ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձ
Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ օրերս Իրանի Իսլամական Հանրապետությունից «Ագարակ» մաքսային անցման կետ ժամանած երեք բեռնատար
տրանսպորտային միջոց ենթարկվել է մաքսային զննության:
«Ռենտգեն զննող սարքավորման միջոցով ստացված պատկերների արդյունքում պարզվել է, որ բեռնատարներում, որոնք մեկ ներկրողի միջոցով պետական սահմանով ցեմենտ են տեղափոխել, առկա է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտային արտադրանք:
Ծխախոտները թաքցվել են ցեմենտի բունկերների տակ` զոդման եղանակով նախապես պատրաստված թաքստոցներում: Ստացված տեղեկությունների համաձայն՝ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության թիվ 14 բաժնի աշխատակիցները հատուկ կտրող գործիքի օգնությամբ բեռնատարների
թաքստոցներից դուրս են բերել առանց ակցիզային մակնշման ընդհանուր 6530 տուփ ծխախոտ:
Ոչ օրինական ճանապարհով ծխախոտի ներմուծման փորձը կանխվել է, իսկ հայտնաբերված ծխախոտներն առգրավվել են: ԻԻՀ երեք քաղաքացու նկատմամբ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի համապատասխան հոդվածի հատկանիշներով կազմվել են մաքսային արձանագրություններ:
Դեպքին առնչվող նյութերն ուղարկվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով:
Նշենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում «Ագարակ» մաքսային անցման կետում կանխվել է չհայտարարագրված և մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր 31 830 տուփ ծխախոտի ներկրման փորձեր»,- նշված է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել