HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Ցավում եմ, որ որոշում կայացնելու մեջ մարդիկ անկախ չեն». Լիդյա Մանթաշյանը կմնա կալանքի տակ

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում շարունակվեց «Սրբազան պայքարի» գործով դատական նիստը։ Դատարանն այսօր՝ նոյեմբերի 20-ին, քննեց մի շարք մեղադրյալների խափանման միջոցի հարցը։

Այս գործով 18 մեղադրյալ կա։ Դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, որոշեց մեղադրյալներ Լիդյա Մանթաշյանի և Մովսես Շարբաթյանի կալանքը երկարաձգել ևս 3 ամսով։ Հանրային մեղադրողների կարծիքով՝ այլընտրանքային խափանման միջոցներն ի զորու չեն ապահովելու մեղադրյալների պատշաճ վարքագիծը։

Ըստ մեղադրանքի՝ նախնական համաձայնությամբ խմբի կազմում նրանք ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։

Լիդյա Մանթաշյանը դատարանում հայտարարեց՝ այնպիսի տպավորություն է, որ ամբողջ քրեական գործի մեջ ամենավտանգավոր անձն ինքն է։ 

«Ուզում եմ ֆիքսենք, որ սա պատժի ձև է, ես գիտեմ՝ ինձ ինչի համար են պատժում։ Որոշ պաշտոնյաների վերաբերյալ իմ միջոցով ինֆորմացիաներ են հայտնի դարձել, և իրենք նեղվել են դրանից։ Իրենք կարող էին գործ հարուցել որպես զրպարտություն, բայց քանի որ դա զրպարտություն չի եղել, էս գործի մեջ են խցկել, մտածում են՝ եթե մեղադրական եզրակացության մեջ գրեցին Լիդյան Բագրատ Սրբազանի օգնականն ա, Լիդյան դարձավ Բագրատ Սրբազանի օգնականը, չէ, չնայած իմ համար մեծ պատիվ է, որ ես լինեմ Բագրատ Սրբազանի օգնականը։

Ես էս ամբողջ պայքարի ընթացքում լրատվությամբ եմ զբաղվել, դա հայտնի փաստ է։ Ինձ համար ամենացավալին այն է, որ ինչ-որ մարդիկ մոտենում են, ասում՝ դատարանը թույլտվություն չի ստացել քեզ ազատ արձակելու։ Ցավում եմ էն վիճակի համար, որի մեջ գտնվում է հիմա իմ պետությունը։ Ցավում եմ, որ որոշում կայացնելու մեջ մարդիկ անկախ չեն»,- ասաց նա։

Մեղադրյալ Արա Ռոստոմյանի նկատմամբ դատարանը կիրառեց բացակայելու արգելք ու վարչական հսկողություն՝ վերացնելով տնային կալանքը: Դատարանն արգելեց մեղադրյալին ժամը 21:00-08:00-ն լքել բնակության վայրը, ինչպես նաև՝ այցելել մարդաշատ վայրեր:

Չնայած հանրային մեղադրողը միջնորդեց մեղադրյալ Արմեն Ալեքսանյանի կալանքը երկարացնել ևս 3 ամիս ժամկետով, այնուամենայնիվ, դատարանը որոշեց Ալեքսանյանի նկատմամբ կիրառել նոր խափանման միջոց՝ տնային կալանք՝ համակցված բացակայելու արգելքով։ Տնային կալանքի ժամկետը սահմանվեց 3 ամիս։ Մեղադրյալին այդ ընթացքում արգելվում է իր բնակության վայրում հյուրընկալել այլ անձանց, ունենալ հեռախոսազրույցներ և նամակագրություն։

Արսեն Ղազարյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց վարչական հսկողությամբ և բացակայելու արգելքով, մեղադրյալը չպետք է փոխի բնակության վայրը, չշփվի վարույթի այլ մեղադրյալների հետ։

Արման Իսրայելյանի նկատմամբ կիրառվեց 2 ամիս ժամկետով տնային կալանք՝ համակցված բացակայելու արգելքով և 2 մլն դրամի չափով գրավ։

Միհրան Մախսուդյանի տնային կալանքը փոխարինվեց վարչական հսկողությամբ։ 5 մլն դրամի չափով գրավն ու բացակայելու արգելքը մնացին անփոփոխ։

Դավիթ Գալստյանի խափանման միջոցը ևս փոխվեց։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը վերացրեց տնային կալանքը և նշանակեց վարչական վերահսկողություն, 5 մլն դրամ գրավը և բացակայելու արգելը մնացին անփոփոխ։

Կարո Օկումուշյանի խափանման միջոց կալանքը վերացվեց։ Հաշվի առնելով երկու անչափահաս երեխաների առկայությունը՝ դատարանը որոշեց այն փոխարինել տնային կալանքով, բացակայելու արգելքով և 1 մլն 500 հազար դրամ գրավով։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 27-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter