HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհը մոտ է բնակավայրին, բայց տներ չի հասել. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանում բռնկված հրդեհների ամենաբարդ հատվածը Դիլիջանի հարակից անտառներն են: Բոլոր գործընկեր պետական մարմիններն աշխատում են և այդ տարածք են ուղղել համապատասխան տեխնիկական հնարավորությունները: Այնտեղ են ուղղվել նաև Պաշտպանության նախարարության օդային միջոցները, որոնք ջուր են վերցնում Սևանից և տեղափոխում այրվող տարածքներ: Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հերքեց տեղեկատվությունը, թե կրակը հասել է տներին, սակայն նշեց, որ բավականին մոտ է բնակավայրերին: 

Այս տեղեկատվությունը նա փոխանցեց այսօր Անտառային դաշինքի կազմակերպած կլոր սեղանի ժամանակ, որտեղ քննարկվում էր Հայաստանում անտառապատման նոր մոտեցումների եւ օրենսդրական անհրաժեշտ փոփոխությունների հարցը:  

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը բացեց քննարկումը` անդրադառնալով Հայաստանի անտառներում բռնկված հրդեհներին: Նախարար Մաթևոսյանը նշեց, որ այսօր երկիրը կանգնած է լուրջ փորձության առջև, անտառային հրդեհներ են բռնկվել միաժամանակ մի քանի տարածքներում` Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում: Պետական համապատասխան բոլոր մարմինները, այդ թվում` ՆԳՆ Փրկարար ծառայությունը, ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը և Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ներգրավված են անտառաշիջման աշխատանքներում, նախարարի բնութագրմամբ՝ իրենց կյանքը վտանգելով պայքարում են կրակի դեմ, կիրառելով հնարավոր բոլոր ռեսուրսները: Այդուհանդերձ, նախարարը շեշտեց, որ անհրաժեշտ է ուժեղացնել անտառային հրդեհների կանխարգելման համակարգը և հորդորեց պահպանել հրդեհային անվտանգության կանոնները: 

Հրդեհաշիջման աշխատանքների հրատապությամբ պայմանավորված՝ նախարարը շուտ հեռացավ քննարկումից, սակայն պատասխանեց մեկ-երկու հարցի: 

Անտառագետ Այսեր Ղազարյանի դիտարկմանը՝ արդյոք միջոցներ ձեռնարկվել են ՌԴ-ից կամ Չեխիայից հատուկ հրդեհաշիջման համար նախատեսված ինքնաթիռներ բերելու, քանի որ Խոսրովի անտառի 2017թ. հրդեհի փորձը ցույց տվեց, որ ՌԴ-ից ժամանած համապատասխան ինքնաթիռն օգտակար էր հրդեհաշիջման համար և փրկեց իրավիճակը:  

Նախարար Մաթևոսյանը նշեց, որ 24-ժամյա ռեժիմով ՊՆ ինքնաթիռները Սևանից ջուր են վերցնում և հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնում: Սակայն խուսափեց հստակեցնել՝ արդյոք այլ երկրից աջակցություն ստանալու փորձեր արվում են: 

Նախարարը նշեց, որ հրդեհների առումով Փրկարար ծառայությունը և համապատասխան մյուս մարմինները վերազինման կարիք ունեն, առկա տեխնիկական հնարավորությունները հիմնականում նախատեսված չեն անտառային հրդեհների մարման համար։

Այսեր Ղազարյանն ասաց, որ Սևանի ափին գտնվող սոճուտները, որոնք հատվածաբար չորացել են, նույնպես խիստ վտանգավոր են և նույնիսկ ծխախոտից կարող են հրդեհի թիրախ դառնալ, հետևաբար հարցրեց՝ արդյոք կանխարգելիչ միջոցներ ձեռնարկվում են այդ տարածքներում` խուսափելու հերթական օջախից: Նախարար Մաթևոսյանը խոստացավ այդ մասին տեղեկացնել համապատասխան ստորաբաժանումներին` կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter