Վանաձորի քաղաքապետի թեկնածու Կարեն Թումանյանի նախընտրական շտաբի հայտարարությունը
Վանաձորի քաղաքապետի թեկնածու, անկուսակցական Կարեն Թումանյանի նախընտրական քարոզարշավը օրեցօր առավել մեծ թվով կողմնակիցներ ու համախոհներ է գրավում: Դրան հակառակ՝ որոշ ուժեր ամեն կերպ խոչընդոտում են հանդիպումները, խանգարում Վանաձորում մեծ վստահություն վայելող թեկնածուի քարոզարշավի իրականացմանը:
Այսպես, օգոստոսի լույս 26-ի գիշերը Վանաձորի Տիգրան Մեծ - Մյասնիկյան խաչմերուկում պատռվել, ոչնչացվել են Կարեն Թումանյանի նախընտրական պաստառները: Իսկ օգոստոսի 26-ին՝ ժամը 15.00-ին, Դեմիրճյան թիվ 21 շենքի բակում ակնհայտ անսթափ վիճակում գտնվող մի անձնավորություն սպիտակ գույնի, 30-390 պետհամարանիշի «Նիվա» ավտոմեքենայով ահաբեկել է հանդիպման մասնակիցներին, վիրավորանք հասցրել հանդիպումը նկարահանող օպերատորին, բացահայտ արհամարհական վերաբերմունք ցույց տվել մի խումբ վանաձորցիների ու դիմել փախուստի:
Կարեն Թումանյանի նախընտրական շտաբը վճռական է տրամադրված՝ կանխելու նմանօրինակ քայլերը և մեծ ժողովրդականություն վայելող թեկնածուի կողմնակիցների անունից խստորեն դատապարտում է այդ միջադեպը: Նախընտրական շտաբը քաղաքապետի թեկնածու Կարեն Թումանյանի համախոհների անունից կոչ է անում իրավապահ մարմիններին ստույգ տվյալների, ակնհայտ փաստերի և թարմ հետքերի հիման վրա հայտնաբերել միջադեպի կազմակերպիչներին, պատվիրատուին և կատարողներին: Հատուկ կոչ ենք անում Վանաձորում գործող բոլոր լրատվամիջոցներին, որ բնականոն շարունակեն իրենց գործունեությունը և չենթարկվեն որոշ ստահակների հրահրած միջադեպերին:
Վանաձորի քաղաքապետի թեկնածու Կարեն Թումանյանի նախընտրական շտաբ
www.karentumanyan.com
[email protected]
Վանաձոր
Օգոստոսի 26, 2012
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել