի կյանքում կարևոր դերակատարությանը՝ նշելով, որ Սուրբ Էջմիածինը նվիրական սրբավայր է համայն հայության համար և պատմության ամենադժվար պահերին օգնել է ազգին հավատով և հույսով դիմագրավելու բոլոր մարտահրավերներին: Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին իբրև Մայր Եկեղեցի իր պատմական առաքելությամբ և հոգածու վերաբերմունքով առանձնակի նշանակություն ունի նաև Հայաստանում ապրող ազգային ու կրոնական փոքրամասնությունների համար։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց նաև հյուրերի հարցերին, որոնք առնչվում էին Եկեղեցու և իշխանության միջև ստեղծված լարվածությանը և հակաեկեղեցական գործողություններին, ի մասնավորի ապօրինաբար ազատազրկված հոգևորականներին ու հայորդիներին առաջադրված անհիմն մեղադրանքներին։
Հանդիպմանը անդրադարձ կատարվեց արցախահայերի ծանր կացությանը և նրանց կարիքներին ուղղված Եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական ծրագրերին, ինչպես նաև Բաքվում պահվող ռազմագերիների ու պատանդառված քաղաքացիական անձանց, արցախահայերի իրավունքների պաշտպանության և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին։
Վերջում «Պահպանիչ» աղոթքով օրհնելով ներկաներին` Նորին Սրբությունը հայցեց, որ Երկնավոր Տերը խաղաղության մեջ պահի համայն աշխարհը և պարգևի ապահով ու բարօր կյանք բոլոր ժողովուրդներին»,- նշվում է հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել