HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սևան» ՔԿՀ պետի տեղակալը մեղադրվում է հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու և ապօրինի հարստացման մեջ. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է՝ պարզվել է, որ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալը անձը թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալները, որոնք հանգեցրել են առանձնապես խոշոր չափերով գույքի՝ շուրջ 35 մլն դրամի չափով դրամական միջոցների չհայտարարագրմանը, ինչպես նաև ապօրինի հարստացել է:

«Մասնավորապես՝ նշված պաշտոնատար անձը 2021 թվականի ապրիլի 30-ին ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած՝ 2020 թվականի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց տարեկան հայտարարագրում չի ներառել՝ թաքցրել է այլ անձի անվամբ բանկում ավանդադրված, սակայն փաստացի իրեն պատկանող առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցները՝ 11 միլիոն ՀՀ դրամը։  Բացի այդ, 2020 թվականին տվյալ պաշտոնյայի գույքն ավելացել է շուրջ 14 մլն ՀՀ դրամով, որն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով։ 

Նախաքննությամբ պարզվել է, որ պաշտոնատար անձն առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցների վերաբերյալ տվյալներ չի հայտարարագրել նաև 2024 թվականի մարտի 29-ին ներկայացրած՝ 2023 թվականի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց տարեկան հայտարարագրում: Մասնավորապես՝ վերջինս հայտարարագրում որպես ստացված եկամուտ է հայտարարագրել միայն աշխատավարձը, այնինչ բանկում դարձյալ այլ անձի անվամբ 2023 թվականին ավանդադրել է 23 մլն դրամ, որն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով:

Վերը նշված արարքների համար «Սևան» ՔԿՀ պետի տեղակալին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ) և 443-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter