Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման համակարգում արդյունավետության խթանմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության շրջանակում պետական կառավարման համակարգում կատարողականի գնահատման և դրա հիմքով խրախուսման պիլոտային ծրագրի նախագծին վերաբերող հարցեր: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։
«Ներկայացվել է, որ ծրագիրն ուղղված է լինելու հանրային ծառայության համակարգի մրցունակության բարձրացմանը, ինստիտուցիոնալ արդիականացմանը, կատարողականի գնահատման միջոցով պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը: Մանրամասներ են ներկայացվել պիլոտային ծրագրի սկզբունքների, շրջանակի և շարունակականության վերաբերյալ: Ընդգծվել է, որ պիլոտային ծրագրի եզրակացությունները հիմք կդառնան 2026թ․ ընթացքում օրենսդրական վերանայումների համար:
Խորհրդակցության մասնակիցները ծրագրի վերաբերյալ ներկայացրել են տարբեր դիտարկումներ, տեսակետներ ու առաջարկություններ:
Վարչապետը կարևորել է պետական կառավարման համակարգում մարդկային ռեսուրսների ու կարողությունների բարելավմանն ուղղված քայլերը և այս համատեքստում ընդգծել որակավորման բարձրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման անհրաժեշտությունը: Քննարկման արդյունքներով՝ երկրի ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել է հնչեցված առաջարկությունների հիման վրա լրամշակել նախագիծը և ներկայացնել Կառավարության հաստատմանը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել