Այսօր՝ Պորտուգալիա-Հայաստան. թիմերը կհանդիպեն 8-րդ անգամ
Այսօր՝ Երեւանի ժամանակով 18:00-ին, Պորտուում կմեկնարկի աշխարհի 2026 թ. առաջնության ընտրական փուլի Պորտուգալիա-Հայաստան հանդիպումը:
Հիշեցնենք, որ թիմերն ընդգրկված են ընտրական փուլի եվրոպական գոտու F խմբում, որտեղ 5 տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Պորտուգալիան, որն ունի 10 միավոր, Հունգարիան վաստակել է 8, Իռլանդիան՝ 7, Հայաստանը՝ 3 միավոր:
ՀՖՖ-ի տեղեկացմամբ՝ Պորտուգալիա-Հայաստան հանդիպումը կսպասարկեն Բոսնիա եւ Հերցեգովինան ներկայացնող մրցավարները։ Գլխավոր մրցավարն Իրֆան Պելտոն է, նրա օգնականներն են Սենադ Իբրիշիմբեգովիչը եւ Դավոր Բելյոն, իսկ չորրորդ պաշտոնյան՝ Միլոշ Գիգովիչը։ VAR սենյակում աշխատելու են Ջիանլուկա Աուրելիանոն եւ նրա օգնական Դանիելե Պատերնան։
Հայտնի է մեր թիմի հայտացուցակն այսօրվա խաղի համար:
Հիշեցնենք, որ մինչ այս Հայաստանն ու Պորտուգալիան ազգային հավաքականների մակարդակով հանդիպել են 7 անգամ, ընդ որում՝ միայն պաշտոնական խաղերում: Աշխարհի 1998 թ. առաջնության ընտրական փուլում՝ 1996-ի օգոստոսի 31-ին, Երեւանում գրանցվեց 0-0, իսկ 1997-ի օգոստոսի 20-ին Սետուբալում դաշտի տերերը հաղթեցին 3-1 հաշվով: Մերոնցից աչքի ընկավ Էրիկ Ասադուրյանը: «Եվրո-2008»-ի ընտրական փուլի շրջանակներում թիմերը նորից հանդիպեցին: 2007-ի օգոստոսի 22-ին Երեւանում գրանցվեց 1-1. մեր թիմից գոլը խփեց Ռոբերտ Արզումանյանը: Նույն տարվա նոյեմբերի 17-ին Լեյրայում պորտուգալացիները հաղթեցին 1-0 հաշվով: «Եվրո-2016»-ի ընտրական փուլում էլ՝ 2014-ի նոյեմբերի 14-ին, Ֆարուում պորտուգալացիները հաղթեցին 1-0, իսկ 2015-ի նոյեմբերի 15-ին Երեւանում գրանցվեց 2-3՝ հօգուտ հյուրերի: Մերոնցից աչքի ընկան Մարկոսն ու Հրայր Մկոյանը: Այս տարվա սեպտեմբերի 6-ին էլ՝ աշխարհի 2026 թ. առաջնության ընտրական ընթացիկ շրջափուլում, պորտուգալացիները Երեւանում հաղթեցին 5-0 հաշվով:
Այսպիսով՝ Հայաստանն ու Պորտուգալիան ազգային թիմերի մակարդակով հանդիպել են 7 անգամ. 2 անգամ գրանցվել է ոչ-ոքի, 5 անգամ հաղթել է Պորտուգալիան: Գոլերի հարաբերակցությունը՝ 14-4՝ հօգուտ Պիրենեյան թերակղզու ներկայացուցիչների:
Հավելենք, որ ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում այս պահին Հայաստանը 104-րդն է, իսկ Պորտուգալիան՝ 5-րդը:
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել