ՄԻՊ-ը ներկայացրել է «Մարտի 1-ի» իրադարձությունների համատեքստում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ դիտարկումները
Նոյեմբերի 18-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Ազգային ժողովում տեղի ունեցած ««Մարտի 1-ի գործի» վերաիմաստավորումը «Ֆարմայանը և այլք ընդդեմ Հայաստանի»» գործով կայացված վճռի լույսի ներքո խորհրդարանական լսումներին և հանդես եկել բացման խոսքով: Լսումները կազմակերպել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Պաշտպանը ներկայացրել է «Մարտի 1-ի» իրադարձությունների համատեքստում մարդու հիմնարար իրավունքների խախտումների վերաբերյալ ՄԻՊ դիտարկումները, գնահատականները և անհրաժեշտ եզրահանգումները։
Իր ելույթում Մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել քննարկման նախաձեռնման համար՝ ընդգծելով բարձրացված հարցերի արդիականությունն ու կարևորությունը․ «Շնորհակալ եմ նման կարևորագույն ու առանցքային թեմայով հանրային քննարկում կազմակերպելու համար: Նշված հարցադրումն իր մեջ պարունակում է մարդու իրավունքներին առնչվող լուրջ և առանցքային հիմնախնդիրներ, որոնք միանշանակ պետք է դառնան հանրային քննարկման առարկա»։
Ընդգծելով մարտի 1-յան իրադարձությունների ողբերգականությունը՝ Անահիտ Մանասյանը հավելել է․ «Այս իրադարձություններն այնպիսին էին, որ ողբերգականության տեսանկյունից բացառիկ էին համանման դեպքերի համատեքստում։ Թեև առավել հաճախ այս համատեքստում քննարկման առանցքում են կյանքի իրավունքի հետ կապված հարցերը, ես որպես Մարդու իրավունքների պաշտպան կխոսեմ նաև այլ հիմնարար իրավունքների խախտումների մասին»։
Պաշտպանը հատուկ անդրադարձել է խաղաղ հավաքների ազատության իրավունքին միջամտությանը՝ նշելով․ «Ուզում եմ նախ արձանագրել հավաքների ազատության իրավունքի հետ կապված խնդիրները և այդ իրավունքին միջամտությունը։ Այս փուլում արդեն կարելի է արձանագրել, որ պետական իշխանության կողմից բավարար և անհրաժեշտ տեղեկատվություն չի ներկայացվել այն մասին, որ միջամտությունը եղել է իրավաչափ»։
Խոսելով ուժի կիրառման համաչափության մասին՝ Պաշտպանը նշել է․ «Հարկ է ընդգծել, որ բավարար և անհրաժեշտ հիմնավորումներ մինչ այժմ չեն ներկայացվել և այն մասին, որ կիրառված ուժը եղել է համաչափ։ Ավելին՝ գործողությունները իրականացված չեն եղել այն տրամաբանությամբ, որ հնարավորինս նվազագույն վնաս և բացասական հետևանքներ հասցվեն քաղաքացիներին»։
Պաշտպանը հիշեցրել է, որ դեռևս 2008 թվականին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բազմաթիվ այցեր է իրականացրել ազատությունից զրկման վայրեր՝ արձանագրելով մի շարք խախտումներ․ «Ձեռք է բերվել լուրջ տեղեկատվություն անձանց նկատմամբ կիրառված բռնությունների, վատ վերաբերմունքի դեպքերի և այլ խախտումների մասին, ինչը ևս պետք է դառնա քննարկման առարկա»։
Անդրադառնալով Պաշտպանի աշխատակազմի ներկայացրած պաշտոնական հարցադրումներին՝ Անահիտ Մանասյանը հավելել է․ «Շատ կարևոր է արձանագրել, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը դեռևս 2008 թվականին է պետական իշխանություններին հրապարակային ձևաչափով ներկայացրել մի շարք լուրջ հարցադրումներ։ Սակայն այդ հարցադրումների պատասխանները մինչ այսօր բացակայում են»։
Խոսելով քննության արդյունավետության մասին՝ նա ընդգծել է․ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այս ուղղությամբ ունի հստակ դիրքորոշումներ, և այո՛, պետք է արձանագրել, որ քննության արդյունավետության հետ կապված առկա են մի շարք լուրջ խնդիրներ»։
Ելույթի ավարտին Պաշտպանը կարևորել է անցյալից հետևություններ անելու և նման իրավիճակներ ապագայում բացառելու անհրաժեշտությունը․ «Մենք պետք է կարողանանք քաղել դասեր այս իրադարձություններից՝ այն տրամաբանությամբ, որ դրանք այլևս երբևէ չկրկնվեն: Պետության պատասխանատվությունը պետք է լինի բացառել մարդու իրավունքների համանման խախտումները ապագայում և ապահովել, որպեսզի մարդու իրավունքների ցանկացած խախտման դեպքում իրականացվի հստակ քննություն և իրացվեն պատասխանատվության մեխանիզմները»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել