
Վանաձորի քաղաքապետարանն արդեն նույնիսկ գրավոր հարցում չի ընդունում
Վանաձորի քաղաքապետի տեղակալ Նորիկ Սարդարյանը օգոստոսի 20-ի գրությամբ «Հետքի» թղթակցին տեղեկացրել էր. «Ընդունելություն կազմակերպելու համար կարող եք դիմել Վանաձորի քաղաքապետի օգնական Խորեն Գասպարյանին, որը հանդիսանում է լրատվության հետ կապերի պատասխանատու»:
Հաշվի առնելով, որ այս օրերին մամուլի և հանրության ուշադրության կենտրոնում է Վանաձորի մանկապարտեզներում հացի և սննդի չարաշահումների վերաբերյալ խնդիրը, և արդեն հետաքննություն է սկսվել նշված փաստի առթիվ, արագ տեղեկատվություն ստանալու համար քաղաքապետարանին դիմեցինք նախ բանավոր հարցազրույցի խնդրանքով՝ հետևելով Նորիկ Սարդարյանի՝ վերը նշած կարգին:
Լրատվության հետ կապերի պատասխանատու Խորենն Գասպարյանն ասաց, որ կդիմի նույն քաղաքապետի տեղակալին և կփոխանցի նրա պատասխանը: Այսօր առավոտյան էլ տեղեկացրեց, որ պետք է դիմենք միայն գրավոր կարգով: Ժամը 15.48-ին պատրաստվում էի երկու գրավոր հարցում մուտքագրել ընդհանուր բաժնում, որը պարզվեց՝ դարձյալ փակ է: Դիմեցի քարտուղարության բաժնի պետ Հրահատ Նազարյանին, որ նա մուտքագրի հարցումներս: Հարցումներից մեկով խնդրում էի տրամադրել Վանաձորի մանկապարտեզների սննդի և հացի վերաբերյալ վերջին 2 եռամսյակի բոլոր պայմանագրերն ու հաշվետվությունները, մյուսով՝ Ազատամարտիկների նրբանցք 4 հասցեում գտնվող՝ քաղաքապետ Սամվել Դարբինյանի շենքի ճարտարապետաշինարարական փաստաթղթերի փաթեթը:
Հարցումներիս մանրամասն ծանոթանալուց հետո Հրահատ Նազարյանն ասաց, որ չի ընդունում դրանք, քանի որ օրվա վերջում եմ տարել: Նկատեցի, որ դեռ 2 ժամ կա մինչև աշխատանքային օրվա ավարտը: Բաժնի պետն ակնարկեց երեկվա «Հետքի» հրապարակումը, որում ներկայցրել եմ, թե ինչ կողմնակալ վերաբերմունք են դրսևորում քաղաքապետարանի աշխատակիցներն ու ինչպես են խախտում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը:
Ի պատասխան միայն ասացի, որ եթե բանավոր հարցազրույցից ինչ-ինչ պատճառաբանություններով դեռ կարող են հրաժարվել, ապա գրավոր հարցումը չընդունել չեն կարող: Ասաց, որ բաժնի պետն ինքն է, ինքն էլ որոշում է չընդունել:
«Ուր ուզում ես բողոքի»,- ավելացրեց նա: Երբ պնդեցի, որ պատճառաբանի իր որոշումը և իրավական հիմք ներկայացնի, ընդամենը պատասխանեց, որ հարցումն օրենքին համապատասխան չի գրված: Այնուհետեւ Հրահատ Նազարյանը թղթերս շպրտեց և դուրս եկավ աշխատասենյակից:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել