Ժամը 11։00-ի դրությամբ՝ Վաղարշապատում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 7․56%-ը
Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են։ Առավոտյան 11։00-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 7․56%-ը կամ 5283 ընտրող։
Վաղարշապատ համայնքում ընտրական իրավունք ունի 69 հազար 866 քաղաքացի։ Հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
Հիշեցնենք՝ ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ՝ «Հայրենիք», «Քաղաքացիական պայմանագիր», «Ազատ դեմոկրատներ», «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական, «Ժառանգություն», «Հանրապետություն», «Համահայկական ճակատ» կուսակցություններն ու «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը՝ կազմված «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Առաջ» աջակենտրոն կուսակցություններից:
Այս ընտրություններն արտահերթ են, քանի որ 2025թ. մայիսին համայնքի ղեկավարի և ավագանու անդամի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը: Դրանից հետո նախաձեռնվեցին ավագանու արտահերթ ընտրություններ:
Հիշեցնենք՝ «Հետքը» գրել էր, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է սկսել: Այդ նպատակով, գործընկերների օգնությամբ, ձեռք է բերվել համայնքային հողատարածք և, չսպասելով թույլտվություններին, հողային և բետոնացման աշխատանքներ են կատարվել:
Մեր հրապարակումից հետո քրեական վարույթ է նախաձեռնվել: Մեղադրանքներ են առաջադրվել Դիանա Գասպարյանին, ամուսնուն, որը Վաղարշապատ համայնքի ավագանու անդամ է, ինչպես նաև սկեսրոջը:
Այս ընտրություններով միավորվում են Վաղարշապատ և Խոյ համայնքները: Խոյ բազմաբնակավայր համայնքը՝ կազմված 17 բնակավայրից, կազմավորվել է 2021թ. դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում: Նույն օրը կայացած ընտրություններով ձևավորվեց նաև Վաղարշապատ համայնքը՝ կազմված Էջմիածին քաղաքից և Ոսկեհատ գյուղից:
Սակայն, Դիանա Գասպարյանի հրաժարականից հետո Կառավարության նախաձեռնությամբ փոփոխություն կատարվեց «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում, և որոշվեց այս անգամ միավորել Խոյ և Վաղարշապատ համայնքները՝ ձևավորելով 19 բնակավայրից կազմված Վաղարշապատ համայնքը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել