Ժամը 17։00-ի դրությամբ՝ Վաղարշապատում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 36.46%-ը
Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին 17։00-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 36.46%-ը կամ 25 հազար 473 ընտրող։
Վաղարշապատ համայնքում ընտրական իրավունք ունի 69 հազար 866 քաղաքացի։ Հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
Հիշեցնենք՝ ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ՝ «Հայրենիք», «Քաղաքացիական պայմանագիր», «Ազատ դեմոկրատներ», «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական, «Ժառանգություն», «Հանրապետություն», «Համահայկական ճակատ» կուսակցություններն ու «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը՝ կազմված «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Առաջ» աջակենտրոն կուսակցություններից:
Այս ընտրություններն արտահերթ են, քանի որ 2025թ. մայիսին համայնքի ղեկավարի և ավագանու անդամի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը: Դրանից հետո նախաձեռնվեցին ավագանու արտահերթ ընտրություններ:
Հիշեցնենք՝ «Հետքը» գրել էր, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է սկսել: Այդ նպատակով, գործընկերների օգնությամբ, ձեռք է բերվել համայնքային հողատարածք և, չսպասելով թույլտվություններին, հողային և բետոնացման աշխատանքներ են կատարվել:
Մեր հրապարակումից հետո քրեական վարույթ է նախաձեռնվել: Մեղադրանքներ են առաջադրվել Դիանա Գասպարյանին, ամուսնուն, որը Վաղարշապատ համայնքի ավագանու անդամ է, ինչպես նաև սկեսրոջը:
Այս ընտրություններով միավորվում են Վաղարշապատ և Խոյ համայնքները: Խոյ բազմաբնակավայր համայնքը՝ կազմված 17 բնակավայրից, կազմավորվել է 2021թ. դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում: Նույն օրը կայացած ընտրություններով ձևավորվեց նաև Վաղարշապատ համայնքը՝ կազմված Էջմիածին քաղաքից և Ոսկեհատ գյուղից:
Սակայն, Դիանա Գասպարյանի հրաժարականից հետո Կառավարության նախաձեռնությամբ փոփոխություն կատարվեց «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում, և որոշվեց այս անգամ միավորել Խոյ և Վաղարշապատ համայնքները՝ ձևավորելով 19 բնակավայրից կազմված Վաղարշապատ համայնքը:
Հ.Գ. 17։00-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը խմբագրվել է՝ 25 հազար 655-ից դառնալով 25 հազար 473, քանի որ ԿԸՀ-ից հայտնել են, որ տեխնիկական խնդրի պատճառով մեկ տեղամասից սխալ թիվ է փոխանցվել ԿԸՀ-ին։
Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի, «Հետք»
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել