HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հանուն նրա, որ գյուղում հնչեն եկեղեցու զանգերը

Եկեղեցի տանող նեղ արահետի սկզբնամասում ենք: Շրջակայքում ոչ ոք չկա լուսանկարչից ու ինձնից բացի: Ռոբերտը բարձրանում է փոքրիկ բլրանման մի տարածք՝ եկեղեցին վերևից նկարելու համար, ես որոշում եմ շարժվել առաջ: Ներքևի ձորակում հովիվը երկու խոշորամարմին շների հետ այս ու այն կողմ է վազում՝ փորձելով ոչխարի հոտն ու մի քանի խոշոր եղջերավորի դիմացի սարը քշել: Ձեռքով եմ անում՝ փորձելով ուշադրություն գրավել, ուզում եմ հարցնել, թե հետո ինչպես պիտի գնանք գյուղի դպրոց, որտեղ մեզ սպասում են: Լսում եմ Ռոբերտի ձայնը.

-Զգու՛յշ, շունը...

Շուռ եմ գալիս: Բլրակի հետևից նախ երևում է հսկա գափռի գլուխը, հետո սպիտակ զանգվածն անաղմուկ գլորվում է ներքև: Շունն անշտապ մոտնում է ինձ: Չեմ շարժվում տեղիցս՝ թողնելով, որ «տանտերը» մոտենա, ու ինքը որոշի իմ հետագա գործողությունները: Հայկական գամփռը իմաստուն շուն է, և ճանապարհի մնացած հատվածը մենք անցնում ենք երեքով: Եկեղեցու դռնից մեր չորքոտանի ուղեկիցը չի մտնում՝ գերադասելով սպասել դրսում: 

Եկեղեցի մտնելիս վախեցնում ենք ներսում գտնվող աղավնիներին, որ ամղկոտ թևաբախյունով նետվում են տանիքի բաց հատվածները: Խաչաձև հատակագծով կենտրոնագմբեթ շինության անկյունային պատերը խարխլված են: Աշխատում ենք տեղաշարժվել եկեղեցու կենտրոնական հատվածում, որտեղ առավել անվտանգ է, ու չկան կախված քարեր: Կիսափուլ զանգակատան դիմաց աշխատելիս լռությունը հանկարծակի ընդհատվում է նամազի կանչով, ակամայից հայացք եմ ձգում ժամացույցին՝ 12:50 րոպե է, կեսօրի աղոթքի ժամ հարևան Սունգյուդարի գյուղի հավատացյալների համար: «Մի բարերար չեմ գտնում, որ մեր գյուղում զանգի ձայն լսվի»,- սա գյուղի երկարամյա, նախկին համայնքապետ Վահրամ Սաղաթելյանի երազանքն էր, որ տարիներ անց էլ դեռ իրականություն չի դարձել:

Ամասիա խոշորացված համայնքի կազմում գտնվող Մեղրաշատը սահմանամերձ գյուղ է, հայ-թուրքական սահմանից հեռու է ընդամենը 500 մետր: Սուրբ Աստվածածին եկեղեցին, որքան էլ որ տարօրինակ է, գյուղի ծայրամասում է: Եկեղեցին սկզբում եղել է փայտաշեն։ Որպես կառուցման տարեթիվ նշվում է 1868 թվականը: Գմբեթի հատվածում պահպանված փայտային կառուցվածքը դրա վկայությունն է: Եկեղեցին քարաշենի վերածվել է 1901-1903թթ․-ին: Սուրբ Աստվածածինը վնասվել է 1988թ․-ի երկրաշարժից՝ տուժել են զանգակատունն ու պատերը:  

Զավեն Կորկոտյանի «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում» (1831-1931) աշխատությունում Մեղրաշատի բնակչության թվի մասին կան հիշատակումներ սկսած 1886թ․-ից ՝ 329 հոգի, բոլորը հայ, 1914թ․-ին բնակչության ամենամեծ թվաքանակն է նշված՝ 666 հոգի, իսկ ահա 1922թ․-ին գյուղը եղել է ավերակ՝ առանց բնակչության, 1926թ․-ին այստեղ բնակվել է 8 հոգի, բոլորն էլ ազգությամբ ռուս, և միայն 1931թ․-ից սկսած է բնակչության թիվը կայունացել, ու Մեղրաշատը կրկին վերածվել է ապրող գյուղի: 1950թ․-ին Մեղրաշատը հայկական մի շարք գյուղերի հետ հայտնվել է արգելապատնեշի ներսում, սահմանվել է անցագրային ռեժիմ, որը հանվել է միայն 17 տարի անց: Անցագրային ռեժիմը մեղմացվել է, սակայն գյուղին պատկանող արոտի և խոտհարքի 99 տոկոսը հայտնվել են փշալարե պատնեշից այն կողմ:

Թերևս բնակավայրի սահմանների բազմակի փոփոխություններով է պայմանավորված եկեղեցու շուրջ առաջացած ամայությունը, ինչպես նաև երկու երկրների միջև վերջնականորեն հաստատված պետական սահմանը: «Սահմանի հետ կապված մարդիկ քիչ-քիչ վերև են բարձրացել: Մեր գյուղի ու թուրքի գյուղի միջև տարածությունը 1 կմ էլ չկա: Ու՞մ է հաճելի օրը 5 անգամ նամազի ձայն լսելը, մանավանդ որ գյուղիդ եկեղեցին լուռ է,- ասում են մեղրաշատցիները,- սովետի ժամանակ եկեղեցին պահեստ էր, հետո էլ երկրաշարժը վրա հասավ, ունեցածներս ավիրեց»:

Մեղրաշատի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի երեք պարմանուհիներ այս տարի որոշել են «Համայնքի կարիքներ» թեմայով ամեն տարի հանձնարարվող նախագծային աշխատանքն իրականացնել հանուն գյուղի բարօրության: Սուսաննա Աբովյանը պատմում է, որ 4 դասընկերներով որոշել են գյուղին մտահոգող երկու հարց բարձրացնել: «Մենք վերցրինք երկու խնդիր՝ ճանապարհների և եկեղեցու: Հարցում արեցինք բնակիչների շրջանում, որպեսզի հասկանայինք, թե առաջնայինը որն է մեղրաշատցու համար: Ամենաշատ ձայն հավաքեց եկեղեցու վերանորոգման խնդիրը, ու արդեն պարզ էր, որ նախագծային թեման լինելու է եկեղեցին»,- պատմում է Սուսաննան:

Սուսաննայի դասընկերուհին՝ Կարինե Մկրտչյանն ասում է, որ տարբեր սերունդների ներկայացուցիչներ, տարբեր ժամանակներում և տարբեր մակարդակներով հարցը բարձրացրել են, բայց, ցավոք, լուծում չի եղել, և հերթը հիմա իրենցն է: «Մեր եկեղեցում մի երկու-երեք անգամ պատարագ մատուցվել է, բայց քանի որ վթարային է, հիմա խուսափում են մարդկանց ներսում հավաքել,- ասում է Կարինեն,- մենք հաճախակի գնում ենք, մաքրում ենք եկեղեցու ներսը, բայց մեր նպատակն այն է, որ զանգերը ղողանջեն»: 

Կարինեին լրացնում է մյուս դասընկերուհին՝ Գրետա Մանուկյանը. «Մեզ երևի ամենալավը կհասկանան սահմանամերձ բնակավայրերում ապրողները: Մեր գյուղը շատ մոտ է թուրքական սահմանին, բարձր տեղ կանգնելով՝ հեռվում անգամ թուրքական գյուղը կարող ենք տեսնել, իրենք էլ մեզ: Բայց մենք ամեն օր ստիպված ենք լսել իրենց նամազի ձայնը, իսկ իրենք մեր պատարագի ձայնը չեն լսում, մեր կողմը լուռ է: Մեր ամենամեծ երազանքն է, որ վերջապես մեր եկեղեցու զանգերն էլ հնչեն»,- ասում է Գրետան:

11-րդ դասարանի 4 աշակերտների և նախագծի ղեկավար ուսուցիչներ՝ Անահիտ Նահապետյանի ու Գայանե Բարսեղյանի անունից այս տարվա նոյեմբերին դիմում-նամակ է ուղղվել ԿԳՄՍ նախարարության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության, հուշարձանների վերականգնման բաժնի պետ Հրանտ Հովսեփյանին: «Մենք ոչ թե ակնկալում ենք, որ մեզ պետք է գումար տան, այլ խնդրում ենք, որ ուղարկեն մասնագիտացված խումբ, որը տեղում կանի ուսումնասիրություն և նախահաշվային գնահատում,- ասում է հանրահաշվի և երկրաչափութան ուսուցչուհի Անահիտ Նահապետյանը,- երբ պարզ լինի, թե որքան գումար է պետք եկեղեցու վերականգման համար, այն ժամանակ էլ կմտածենք հաջորդ քայլի մասին: Մշտապես խոսում են, թե շատ փող է պետք, բայց պիտի հասկանանք, թե էդ շատը ինչքանն է»:

Ուսուցչուհիներից Գայանե Բարսեղյանը հավելում է, թե խնդրով մտահոգ տարբեր կազմակերպությունների են դիմել, Շիրակի թեմի առաջնորդի տեղապահի հետ են խոսել, և երբ պարզել են, որ հարցը ԿԳՄՍ տիրույթում է, որոշել են դիմել իշխանություններին: «Նամակը մի շաբաթ առաջ ենք ուղարկել ու մեծ հույսեր ենք կապում պատասխանի հետ,- նկատում է Գայանե Բարսեղյանը,- հատկապես երեխաներն են անհամբեր սպասում: Եթե եկեղեցու հարցում դրական տեղաշարժ լինի, դա մեծ ոգևորություն կառաջացնի գյուղում»:

Լուսանկարները՝ Ռոբերտ Խաչիկյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter