HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վարդան Ղուկասյանը ՀՀ-ի ու Ռուբեն Ռուբինյանի դեմ հայց է ներկայացրել դատարան 

Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը հայցադիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և Հայաստանի Հանրապետության դեմ։ Նա պահանջում է ոչ միայն հերքել զրպարտություն համալրվող տեղեկությունները, այլև ճանաչել իր անմեղության կանխավարկածի խախտման փաստը և վճարել փոխհատուցում։

Ռուբեն Ռուբինյանի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տարբեր գրառումներով «կաշառակեր սրիկա» է անվանել Վարդան Ղուկասյանին այն բանից հետո, երբ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում Ղուկասյանին մեղադրանք են առաջադրել։

Մասնավորապես՝ հրապարակումներից մեկով Ռ.Ռուբինյանը Վարդան Ղուկասյանի նկարին կից գրել է. «6 ամիս և 1 օր: Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` ուղիղ այսքան պահանջվեց, որպեսզի սա վերադառնա կաշառակերության իր սիրած գործին ու բռնվի: Սրա համար քաղաքական պատասխանատվություն են կրում իրեն քաղաքապետ դարձնողները` Քոչարյանը, Սարգսյանը, Վանեցյանը, Դաշնակցությունը և մյուսները: Պատասխանատու է նաև օրհնողը` Կտրիճ Ներսիսյանը` յուր իշխանազավթում տենչացող արքեպիսկոպոսներով: Ու սա 2026 թվականին ուզում են կրկնել համապետական մասշտաբով, որ հետ գան ու վերսկսեն իրենց թալանը: Թույլ չե´նք տալու»։

Դատական կարգով Վարդան Ղուկասյանը պահանջում է՝ հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և վճարել դրա հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում՝ 500 000 դրամ։

Բացի այդ, Վ.Ղուկասյանը գտնում է, որ խախտվել է իր հիմնարար իրավունքը՝ արդար դատաքննության իրավունքը (անմեղության կանխավարկած), և դատական կարգով պահանջում է հաստատել խախտման փաստը և, որպես հիմնարար իրավունքների խախտմամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, Հայաստանի Հանրապետությունից հօգուտ Վ.Ղուկասյանի բռնագանձել 500 000 դրամ։

Հայցադիմումը ներկայացվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոյեմբերի 24-ին և վարույթ ընդունելու մասին որոշում դեռ կայացված չէ։

Հիշեցնենք՝ 2025թ. հոկտեմբերի 20-ին, Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք-գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։

Վարդան Ղուկասյանին ձերբակալել են հենց համայնքապետսրանի շենքում։ Նա այժմ կալանավորված է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter