HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձերբակալվել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ղեկավարներ և մասնակիցներ

Քննչական կոմիտեից հայտնում են, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված վարութային, ինչպես նաև ԱԱԾ աշխատակիցների հետ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ռ.Պ.-ն ղեկավարել է քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորում:
«Հիշյալ ապօրինի գործընթացի ընթացքում Ռ.Պ.-ն իր անօրինական ազդեցությունն օգտագործելով, մասնավոր հարցին առնչվող վեճը լուծելու համար քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներին տվել է հանձնարարություններ, իրականացրել քրեական պարզաբանումներ՝ խմբի կազմում ընդգրկելով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Գ.Հ.-ին:

Վ.Բ.-ն հանդիսանալով Պ.Գ.-ի կողմից ստեղծված և ղեկավարվող քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման անդամ, տեղեկանալով մեկ անձի կողմից մյուսին 150 հզր ԱՄՆ դոլար պարտք ունենալու մասին, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ռ.Պ.-ի մոտ պարտավորություն է ստանձնել 2025 թվականի հուլիսի 20-ից մինչև 2025 թվականի հուլիսի 25-ն ընկած ժամանակահատվածում նշված մասնավոր հարցը անօրինական եղանակով լուծելու վերաբերյալ, սակայն խոստացված ժամանակահատվածում չի կատարել իր կողմից ստանձնած պարտավորությունը:

Ռ.Պ.-ն տեսնելով, որ տևական ժամանակ Վ.Բ.-ն չի կատարում խոստումը, իր անօրինական
ազդեցությունն օգտագործելու միջոցով նշված մասնավոր հարցին լուծում տալու, միաժամանակ իր քրեական հեղինակությունը պահպանելու և ընդգծելու, իրեն տրված խոստումը չկատարելու համար պատժելու նպատակով, հանձնարարել է իր ղեկավարած խմբավորման մեկ այլ անդամ, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Գ.Հ.-ին՝ հաշվեհարդար տեսնել Վ.Բ.-ի հետ։

Գ.Հ.-ն կատարելով խմբավորման ղեկավար Ռ.Պ.-ի հրահանգը, վերը նշված հանցավոր նպատակներն իրագործելու համար 2025 թվականի հուլիսի 26-ից 30-ն ընկած ժամանակահատվածում բռնություն է գործադրել Վ.Բ.-ի նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ա.Հ.-ն հանդիսանալով մեկ այլ՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ
ունեցող Պ.Գ.-ի կողմից ստեղծված և ղեկավարվող քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման անդամ, 2025 թվականի հուլիսի 30-ին Վ.Բ.-ի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում վերջինից տեղեկանալով Ռ.Պ.-ի հետ առկա վեճի մասին՝ այդ մասին հայտնել է Պ.Գ.-ին:

Այնուհետև, Պ.Գ.-ն Ռ.Պ.-ի և Վ.Բ.-ի միջև առաջացած վեճը հարթելու, այդ կերպ իր և իր
ղեկավարած խմբավորման քրեական հեղինակությունը բարձր պահելու նպատակով 2025 թվականի օգոստոսի 20-ին Երևան քաղաքում գտնվող իր հավաքատեղիում հանդիպել է Վ.Բ.-ի հետ:

Հանդիպման ընթացքում վերջիններիս միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել Վ.Բ.-ի կողմից վճարվելիք 150 հզր ԱՄՆ դոլար գումարը 70-ից 80 հազար ԱՄՆ դոլարով նվազեցնելու վերաբերյալ:

Բացի այդ, Վ.Բ.-ն գործարարներից մեկի կողմից Հրազդան քաղաքի բնակչին որպես պարտք
առաջացած ընդհանուր 25 մլն ՀՀ դրամ գումարը օրենքով չնախատեսված եղանակով, անօրինական օգուտի՝ վարձատրության դիմաց վերադարձնելու նպատակով պահանջել է, որպեսզի վերջինս վերադարձնի այն:

Արդյունքում, գործարարը Հրազդան քաղաքի բնակչին է փոխանցել պարտքից 3 մլն 700 հզր ՀՀ
դրամ, որից 2 մլն ՀՀ դրամը բնակիչը նույն օրը փոխանցել է Վ.Բ.-ին՝ որպես անօրինական օգուտ:
Բացի այդ, Վ.Բ.-ն Ա.Մ.-ի կողմից այլ անձին պարտք եղած 34 հզր ԱՄՆ դոլար գումարի
վերադարձը կազմակերպելու նպատակով, Ա.Մ.-ի հետ զրուցելու պատրվակով, վերջինիս հրավիրել է իր բնակության հասցե, որտեղ որպես իր նպատակին հասնելու միջոց՝ տևական ժամանակ բռնություն է գործադրել նրա նկատմամբ, որպեսզի գումարը փոխանցի իրեն:

Ի վերջո, ընդառաջ գնալով Ա.Մ.-ի խնդրանքներին՝ Վ.Բ.-ն թույլատրել է, որպեսզի նա հեռանա իր
բնակության վայրից՝ պայմանով, որ երկու օրվա ընթացքում կմարի պարտքը:

2025 թվականի նոյեմբերի 19-ին Ռ.Պ.-ի, Պ.Գ.-ի, Գ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային
քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական
աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը), 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը), իսկ Ա.Հ.-ի և Վ.Բ.-ի նկատմամբ՝ 324-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը):

Նույն օրը դատարան ներկայացնելու նպատակով վերջիններս ձերբակալվել են:

2025 թվականի նոյեմբերի 20-ին համաժամանակյա խուզարկություններ են կատարվել
մեղադրյալների և վերջիններիս հետ փոխկապակցված 10 անձանց բնակարաններում:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter