HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Սևան ազգային պարկին՝ լուծելու «Հարսնաքար»-ին տրված հողի վարձակալության պայմանագիրը

Գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ միջնորդագիր է ուղարկել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ ՊՈԱԿ-ի և «Նորալուսին» ՍՊ ընկերության միջև 2002 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված՝ 2,8 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու, հողամասի վրա ամրակայված գույքերը «Սևան ազգային պարկ»-ին օտարելու և վարձակալի կողմից հողամասն ազատելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: 

«Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և «Նորալուսին» ՍՊ ընկերության միջև 2002 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված՝ 2,8 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը և հայտնաբերել մի շարք խախտումներ:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է․ 

  • Վարձակալության պայմանագրի կնքման որևէ հիմք առկա չի եղել: Մասնավորապես՝ մրցույթի արձանագրության վերաբերյալ տվյալները չեն նշվել պայմանագրում, և արձանագրությունն առկա չէ, ինչը նշանակում է, որ մրցույթ չի անցկացվել: 
  • «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը, ի պատասխան Գլխավոր դատախազության հարցման, տեղեկացրել է, որ 2025 թվականի սեպտեմբերի 10-ին ծանուցում է ուղարկել «Հարսնաքար» ՍՊԸ-ին՝ գույքի կադաստրային արժեքի փոփոխության վերաբերյալ, այն դեպքում, երբ Կադաստրի կոմիտեից ստացված տեղեկության համաձայն, գույքի կադաստրային արժեքը փոխվել է 2021 թվականից (Սևան քաղաքի Երևանյան խճուղի 48/6 հասցեի կադաստրային արժեքը կազմում է 452 միլիոն 944 հազար դրամ): Պայմանագրով սահմանված տարեկան վարձավճարը կադաստրային արժեքի 1.61 տոկոսն է, հետևապես, 2021 թվականի հունվարից մինչ ՊՈԱԿ-ի կողմից ծանուցումն ուղարկելու օրը՝ 2025 թվականի սեպտեմբերի 10-ը, ՊՈԱԿ-ը չի ստացել կադաստրային արժեքի փոփոխության արդյունքում ձևավորված վարձավճարը, որը տարեկան կազմում է 7 միլիոն 292 հազար դրամ (2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածի համար ընդհանուր վարձավճարը կազմում է շուրջ 34 միլիոն 600 հազար դրամ): 
  • «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք ՍՊԸ-ի հետ կնքված վարձակալության պայմանագիրը սահմանված ժամկետի ավարտից հետո դադարեցնելու և պայմանագրով նախատեսված՝ պետությանը պատկանող հողատարածքի վրա կառուցված շենքերը, շինությունները ՊՈԱԿ-ին օտարելու կամ դրանք ՊՈԱԿ-ի պահանջով թողնելու և հողամասը վարձակալի կողմից ազատելու ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկել:

Ուսումնասիրության արդյունքներով հայտնաբերված խախտումների հիմքով՝ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե: Հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոնեական հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Միաժամանակ, Գլխավոր դատախազությունը միջնորդագիր է ուղարկել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ ՊՈԱԿ-ի և «Նորալուսին» ՍՊ ընկերության միջև 2002 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված՝ 2,8 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու, հողամասի վրա ամրակայված գույքերը «Սևան ազգային պարկ»-ին օտարելու և վարձակալի կողմից հողամասն ազատելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: 

Հիշեցնենք, որ Դատախազությունը ևս մեկ միջնորդագիր է ուղարկել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ Դրախտիկում գտնվող՝ Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կնոջ մոր անունով գրանցված անշարժ գույքերի վերաբերյալ պայմանագրերը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Այս ուսումնասիրության արդյունքներով ևս Հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոնեական հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter