9 մլն դրամ փոխհատուցման պահանջ. Ժաննա Անդրեասյանն ու ԿԳՄՍՆ-ն հայց են ներկայացրել Հայկ Դեմոյանի դեմ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի դեմ հայցադիմում է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան։ Պահանջում են հերքել վիրավորանք և զրպարտություն համարվող տեղեկությունները և վճարել փոխհատուցում՝ 9 մլն դրամի չափով։
2025թ. սեպտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում Հայկ Դեմոյանը գրառումներ է արել, որոնցից հինգով, ըստ Ժաննա Անդրեասյանի և Նախարարության, վիրավորել և զրպարտել է իրենց։
Մասնավորապես՝ Հայկ Դեմոյանը գրել է այն մասին, որ ԿԳՄՍ նախարարությունը և անձամբ Ժաննա Անդրեասյանը պետք է ենթարկվեն հանցավոր անփութության համար դատական պատասխանատվության: Գրել է, որ Ժաննա Անդրեասյանի պարագայում, ինչպես խոստացել էր, նախապատրաստական աշխատանքներ են տարվում քրեական գործ հարուցելու համար հայտարարություն պատրաստելու ուղղությամբ։
«ԿԳՄՍ նախարարը արդեն հանգիստ կարող է հաշիվ չտալ չկայացած համերգի ու պետբյուջեից մսխված հսկայական գումարների համար: Ահռելի միջոցներ են փոշիացվում նաև խոտան ու խայտառակ որակով տասնյակ հազարավոր տպաքանակով տպագրվող դասագրքերի դեպքում: Եվ քանի որ չկա վերահսկողություն ու արդարադատության համակարգ կոչվածը, Ժաննա Անդրեասյանն ու մյուսները դեռ շարունակելու են վայելել անպատժելիության «քաղցր» միջավայրը: Ես Ձեզ վստահեցնում եմ, որ Ժաննայի, Նիկոլի ու մյուսների համար Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածն արտառոց ու ցնցող իրադարձություն չի համարվել, քանի որ իրենց մտայնություններում ու արժեհամակարգում Ծիծեռնակաբերդը վանելու ու դուրս մղելու հասկացություն է, որը խոչնդոտում ու խանգարում է «նոր մարդ» կերտելու իրենց բոլշևիկյան նախագծերին: Դիմադրությունն այս ավանակային ծրագրերին ու սրանց սպասարկող փալանչիներին պետք է լինի կոշտ ու անզիջում: Ժաննա Անդրեասյանը պետք է հեռանա ու կոռուպցիոն բազմաթիվ դեպքերի դրվագներով առերեսվի պատժվելու անխուսափելիությանը: Ցինիզմին էլ վերջ ու սահման կա»,- գրել էր Հայկ Դեմոյանը։
Դեմոյանը նշել էր, որ շուտով կհայտարարեն նաև ԿԳՄՍ նախարարին քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթացի մասին՝ խոտան դասագրքեր կրթական համակարգ ներմուծելու, Ծիծեռնակաբերդը պղծելու, կոռուպցիա հովանավորելու և պետական միջոցները վատնելու դրվագներով։
Հայկ Դեմոյանը գրել է նաև այն մասին, որ անցել է երկու տարի այն օրից, երբ Հովհաննես Թումանյանի թանգարանում սկսվեցին հիմնավերանորոգման աշխատանքները: Ըստ նրա՝ հիմնահատակ ավերելով թանգարանի մասնաշենքերից մեկը` ԿԳՄՍ նախարարությունը այս տեսքով է թողել մեծանուն հայի թանգարանը, ու այս ողբալի վիճակը բոլորովին էլ չի անհանգստացնում Ժաննա Անդրեասյանին, որը ամեն մի ասուլիսի ժամանակ խրոխտ հայտարարում է, թե ինչքան գումար է հատկացրել նախարարությունը հիմնականում անիմաստ ու խոշոր կոռուպցիոն ռիսկեր պարունակող նախագծերին:
«Կոռուպցիայի մանրամասնությունները տեսանք փաստաթղթավորված տեսքով՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի նախահաշիվներում... Որքան էլ նախարար Ժաննա Անդրեասյանը բարձր գաղափարներից ու մատերաներից խոսի, միևնույն է, իր աշխատաոճն ու մտածելակերպը սովետական փառատոներ ու ոսկե աշուններ կազմակերպող հրահանգիչի կամ կոմսոմոլական ակտիվիստի մակարդակից այն կողմ չի անցնում: Նախարարությունը զբաղված է տառակերությամբ ու օրենքների սերտմամբ, այնինչ իրական հաջողություններն ու առաջընթացը շատ հաճախ գրանցվում են, այն ժամանակ, երբ ունես ոչ ստանդարտ որոշումներ ընդունելու ու լուծումներ գտնելու ազատություն...Դուք շարունակեցիք Ձեր առաջնորդի ու ձեր թիմակիցների նման մնալ ցինիկության ու անպատկառության շապիկի մեջ»- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Հ. Դեմոյանը:
Ժաննա Անդրեասյանն ու վերջինիս ղեկավարած նախարարությունը պահանջում են, որ Հայկ Դեմոյանն իր ֆեյսբուքյան էջում հերքի վերը նշված և նմանատիպ այլ տեղեկությունները՝ հայտնելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը:
Պահանջվում է նաև Հայկ Դեմոյանից հօգուտ Ժաննա Անդրեասյանի բռնագանձել 3 մլն դրամ նյութական փոխհատուցում` վիրավորող հայտարարությունների համար, ինչպես նաև հօգուտ Ժաննա Անդրեասյանի և ԿԳՄՍ նախարարության բռնգանձել 6 մլն դրամ՝ որպես զրպարտությունների համար փոխհատուցում:
Հայցադիմը ներկայացվել է երեկ՝ 2025թ. նոյեմբերի 21-ին, և վարույթ ընդունելու որոշում չկա։
Լուսանկարում՝ Ժաննա Անդրեասյանը և Հայկ Դեմոյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել