HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախատեսվում է ապահովել փախստականների համար երկարաժամկետ բնակարանային լուծումներ

Կառավարությունը հավանություն է տվել 2025 թ. հոկտեմբերի 30-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Կենսունակության բարելավման և հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) ծրագրի դրամաշնորհային համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Ծրագրի նպատակն է զարգացնել կայուն, դիմացկուն և ներառական բնակարանային համակարգ Հայաստանում՝ աջակցելով փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը և բարեկեցությանը։ Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի կողմից տրամադրվող դրամաշնորհային միջոցները կազմում են 16,450,000 ԱՄՆ դոլար, որն ուղղված է լինելու վարկային ծրագրի համաֆինանսավորմանը։ Ծրագիրը նպատակաուղղված է բնակարանային քաղաքականության երկարաժամկետ զարգացմանը և դրա իրականացման գործընթացների կատարելագործմանը։ Նախատեսվող ֆինանսավորումը կիրականացվի փուլ առ փուլ՝ սահմանված ցուցիչների և դրանց համապատասխան արդյունքների կատարմամբ։ «THRIVE» ծրագրի շրջանակում նախատեսվում է ապահովել շուրջ 109,000 էթնիկ հայ փախստականների համար երկարաժամկետ բնակարանային լուծումներ:

Հավանություն է տրվել 2025 թ. հունիսի 30-ին ստորագրված «Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքի վերաբերյալ» շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Համաձայնագրի վավերացումը կտրամադրի հարթակ խոշոր կատվազգիների պաշտպանության և պահպանման ոլորտում լավագույն փորձի, հետազոտությունների և զարգացման, իրազեկության բարձրացման և այլնի վերաբերյալ տեղեկատվության տարածման համար, ինչպես նաև հնարավորություն կընձեռի մաս կազմելու մասնագիտացված գլոբալ միավորման, որի հիմնական նպատակն է լինելու աշխարհի խոշոր կատվազգիների պաշտպանությունն և պահպանությունը:

Կառավարությունը հավանություն է տվել 2025 թ. հուլիսի 22-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության կառավարությունների միջև մշակութային արժեքների հափշտակումը, անօրինական պեղումները և ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը կանխելու և դրանք իրենց ծագման երկիր ռեստիտուցիայի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Համաձայնագիրը կնպաստի երկու երկրների մշակութային ժառանգության և համայն մարդկությանը պատկանող մշակութային ժառանգության պահպանմանն ու պահպանությանը և պատշաճ կերպով պաշտպանվածությանը: Համաձայնագրի շրջանակում տեղեկություններ կփոխանակվեն հետաքրքրություն ներկայացնող մշակութային արժեքների հափշտակման, անօրինական պեղումների և ապօրինի ներմուծման, արտահանման, տարանցման կամ դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման, ինչպես նաև առգրավման, աճուրդների և վաճառքի իրականացման դեպքերի ու միջադեպերի վերաբերյալ: Համաձայնագրի շրջանակում կիրականացվեն մասնագետների փոխանակման ու վերապատրաստման ծրագրեր՝ ապօրինի տեղաշարժի կանխման, մշակութային արժեքների իրենց ծագման երկրներ ռեստիտուցիայի և վերադարձնելու ոլորտում:

Գործադիրի հավանությանն է արժանացել 2014 թ. սեպտեմբերի 18-ին Մագլինգեն/Մաքոլինում ստորագրված «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Կոնվենցիան միտված է կանխել արդյունքների արհեստական փոփոխումը, պահպանել մրցումների անկանխատեսելի բնույթը, ինչն առանցքային է արդար խաղի և սպորտի հեղինակության համար: Կոնվենցիայի համաձայն՝ յուրաքանչյուր կողմ մարզական կազմակերպություններին, մարզական խաղադրույքների օպերատորներին, մրցույթների կազմակերպիչներին և յուրաքանչյուր այլ կազմակերպությանը խրախուսում է մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարելու համար սահմանել ընթացակարգեր և կանոններ ու անհրաժեշտության դեպքում ձեռնարկում է այնպիսի օրենսդրական կամ այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են նպատակին հասնելու համար։ Խրախուսում են նաև մարզական կազմակերպություններին ընդունել և իրականացնել համապատասխան միջոցառումներ՝ ապահովելու մեքենայությունների ռիսկի ենթակա մրցումների արդյունավետ մշտադիտարկում, կասկածելի գործունեության անհապաղ զեկուցում համապատասխան մարմիններին: Նախատեսվում է ստեղծել նաև հսկիչ հանձնաժողով, որի կազմում ներգրավվում են տարբեր ոլորտների՝ սպորտի, իրավապահ և խաղադրույքները վերահսկող մարմինների ներկայացուցիչներ, ինչն ապահովում է լայն և համալիր մոտեցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter