«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
Ազգային ժողովի մամուլի ծառայությունից հայտնում են «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծի քննարկման մասին։
«Հայաստանի Հանրապետությունում ոչ վայրի կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության, հստակ կարգավորումներ չունեն: Բաց է տնային, թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների հետ կապված համալիր եւ ամբողջական կարգավորումների դաշտը: Այս մասին ասել է պատգամավոր Մերի Գալստյանը՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 26-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով իր եւ պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հեղինակած «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:
Օրենքի նախագծով սահմանվում են տարածքում տնային եւ թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային կամ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները:
Մերի Գալստյանի տեղեկացմամբ առաջարկվող կարգավորումները չեն տարածվելու գյուղատնտեսական, որսի, ինչպես նաեւ մարդու կենսագործունեության վրա վնասակար ազդեցություն ունեցող կենդանիների հետ կապված իրավահարաբերությունների վրա: Նշվել է, որ նախագծերի մշակման փուլում հեղինակներն ուսումնասիրել են շուրջ 20 երկրի ոլորտային փորձը: Տեղի են ունեցել քննարկումներ Կենդանիների պաշտպանության հարցերով աշխատանքային խմբի անդամների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների, կենդանասերների, պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Փաթեթի առանձին կարգավորումներ վերաբերում են թափառող կենդանիների, մասնավորապես` շների հետ կապված հիմնախնդրի լուծմանը: Մասնավորապես, նախատեսվում է 3 մարզկենտրոնում կառուցել կենդանիների կացարան` վայր, որտեղ կերակրվելու, բուժվելու կամ պահվելու են թափառող, կորած կամ լքված կենդանիները, ինչպես նաեւ ժամանակավոր պահման եւ կերակրման հանձնված կենդանիները:
Պատասխանատվություն է նախատեսվում կենդանիներին լքելու համար:
Նախագծերի ընդունման եւ կիրակման արդյունքում ակնկալվում է նվազեցնել կենդանիների նկատմամբ դաժան եւ անպատասխանատու գործողությունները եւ ունենալ իրավական մեխանիզմներ, որոնք կապահովեն կենդանիների բարեկեցությունն ու պաշտպանվածությունը:
Մտքերի փոխանակության ընթացքում հեղինակները պատասխանել են պատգամավորների հարցերին:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ներկայացրել է Կառավարության դրական կարծիքն օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ:
Գործադիր մարմինը ներկայացրել էր մի խումբ առաջարկներ, որոնք հեղինակներն ընդունել են:
Օրենսդրական փաթեթին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել»- նշված է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել