«Հայկական ժամանակ». նեմցի վզյալի Ավան
Վերջին օրերին լուրեր են հասնում Երեւանի Ավան թաղամասից այն մասին, որ ստորագրահավաք է իրականացվում Ռուբեն Հայրապետյանին «փոշմանեցնելու» բովանդակությամբ: «ՀԺ»-ն ստուգեց, լուրերը հաստատվեցին, եւ ստորագրահավաքը թափ է հավաքում: Տեքստը, որի տակ պետք է հնարավորինս շատ ստորագրություն հավաքվի, շատ նման է այն նամակին, որ մի քանի շաբաթ առաջ ստորագրել էին մի քանի «մտավորականներ»: Այսինքն` խնդրում են Ռուբեն Հայրապետյանին, որ նա ԱԺ նախագահից ետ վերցնի մանդատը վայր դնելու մասին դիմումը, քանի որ ազգն իրեն «ընտրել է, վստահում է... » եւ նմանատիպ լոլոներ:
Հայտնի է նաեւ մեխանիզմը, թե ինչպես է իրականացվում այդ ստորագրահավաքը: Ստորագրություններ հավաքելը հանձնարարվել է ընտրությունների ժամանակ ընտրատեղամասեր «մարդ բերող» ՀՀԿ-ական հայտնի բանդաներին, որոնք բաղկացած են ոչ միայն թաղային կրիմինալից, այլեւ ԺԷԿ-երի ու մանկապարտեզների աշխատողներից, ուսուցիչներից եւ այլն: «ՀԺ»-ի ունեցած տեղեկություններով՝ այս պահին կա այդպիսի մոտ 30 բանդա, որոնցից յուրաքանչյուրը պետք է հազարական ստորագրություն հավաքի:
Ինչպես ընտրությունների ժամանակ, այնպես էլ հիմա, նրանք մտնում են տները ու ստորագրվելիք հայտարարությունը դնում սեղանին: Մեկին համոզելով, մյուսին ինչ-որ բան խոստանալով, երրորդին վախեցնելով ստորագրությունները հավաքվում են: Ընտրությունների ժամանակ մարդիկ որոշակի շանս ունեին այդ բանդաներին դիմագրավելու. նրանց նստեցնում էին մեքենա, տանում ընտրատեղամաս, բայց շատ դեպքերում քվեախցիկ մտնողները չէին կատարում այդ բանդաների հրահանգները եւ քվեարկում էին իրենց նախընտրելի թեկնածուի օգտին: Հիմա ստորագրահավաքը «բաց է ու թափանցիկ»:
Եվ այդ պայմաններում նախատեսված թվով ստորագրություն հավաքելը այդ բանդաների համար, թերեւս, դժվար չի լինի: Ընդամենը հիշեցնենք, որ ի պաշտպանություն Ախթալայում երկարուձիգ տարիներ ակտիվ «գործունեություն» ծավալած հայտնի մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի (նկարում ձախից)՝ բավական արագ հավաքվեց մի քանի հարյուր ստորագրություն: Ընդ որում, ստորագրողների մեջ կային նաեւ մանկապիղծի զոհերի ծնողներ:
Այն, որ Ավանում ստորագրահավաքը սկսվել է հենց իշխանական վերնախավի «դաբրոյով», ոչ մի կասկած չի հարուցում: Նախ՝ այդ բանդաները երբեք, ոչ մի պարագայում ինքնուրույն չեն գործում: Եվ երկրորդ՝ քրեական գործի «քննության» ընթացքն ակնհայտորեն գնաց այն ուղղությամբ, որպեսզի իսպառ բացառվեն «Հարսնաքարի» դեպքին Նեմեցի մասնակցության բացահայտման բոլոր հնարավորությունները:
Փաստաբանների բոլոր, մեղմ ասած, տրամաբանական միջնորդությունները մերժվեցին մի առանձնահատուկ ցինիզմով: Եթե Նեմեցն իրոք չի հրահանգել, որ «Հարսնաքարում» ծեծեն ռազմաբժիշկներին, ապա թե ինքը, թե նախաքննական մարմինը պետք է առանց որեւէ խնդրի բավարարեին միջնորդությունները եւ ստուգեին դրանցում մատնանշած փաստերը: Կստուգեին, կապացուցեին, որ Հայրապետյանը ոչ մեկին ծեծելու հրահանգ չի տվել, որ ռազմաբժիշկներին ծեծողներն ու Վահե Ավետյանին սպանողները ոչ թե Հայրապետյանի անձնական թիկնապահներն են, որոնք իրենց շեֆից քայլ անգամ հեռու չեն գնում, այլ ընդամենը «Հարսնաքարի» աշխատակիցներն են:
Մի խոսքով, այս ամենից ուղղակիորեն հետեւում է, որ իշխանությունը որոշել է «փոշմանեցնել» Նեմեցին: Ընդամենը հիշեցնենք, որ վերջինս «փոշմանելու» հարցում մրցակիցներ չունի: Նա որոշել էր չառաջադրել իր թեկնածությունը մայիսի 6-ի ԱԺ ընտրություններում, հետո փոշմանեց, առաջադրեց: Հետո բոլորին հրավիրում էր իր հետ բանավիճելու, հետո փոշմանեց ու մերժեց բանավիճելու բազմաթիվ առաջարկներ: Այս պարագայում ԱԺ մանդատը վայր դնելու հարցում փոշմանելու ոչ մի բարդույթ, կարծում ենք, նա չի ունենա: Իսկ որպես դրա հիմնավորում պետք է ներկայացվի «հասարակական պահանջը»: Ստորագրահավաքը հենց այդ «հասարակական պահանջի» դրսեւորումը պետք է դառնա:
Հնարավոր է, որ հանրային դժգոհության նոր ալիքի կանխատեսմամբ` ստորագրահավաքը որոշեն դադարեցնել: Առաջիկա օրերին դա կպարզվի:
Հ.Գ. Երեկ հայտնի դարձավ, որ «Հարսնաքարի» գործով դատավարությունը կնախագահի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հրաչյայի Հարությունյանը: Այս մասին տեղեկացանք «Դատալեքս» դատական տեղեկատուից: Ըստ պաշտոնական կենսագրության՝ Հարությունյանը 2010 թվականին է ավարտել ՀՀ դատական դպրոցը եւ անցած տարվա հոկտեմբերի 17-ին է Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել դատավոր: Ստացվում է, որ «Հարսնաքարի» բարդ գործը պետք է վարի «նավիչոկ» դատավորը, որը նույնիսկ մեկ տարվա դատական փորձ էլ չունի: Այս հանգամանքը կարող է եւս մեկ ապացույց հանդիսանալ այն բանի, որ դատաքննության ընթացքն ու ելքն արդեն իսկ որոշված են, եւ աղմկահարույց գործից գլուխ հանելու համար դատավորի մասնագիտական ունակությունների ու փորձի անհրաժեշտություն ընդհանրապես չկա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել