ԲՏԱ նախարարը վերազգային ընկերությունների հետ քննարկել է կիսահաղորդչային ոլորտում համագործակցության ընդլայնման ուղիները
Նոյեմբերի 24-ին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար Մխիթար Հայրապետյանը բիզնես նախաճաշի ձևաչափով հանդիպել է Հայաստանում գործող ամերիկյան վերազգային կիսահաղորդչային կիսահաղորդչային ընկերությունների ղեկավարների հետ: Այս մասին հաղորդում է ԲՏԱ նախարարությունը։
«Քննարկման առանցքում են եղել կիսահաղորդչային ոլորտի զարգացման, տեխնոլոգիաների արտահանման և ներմուծման վերահսկողության ընթացակարգերի հետ կապված գործնական հարցերը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանի և ԱՄՆ-ի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կնքված «Արհեստական բանականության և կիսահաղորդչային ոլորտում նորարարական գործընկերության» հուշագրից բխող նոր հնարավորություններին և այդ համատեքստում առաջիկա անելիքներին։
Հանդիպման մասնակիցները կարևորել են նման ձևաչափով միջոցառումների նշանակությունը՝ որպես պետության և մասնավոր հատվածի միջև բաց, արդյունավետ և շարունակական երկխոսություն ապահովելու հարթակ։ Հանդիպման ավարտին ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ համատեղ աշխատանքը շարունակելու և համակարգված մոտեցումներ մշակելու ուղղությամբ, որոնք կնպաստեն Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը և միջազգային մրցունակության բարձրացմանը։
Նշենք, որ բիզնես նախաճաշը կազմակերպվել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, ինչպես նաև Synopsys, AMD, CISCO, Emerson (NI), Siemens ընկերությունների, «Ներդրումների աջակցման կենտրոնի» և տեխնոլոգիական ոլորտի միությունների ներկայացուցիչները»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել