HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

Դիլիջանում խոզաբուծարանի կեղտաջրերը լցվում են գետը

Դիլիջան քաղաքի սկզբնամասում՝ «Բեսթ վեսթերն փլաս փարադայս» և «Հաղարծին» հյուրանոցների հարևանությամբ, խոզաբուծարան է գործում։ «Հետքի» ընթերցողներից մեկը պատմել է, որ խոզաբուծարանի կոյուղաջրերը լցվում են այդ տարածքով հոսող Հովաջուր գետը։

2024 թվականի նոյեմբերի 22-ին Դիլիջանի համայանքապետի որոշմամբ Դիլիջան քաղաքի Կամոյի վերջնամասում գտնվող ապօրինի կառուցված տնտեսական նշանակության երկու շինություններն օրինական են ճանաչվել, և դրանց նկատմամբ գրանցվել է համայնքի սեփականության իրավունքը։

Նույն որոշմամբ 505 քմ հողամասին և դրա վրա առկա երկու շինություններին տրամադրվել է հասցե՝ Կամոյի փողոց 158։ Որոշման մեջ նաև նշված է, որ այս շինություններին սպասարկող հողամասը գտնվում է ջրապահպան անօտարելի գոտում։ Տնտեսական շինություններից մեկը 119.2, մյուսը՝ 152.7 քմ է։

2025 թվականի փետրվարի 26-ին համայնքի ղեկավարի մեկ այլ որոշմամբ Կիմա Մարգարյանին, որը կառուցել էր տնտեսական շինությունները, առաջարկվել է համայնքից վարձակալել դրանք և սպասարկող 505 քմ հողամասը։

Մարգարյանը համաձայնել է և համայնքի հետ կնքել վարձակալության պայմանագիր մինչև 2060 թվականի դեկտեմբերի 31-ը։ Վարձակալության տարեկան վճարը կազմում է 345 հազար դրամ կամ մեկ քմ-ի համար ամսական 57 դրամ։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Հետքին» հայտնել է, որ 2023 թվականին մշտադիտարկում է կատարել նշված անասնաֆերմայում։ Պարզվել է, որ անասնապահական ֆերման չի համապատասխանում իրավական ակտով սահմանված պահանջներին։

«Հիմք ընդունելով ձեր դիմումը՝ տեսչական մարմինը նորից վերահսկողական միջոցառում կիրականացնի նշված անասնապահական ֆերմայում։ Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի»,- նշված է տեսչական մարմնի պատասխանում։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին նույնպես հարցրել էինք՝ արդյոք ստուգումներ կատարել են տվյալ տարածքում։ Տեսչական մարմնից պատասխանել են, որ մեր հարցման հիմնա վրա կատարված ստուգման արդյունքում Հովաջուր գետի աղտոտման դեպք չի հայտնաբերվել։

Թեև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Հովաջուր գետի աղտոտման դեպք չի հայտնաբերել, սակայն «Հետքի» ընթերցողի տրամադրած տեսանյութում երևում է՝ ինչպես են անասնաֆերմայի կեղտաջրերը լցվում գետը։

Ի տարբերություն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Դիլիջանի համայնքապետարանն արձանագրել է թերացումներ և ժամանակ տվել դրանք շտկելու համար։

«Դիլիջանի համայնքապետարանը ստուգայցերի միջոցով իրականացրել է ստուգումներ, սեփականատերերին հորդորել և պահանջել, որպեսզի պահպանեն սանիտարական նորմերը, վերացնեն առկա թերությունները, ինչին լինելու ենք հետևողական»,- նշված է համայնքապետարանի պատասխանում։

«Հետքի» հետ զրույցում Կիմա Մարգարյանի որդին՝ Արամ Մարգարյանը ասաց, որ իրենք անում են ամեն ինչ, որ կեղտաջրերը գետը չլցվեն։ «Մենք մոտակայքում հոր ենք փորել, լցվում է այդ հորը։ Ոչ մի բան չի գնում գետը»,- ասաց Մարգարյանը։ 

Նա նաև նշեց, որ համայնքի կոյուղին լցվում է Հովաջուր գետը, սակայն այդ մասին ոչ ոք չի խոսում։

Պարզելու համար՝ արդյոք Դիլիջան քաղաքի կոյուղին լցվում է քաղաքի մոտկայաքով հոսող գետերը, «Հետքը» գրավոր հարցում ուղարկեց «Վեոլիա ջուր» ՓԲԸ։ «Վեոլիա ջուր» ընկերությունից պատասխանել են, որ Դիլիջանում գործող կոյուղու համակարգ կա և կեղտաջրերը հեռացվում են մինչև Հաղարծին գյուղում գտնվող մաքրման կայան։ Այս կոյուղագծի որոշ հատվածներ, սակայն, վնասվել են նախորդ տարի տեղի ունեցած հեղեղումների պատճառով և ներկայումս վերականգնման փուլում են։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter