HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

ՏԿԵ նախարարի՝ գազալիցքավորման կետում ծածկ կառուցելու առաջարկությանը տված բացասական կարծիքը քաղաքացուն դրդել է ինքնակամ որոշումներ կայացնել

Արենիի համայնքապետարանը պարզաբանումներ է ներկայացրել վերջերս մեր հրապարակած «Ինչպես Արենիի համայնքապետը լցակայանի սեփականատիրոջը դարձրեց անվերջ տուգանքի թիրախ»  հոդվածի վերաբերյալ։ Համայնքի ղեկավարը հայտնել է, որ դատարան է դիմել ոչ թե Արգամ Կարապետյանի օրինականացրած լցակայանը, այլ՝ նույն տարածքում նրա ինքնակամ կառուցած նոր շինությունները քանդելու պահանջով։

Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը մեր հարցերին տրված գրավոր պատասխանում թվարկել է նոր ինքնակամ կառույցները՝ հեղուկ վառելիքի լիցքավորման 3 աշտարակ, ծածկ, վառելիքի ստորգետնյա հոր, սանհանգույց և գովազդային վահանակ։ Հայտնել է, որ լցակայանի սեփականատեր Արգամ Կարապետյանը դրանք կառուցել է 2024թ․, ուստի չեն կարող ճանաչվել օրինական եւ ենթակա են քանդման։ Գովազդային վահանակը, ինչպես հայտնել ենք մեր նախորդ հրապարակման մեջ, համայնքապետարանն արդեն իսկ ապամոնտաժել է։

Համայնքի ղեկավարը տեղեկացրել է, որ Արգամ Կարապետյանը 2023թ․ սեպտեմբերին դիմել էր համայնքապետարան՝ գազալցակայանի ծածկի կառուցման նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) ստանալու համար։ Ա․ Կարապետյանի կազմած փաստաթղթերի փաթեթն ինքը ներկայացրել է Վայոց ձորի մարզպետին։

Համայնքի ղեկավարը մեզ տրամադրել է փաստաթղթերի փաթեթին իրավասու մարմինների տված պատասխանները։ Այսպես՝ Վայոց ձորի մարզպետը փաստաթղթերը փոխանցել է Քաղաքաշինության կոմիտե։ Կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը մարզպետին տեղեկացրել է, որ համաձայնեցնելու նպատակով փաթեթը ներկայացվել է Տարածքային

կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (ՏԿԵՆ), Ներքին գործերի նախարարություն (ՆԳՆ), Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության (ՔՏՀԱ) տեսչական մարմին։

ՆԳՆ-ն հայտնել է, որ գազալցակայանի ծածկի կառուցման վերաբերյալ առաջարկություններ չունի։ «Միաժամանակ հայտնում եմ, որ համաձայն ՆԳՆ փրկարար ծառայությունում առկա

տեղեկատվության, նշված տարածքում վտանգավոր բնական երևույթներ առկա չեն»,– հայտնել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։

ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը հայտնել է, որ ծածկ կառուցելու առաջարկության վերաբերյալ առարկություններ չունեն։

2023թ․ հոկտեմբերի 30-ին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը կոմիտեի նախագահին փոխանցել է, որ ծածկի կառուցման վերաբերյալ դիրքորոշում կհայտնի հաստատված սխեմայում դեպի հեղուկ գազի լիցքավորման կետ տրանսպորտային միջոցների մուտքի և ելքի կազմակերպումը նշելու դեպքում։

2024թ․ փետրվարին Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը Վայոց ձոր մարզպետին է ներկայացրել ծածկ կառուցելու համար ճարտարապետահատակագծային առաջադրանք ստանալու նպատակով կազմված փաթեթի լրամշակված տարբերակը։ Խնդրել է մարզպետի միջնորդությունը ՝ լիազոր մարմնի համաձայնությունը ստանալու համար։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Քաղաքաշինության կոմիտեին պատասխանել է․ «Ըստ ներկայացված գծագրերի՝ դեպի կառուցվող հեղուկ գազի լիցքավորման կետ տրանսպորտային միջոցների համար նախատեսված անցումային-արագացման գոտիները չեն համապատասխանում «Ավտոմոբիլային ճանապարհներ» շինարարական նորմերի 136-141-րդ կետերով և աղյուսակ 31-ի սահմանված պահանջներին (ճիշտ ներկայացված չէ անցումային-արագացման գոտիների երկարությունները և լայնությունը)։

Տեղեկացրել է նաև, որ ներկայացված փաթեթում կան անճշտություններ՝ «Էսքիզ» փաստաթղթում դեպի կառուցվող հեղուկ գազի լիցքավորման կետ տրանսպորտային միջոցների համար նախատեսված է անցումային-արագացման գոտիներ, իսկ «նախագիծ էսքիզ»-ում տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը կազմակերպված է ոչ լիարժեք (հստակ) համայնքային ճանապարհով։ ՏԿԵՆ-ից կրկին ասել են, որ դիրքորոշում կարող են հայտնել հաստատված սխեմայում դեպի հեղուկ գազի լիցքավորման կետ տրանսպորտային միջոցների մուտքի և ելքի կազմակերպումը նշելու դեպքում։

2024թ․ ապրիլի 8-ին Արենի համայնքի ղեկավարը Վայոց ձոր մարզպետին կրկին ներկայացրել է Արգամ Կարապետյանի փաթեթի լրամշակված տարբերակը։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այս անգամ պատասխանել է, որ նախարարության ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչությունը Արենի գյուղի գազի լիցքավորման կետի ծածկի կառուցման առաջարկությանը բացասական կարծիք է տալիս։ «Քանի որ ԱԳԼՃԿ-ի նախագծային փաստաթղթերը նախապես չեն համաձայնեցվել ՏԿԵ նախարարության հետ։ Բացի այդ, կառույցի տեղադիրքը, ըստ Կառավարության 2009թ․ թիվ 968 որոշման 1-ին կետի, սահմանափակումների ճանապարհահատվածում է»,- հայտնել է նախկին նախարարը։

Արենի համայնքի ղեկավարը «Հետքին» հայտնել է, որ այդ փաստաթղթերի փաթեթը տրամադրվել է Արգամ Կարապետյանին՝ կրկին լրամշակելու և ՏԿԵ նախարարության հետ համաձայնեցնելու նպատակով։ Այդ ընթացքում Ա․ Կարապետյանը, հիմնականում սկսած 2024թ․ մարտից, ձեռնամուխ է եղել գազալցակայանի ծածկի կառուցման շինարարական աշխատանքներին»,- տեղեկացրել է համայնքի ղեկավարը։

Թե որքանով է հիմնավորված ՏԿԵ նախարարի վերջին պատասխանը, որով բացասական կարծիք է հայտնել ծածկ կառուցելու վերաբերյալ՝ «ԱԳԼՃԿ-ի նախագծային փաստաթղթերը նախապես չեն համաձայնեցվել ՏԿԵ նախարարության հետ» պատճառաբանությամբ, կարծում ենք, կքննարկվի դատարանում։ Նկատի ունենանք, որ խոսքն արդեն օրինականացված գազալցակայանի մասին է, որտեղ ծածկ պետք է տեղադրվի։

Արենիի համայնքապետը «Հետքին» հայտնել է, որ փաստաթղթերի փաթեթի վերջին մերժումը Ա․ Կարապետյանին տրամադրել են 2024թ․ մայիսի 17-20-ն ընկած ժամանակահատվածում։ «Փաթեթը ստանալուց հետո Ա․ Կարապետյանը պատրաստակամություն էր հայտնել լրամշակել և ներկայացնել ամբողջական փաթեթը, սակայն ընդամենը 10 օրվա ընթացքում կառուցել է ապօրինի կառույցները։ Հունիսի 4-ին համայնքապետարանը գրություն է ստացել ոստիկանությունից նրա կողմից իրականացված շինարարական աշխատանքների մասին, որի հիմքով հարուցվել է վարչական վարույթ և 2024թ․հունիսի 26-ին ընդունվել է վարչական ակտ»,- հայտնել է Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը։

Արգամ Կարապետյանը հայտնեց, որ ծածկը կառուցել է, քանի որ ուներ ոլորտի համար պատասխանատու ՆԳՆ-ի և ՔՏՀԱ տեսչական մարմինների դրական պատասխանը։ Միաժամանակ, ՏԿԵ նախարարի նախորդ պահանջներն արդեն կատարել էր և իրենից նոր փաստաթուղթ չէր պահանջվում։   

Արգամ Կարապետյանը վարչական դատարանում նաև վիճարկել է Արենի համայնքի ղեկավարի վարչական վարույթի արդյունքներով 100 հազար դրամ տուգանք նշանակելու մասին 2024թ․ թիվ 322-Ա որոշումը։ Նշենք, որ վարույթից անհասկանալի է, թե դա որ ինքնակամ կառույցին է վերաբերում։ 

Վարչական դատարանը 2025թ․ սեպտեմբերին անվավեր է ճանաչել համայնքի ղեկավարի որոշումը: «Դատարանն արձանագրում է, որ վարչական գործում առկա ապացույցներով չի հաստատվում այն փաստական հանգամանքը, որ Արգամ Կարապետյանի կողմից Արենի համայնքի Արենի բնակավայրի 36-րդ փողոց, 4-րդ փակուղի թիվ 1 հասցեում գտնվող իր սեփական հողամասում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի իրականացվել է ապօրինի՝ ինքնակամ կառույցի շինարարություն ․․․»,- ասվում է վճռի պատճառաբանական մասում:

Արենի համայնքի ղեկավարին հարցրել ենք, թե ինչու այս գործով առարկություն չեն ներկայացրել դատարանին։ Նա հայտնել է, որ դատարանը պահանջել էր վարչական վարույթի գործը, այն տրամադրել են ու այդքանով բավարարվել։ Նշել է, որ դատական ակտի հետ համաձայն չեն և բողոքարկել են վարչական վերաքննիչ դատարան։

Մեր նախորդ հրապարակման մեջ գրել ենք, որ 2025թ․ սեպտեմբերին համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը հայցադիմում է ներկայացրել քաղաքացիական դատարան՝ խնդրելով պարտավորեցնել Արգամ Կարապետյանին քանդել ինքնակամ կառույցները և վերականգնել հողամասի նախկին տեսքը։

Արգամ Կարապետյանի փաստաբան Հովիկ Վարդանյանը հայցի դեմ առարկություն է ներկայացրել, որտեղ խոսքը միայն ծածկը քանդելու մասին է։ «Արգամ Կարապետյանն իր սեփական հողամասում գազալցակայանի ծածկ կառուցելու համար չի կարող ենթարկվել որևէ պատասխանատվության, նրա վրա չի կարող դրվել որևէ, ներառյալ՝ ծածկը քանդելու և հողամասի նախկին տեսքը վերականգնելու պարտականություն»,- գրել է փաստաբանը։

Վերջինս նշել է, որ շուրջ ութ ամիս համայնքապետարանը վարչական վարույթի ժամկետը երկարաձգելու որոշում չի կայացրել, հետևաբար, օրենքի ուժով ներկայացված հայտի (դիմումի) հիման վրա հարուցված վարույթի արդյունքում սահմանված 30 օրացուցային օրվա ժամկետում չընդունված վարչական ակտը համարվում է ընդունված։ Ուստի, 2024թ․ մարտից Ա․ Կարապետյանը սկսել է իրականացնել գազալցակայանի ծածկի կառուցման աշխատանքներ։ 

Հուսիկ Սահակյանին հարցրել ենք նաև, թե ինչ միջոցներ է ձեռնարկել ինքնակամ շինությունների կառուցումը թույլ չտալու կամ շինարարությունը դադարեցնելու համար։ Պատասխանում նա նշել է միայն գովազդային վահանակ տեղադրելու համար վարչական վարույթ հարուցելու և այն ապամոնտաժելու մասին։ Մեր հարցն այս անգամ վերաբերում էր համայնքի ղեկավարի թվարկած մյուս ինքնակամ կառույցներին՝ վառելիքի լիցքավորման 3 աշտարակ, վառելիքի ստորգետնյա հոր, սանհանգույց։ Այս հարցին համայնքի ղեկավարն ուղիղ պատասխան չի տվել։ Հայտնել է, որ Ա․ Կարապետյանը 10 օրում է կառուցել ինքնակամ շինությունները։

Հավաստի՞ է համայնքի ղեկավարի պատասխանը, հնարավոր չէր, արդյոք, այդ ժամանակամիջոցում դադարեցնել լիցքավորման աշտարակների և ինքնակամ համարվող մյուս շինությունների կառուցումը։ Բայց և փաստ է, որ դրանց մասով հարուցված վարչական վարույթներ չկան։ Միգուցե ճի՞շտ է Արգամ Կարապետյանը, երբ ասում է, որ համայնքապետարանի աշխատակազմում ոչ միայն տեղյակ են եղել շինարարության ընթացքից, որն ամիսներ է տևել, այլև այցելել են տարածք և հավանություն են տվել հողաշինական աշխատանքներին։ Մեզ համար անհասկանալի է նաև, թե, օրինակ, սանհանգույցն ինչո՞ւ պետք է ինքնակամ կառույց լինի, եթե օրենքը լցակայանի սեփականատերերին պարտավորեցնում է սանհանգույց ունենալ։ Հատկապես, երբ դրա շինթույլտվությունը իրավասու մարմնի հետ համաձայնեցնելու հարց չկա, այս մեկը համայնքի ղեկավարի լիիրավ իրավասության տիրույթում է։

Այս հրապարակման մեջ ներկայացրել ենք կողմերի պարզաբանումները և այս թեմայով ավելի շատ ծավալվելը ճիշտ չենք համարում, քանի որ գործը քննվելու է դատարանում։ Կարծում ենք, ճիշտ կլինի դատարանին թողնել կողմերի ներկայացրած փաստարկների արժանահավատությունն ու վերաբերելիությունը գնահատելը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter