HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նախկին պատգամավորի դեմ ներկայացրած Դատախազության հայցը մերժվել է․ անցել է վաղեմության ժամկետը

Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Աբովյան համայնքի և նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու մասին։ Դատախազությունը բաց է թողել հայցային վաղեմության ժամկետը։

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ Ֆիլիանա Բելլույանը հայցադիմումը դատարան ներկայացրել է 2025թ․ հուլիսին:

Դատական գործի նյութերից պարզվում է, որ Քննչական կոմիտեում քննվել է քրեական գործով։ Պարզվել է, որ Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի հետ ունեցել է բարիդրացիական հարաբերություններ։ Ինչպես նաև Կ. Գուլոյանը կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին չհարկադրվելով (Գ. Ծառուկյանը Գուլոյանի կնոջ հայրն է) մասնավորեցման ոչ ենթակա, Աբովյան համայնքի գլխավոր հատակագծում որպես ջրավազան և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասն ապօրինի օտարել է Մելիք Մանուկյանին:

Մոտ 1837 քմ հողատարածքի և 1545 քմ մակերեսով ջրավազանի նկատմամբ կազմվել է Աբովյան համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական, որում հողատարածքի նպատակային նշանակությունը նշված է «բնակավայրերի», օգտագործման նպատակը՝ «հասարակական կառուցապատման»: Այնուհետև Կարապետ Գուլոյանը 2012թ․ օգոստոսի 7-ին հրավիրված ավագանու նիստի ընթացքում քննարկման է ներկայացրել Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցի 1/21 հասցեում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող ջրավազանը և դրա պահպանման ու սպասարկման համար առաձնացված հողամասն աճուրդով օտարելու համաձայնություն ստանալու հարցը, ինչին ավագանին համաձայնություն է տվել։

Մելիք Մանուկյանը հայտ է ներկայացրել ջրավազանի և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասի՝ աճուրդով վաճառքին մասնակցելու համար։ Ըստ գործի նյութերի՝ երկրորդ անձի ձևական մասնակցությունն աճուրդին ապահովելու համար 2012թ․ օգոստոսի 21-ին հայտ է ներկայացրել Մելիք Մանուկյանին պատկանող «Սարանիստ» ՍՊԸ-ի աշխատակից Վազգեն Եղիազարյանը: 2012 թվականի սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել նշված անշարժ գույքը վաճառելու վերաբերյալ ձևական աճուրդ, որի ընթացքում Մելիք Մանուկյանը, աճուրդային մեկ քայլ կատարելով, ճանաչվել է հաղթող՝ առաջարկելով 8 մլն 316 հազ․ դրամ։

Տարածքն օտարվել է Մելիք Մանուկյանին: 2012թ. սեպտեմբերի 26-ին վերջինիս տրվել է սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական:

Մելիք Մանուկյանն Ազգային ժողովի նախկին պատգամավոր է։ Վերջին անգամ այդ պաշտոնում ընտրվել է 2017թ․ ապրիլի 2-ին՝ «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ցուցակով։

2025թ․ սեպտեմբերին Մելիք Մանուկյանի ներկայացուցիչը դատարան է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն, ըստ որի՝ լրացել են հայցային վաղեմության ժամկետները: Աճուրդը, որի անվավեր ճանաչելու պահանջ է ներկայացրել Դատախազությունը, կայացել է 2012թ. օգոստոսի 21-ին, մինչդեռ վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման և դրա անվավերության հետևանքների կիրառման մասին հայցը կարող էր ներկայացվել մեկ տարվա ընթացքում, երբ իմացել կամ պարտավոր էին իմանալ գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին։ Այսինքն՝ Դատախազությունը այդ ժամկետում միայն կարող էր աճուրդն անվավեր ճանաչելու հայց ներկայացնել։

Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմում է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու վճիռ կայացնելու համար:

Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուդոլֆ Ավագյանի, արձանագրել է, որ Գլխավոր դատախազությունը, հանդիսանալով միասնական համակարգ, 2022թ․ հոկտեմբերից՝ Քննչական կոմիտեի քննիչ Ա. Գևորգյանի՝ «Իրեղեն ապացույց ճանաչելու և պահպանության հանձնելու» որոշման կայացման պահից, իմացել է կամ պարտավոր էր իմանալ համայնքի գույքային շահի խախտման մասին, քանի որ նշված որոշմամբ պարզվել է, որ վեճի առարկա հանդիսացող հողամասը՝ ըստ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակությամբ հողամաս է և օտարման ենթակա չի եղել:

Դատարանն արձանագրում է, որ Դատախազությունը, իմանալով նշված տեղեկությունների մասին, այդ պահից սկսած պետք է ձեռնարկեր պետության /համայնքի/ իրավունքի ենթադրյալ խախտման հարցում հաստատապես համոզվելու համար բավարար տեղեկություններ ձեռք բերելուն ուղղված ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություններ՝ զերծ մնալով «անբարեխիղճ» պասիվ վարքագծից: Մասնավորապես այն նույն գործողությունը, որը Դատախազությունն արել է 2025թ. փետրվարին, պետք է ձեռնարկվեր ավելի վաղ, իսկ Դատախազությունը համայնքի իրավունքի ենթադրյալ խախտման հարցում հաստատապես համոզվելու վերաբերյալ գործողություններ սկսել է ձեռնարկել շուրջ երկու տարի անց: Մինչդեռ Դատախազությունը ժամկետի սկիզբ է հաշվում 2025թ․ փետրվարը։

Հիմք ընդունելով նշված հանգամանքը՝ դատարանը հոկտեմբերի 28-ին վճռել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Աբովյան համայնքի և Մելիք Սարիբեկի Մանուկյանի՝ աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին մերժել՝ հայցային վաղեմություն կիրառելու հիմքով։

Նշենք, որ վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում էլ կարող է բողոքարկվել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter