Չիվա բնակավայրի նախկին ղեկավարի կողմից փողերի լվացման և պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստով քննված քրեական վարույթը դատարանում է
Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2004-2017թթ. ընթացքում Վայոց ձորի Արենի համայնքի Չիվա բնակավայրի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, կազմակերպել և իրականացրել է համայնքային մի շարք հողամասերի ապօրինի աճուրդ-վաճառքներ, իսկ նշված հողամասերից մեկն աճուրդային գնից բազմակի ավել գնով բարեգործական ընկերությանն օտարելու և եկամուտ ստանալու դիտավորությամբ 2015 թվականի դեկտեմբերին կազմակերպել և անցկացրել է ձևական աճուրդ-վաճառք: Այս մասին հաղորդում են Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Մասնավորապես՝ հողամասերի օտարման համար հայտարարված աճուրդի օրինական լինելու պատրանք ստեղծելու նպատակով՝ Չիվա բնակավայրի ղեկավարը որպես աճուրդի մասնակից ձևակերպել է իր երկու ազգականներին, որոնցից մեկը հաղթող է ճանաչվել և ընդհանուր շուրջ 0.8 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասերը գնել 19.353 դրամով:
Այնուհետև վերը նշված պաշտոնատար անձը, աճուրդում հաղթող ճանաչված ազգականի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն, վերջինիս կողմից ձևականորեն իրեն տրված լիազորագրի հիման վրա, նրան օտարված 2 հողամասերից մեկը 4.595.086 դրամով վաճառել է բարեգործական ընկերությանը, որից հետո նշված անձինք ձեռք են բերել հողամասերի օտարման արդյունքում ստացված գումարը տնօրինելու և օգտագործելու հնարավորություն՝ այդ կերպ օրինականացնելով հանցագործության արդյունքում ստացված եկամուտը:
Չիվա բնակավայրի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին), իսկ աճուրդում հաղթող ճանաչված ազգականին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին)։ Նրանք ներկայացված մեղադրանքներում իրենց լիովին մեղավոր են ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ։
Նախաքննության ընթացքում բացահայտվել են նաև վերը նշված պաշտոնյայի ու այլ անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և դրան օժանդակելու դեպքեր: Նրանց վերաբերյալ կայացվել են հանրային քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումներ՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան»,- նշված է հաղորդագրությունում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել