HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անտառապատում իրականացնող կազմակերպությունները` հարկային բեռի տակ

Անտառապատում իրականացնող կազմակերպությունները հայտնվել են հարկային բեռի տակ, որին պատրաստ չեն եղել։ 2023թ․-ի հունվարից ուժի մեջ մտած հարկային փոփոխությունները, մասնավորապես՝ գույքահարկի գանձումն անհատույց տրամադրված տարածքների համար, լուրջ բեռ է դարձել բնապահպանական կազմակերպությունների համար։ Մինչդեռ հասարակական կամ բարեգործական կազմակերպություններն անհատույց տարածքներ են վերցրել պետությունից կամ անտառապատում իրականացնելու, կամ կենսաբազմազանության պահպանման նպատակով։ 

Հայաստանի անտառային դաշինքի անդամները նոյեմբերի 26-ին կլոր սեղանի շուրջ էին հավաքվել՝ քննարկելու Հայաստանում անտառապատման նոր մոտեցումներ մշակելու հարցը եւ օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը:  

Հայաստանի անտառային դաշինքը, հիշեցնենք, ձևավորվել է 4 կազմակերպությունից` «Էյ թի փի» (Armenia Tree Project- ATP), «Իմ անտառ Հայաստան», «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման» և «Շեն» բարեգործական հիմնադրամներ:

Կլոր սեղանին կարճ ժամանակով ներկա էր նաև Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։ Նրա խոսքով, Ֆինանսների նախարարության հետ քննարկում են հարկային փոփոխությունների հարցը, բայց նախարարը դաշինքի անդամ կազմակերպություններից ավելի հստակ և կոնկրետ առաջարկներ է ակնկալում:

«Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամի ծրագրերի համակարգող Սոնա Մարտիրոսյանը նշեց, որ դաշինքը դիմել է Ֆինանսների նախարարություն օրենսդրական փոփոխություններ կատարելու նպատակով, սակայն ստացված վերջին պատասխանում նախարարությունը նշել է, որ այս պահին նման փոփոխությունը նպատակահարմար չէ, քանի որ գույքահարկից են ձևավորվում համայնքային բյուջեների մուտքերը, և այդ հարցը կարող է կարգավորվել համայնքների հետ՝ նրանց կողմից կազմակերպություններին արտոնություններ տրամադրելու միջոցով։ Սոնա Մարտիրոսյանը նշեց, որ պետական կառույցների հետ այս թեմայով բանակցությունները մտել են փակուղի, և քննարկումները որևէ արդյունք չեն տալիս։ 

ՀԿ-ները, որոնք իրենց հայթայթած միջոցներով են անտառապատում իրականացնում, հիմնականում՝ դրամաշնորհային գումարներով, այս ֆինանսական բեռը հաշվի չեն առել: 

Կազմակերպությունների ներկայացուցիչների հիմնավորումն այն է, որ ՀԿ-ները անտառապատման ոլորտում ավելի ակտիվ են և ավելի մեծ պարտավորություններ են իրականացնում, քան պետական կառույցները: Սա նշանակում է, որ կարևորագույն օղակներից մեկն են։ Ավելին, նրանք իրականացնում են նաև անտառածածկ տարածքների ավելացման՝ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները։ Հետևաբար, պետք է նաև համապատասխան մոտեցում ցուցաբերվի այս կազմակերպությունների նկատմամբ։ Օրինակներ բերվեցին նաև միջազգային լավագույն փորձից, նշվեց, որ անտառապատման գործում հաջողված են այն երկրները, որոնք մեծ հարկային արտոնություններ են տալիս ՀԿ-ներին, և որտեղ  ՀԿ-ները պետության լիիրավ գործընկերներն են: Մասնավորապես, Ֆինլանդիայում ՀԿ-ներին վերադարձվում է ավելացված արժեքի հարկը։ 

«Էյ թի փի» ԲՀ-ի ներկայացուցիչ Վահե Մացակյանը նշեց, որ կազմակերպությունը համայնքային սեփականության հողերն անհատույց վերցնում է ինչ-որ ժամկետով, և իրենց նպատակն անտառածածկ դարձնելուց հետո դրանք համայնքին վերադարձնելն է, ցածրարժեք հողերը դարձնում են բարձրարժեք, կենսաբազմազանությամբ հարուստ անտառներ և վերադարձնում համայնքին։ Սակայն, օրինակ, այս տարի վճարած 25 մլն դրամ գույքահարկի պատճառով ստիպված են լինելու հաջորդ տարվա անտառապատման բյուջեն այդ չափով կրճատել։  

«Դուք կրակի մեջ եք գցել և՛ մեզ, և՛ համայնքներին»,- ասաց Վահե Մացակյանը՝ նկատի ունենալով, որ համայնքները չեն կարող իրենց արտոնություններ տալ, քանի որ իրենց բյուջեն այդքանով կկրճատվի, սուբվենցիաները՝ նույնպես։ Մինչդեռ կենսաբազմազանության պաշտպանությամբ կամ ավելացմամբ զբաղվող կազմակերպություններին պետք է արտոնություններ տրվեն։ 

Հարկային փոփոխություններից բացի, Անտառային դաշինքի անդամ կազամկերպությունների գործունեությանն այլ հանգամանքներ էլ են խոչընդոտում։ 

«Շեն» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Անահիտ Նավասարդյանն անդրադարձավ ՇՄԱԳ նախագծերում անտառապատման աշխատանքներին ներկայացվող պահանջներին, որոնք նույնն են, ինչ, օրինակ, հանքարդյունահանման, փոքր հէկերի կառուցման և գործունեության այլ տեսակների համար։ Դա անհամաչափ վարչարարություն և ֆինանսական բեռ է ավելացրել դաշինքի կազմակերպությունների համար։ Մինչդեռ դաշինքի անդամ կազմակերպությունների իրականացրած ծրագրերը երկարաժամկետ բարիք և կենսաբազամազանություն են ապահովում: 

Շահույթի նպատակ չհետապնդող կազմակերպությունները նպաստում են ազգային կլիմայական և կենսաբազամազնության նպատակներին: Շատ երկրներում նվազեցված փաստաթղթաշրջանառություն է կիրառվում նման կազմակերպությունների համար, պետությունը ֆինանսական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում նրանց, և նմանատիպ կազմակերպությունների ծրագրերը դիտարկվում են որպես ներդրում ազգային բնապահպանական ռազմավարական ծրագրերում։ 

Հետևաբար, դաշինքի անդամ կազմակերպություններն առաջարկում են, որ եթե այս ծախսերը չեն վերացվում բնապահպանական կազմակերպությունների համար, ապա գոնե Շրջակա միջավայրի նախարարությունը դիտարկի ծախսերի փոխհատուցման պետական աջակցության ծրագրեր ՇՄԱԳ գործընթացում և անտառապատում իրականացնող ՀԿ-ներին ազատի հավելյալ վճարներից։ 

Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը ևս ներկա էր կլոր սեղանին։ Վերջինս կարևորեց ՇՄԱԳ ինստիտուտի գործունեությունն այս ոլորտում, քանի որ, ըստ նրա, անտառապատումը նույնպես կարող է միջավայր փոխել, օրինակ՝ ինվազիվ տեսակների տնկման պարագայում կարող են այլ կարևոր տեսակներ ոչնչանալ։ Սակայն համամիտ էր, որ կարգավորումները պետք է բարելավվեն։ 

ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանն իր կարճ ելույթում անդրադարձավ նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման օրենսդրական հարցերին։ Ըստ նրա՝ արդեն իսկ հանձնարարել է օրենքում փոփոխություններ պատրաստել, ինչի ուղղությամբ ՇՄՆ մասնագետներն աշխատում են։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter