Փաշինյանն ընդունել է Առաջնորդության համաշխարհային հիմնադրամի նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Առաջնորդության համաշխարհային հիմնադրամի նախագահ, Նոր Զելանդիայի նախկին վարչապետ, ՄԱԿ զարգացման ծրագրի նախկին ղեկավար Հելեն Քլարկին։ Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։
«Վարչապետը ողջունել է վերջինիս այցը Հայաստան և բարձր գնահատել Առաջնորդության համաշխարհային հիմնադրամի գործունեությունը։ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ հիմնադրամի հետ կստեղծվի սերտ համագործակցություն։
Հելեն Քլարկը նշել է, որ Հայաստանում է՝ «Հանքարդյունաբերության ոլորտների թափանցիկության նախաձեռնության» (EITI) խորհրդի հանդիպմանը մասնակցելու համար և նշել, որ հիմնադրամի նպատակն է աջակցել ժողովրդավարական քաղաքական առաջնորդությանը և լավ կառավարմանը՝ նախկին առաջնորդների փորձը հասանելի դարձնելով ներկայիս առաջնորդների համար։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային տնտեսական համագործակցության ընդլայնման և հաղորդակցային ուղիների ապաշրջափակման հետ կապված հարցերը, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» և TRIPP նախաձեռնությունները»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել