HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Լուսանցագրություն. գլոբալացման հորձանուտում

Գլոբալացման մասին երբեմն խոսում են դրա լավ և վատ հետևանքների լեզվով. ինչպե՞ս օգտվել ընձեռված պատեհություններից և խուսափել անցանկալի ազդեցություններից: Մոտեցում, որն անտեսում է կատարվող փոխությունների արմատական բնույթը: Անցումը դեպի տեղեկատվական դարաշրջան ուղեկցվում է արդիության հիմնարար կառույցների, այդ թվում՝ հենց պետության ճգնաժամով, քաղաքացիական հասարակության հաստատությունների կազմալուծմամբ... Ոմանք պնդում են. «Ազգայնականությունը՝ որպես քաղաքական վարքի ձև, աստիճանաբար փոխարինվում է նոր անդրազգային իրողություններով», ինչին ի պատասխան հնչում է. «Մենք դեռևս աշխարհը վերլուծում ենք ըստ ազգերի»՝ անմիջապես վերապահումներ ավելացնելով այն մասին, որ ազգերը, մշակույթները վաղուց հայտնվել են շատ ավելի ընդարձակ պատկերի մեջ, որ լայնորեն շրջանառում են նոր իրողություններ մատնանշող մի շարք տերմիններ ու հասկացություններ. գլոբալացում, հիբրիդային, բազմամշակութային, ետազգային, անդրազգային և այլն, որոնք հիշեցնում են՝ աշխարհի մասին արդիությունից ժառանգած մեր պատկերացումներն արդեն սասանված են:

Ուրեմն, որքան էլ չափազանցված լինեն ազգ-պետության մայրամուտի, ետազգային դարաշրջանի գալստյան մասին պնդումները, այնքան էլ անհիմն չեն, և Հայաստանի համար ցավալի իրողություն է անկախություն ստանալ պատմական միանգամայն աննպաստ ժամանակաշրջանում՝ միանգամից հայտնվելով տարատեսակ կառույցների կազմում՝ ԱՊՀ-ից մինչև Եվրախորհուրդ, և Համաշխարհային բանկի նման միջազգային կազմակերպությունների հովանու ներքո, չունանալ պետություն կառուցելու տարրական հնարավորություններ: Այսպիսի դեպքերի համար Մանուել Կաստելսը գործածում է «կվազիպետականություն», «կվազի-ազգ-պետություն» արտահայտությունները: Պետություն այնքանով, որքանով առկա են ինքնիշխանության ձևական ատրիբուտները, և «կվազի», քանի որ սկզբից ևեթ տարբեր միություներում ու դաշինքներում զիջվել, տանուլ է տրվել ինքնիշխանությունը: Կարծեմ, Հայաստանն այս առումով այլևս զիջելու բան չունի: Այսպիսի պետությունը կորցնում է լեգիտիմությունը ոչ միայն արտաքին ուժերից ծայրաստիճան կախվածության, այլև լայնատարած կոռուպցիայի, կառավարման անարդյունավետության և այլ պատճառներով:

Այս պայմաններում ո՞րն է ազգայնականության կարգավիճակը, ինչպիսի՞ն պետք է լինի և ի՞նչ անելիքներ ունի: Ավելորդ է ասել, որ չկան հայ ազգային գաղափարաբանության պատմության՝ ժամանակակից տեսանկյունից արված քննադատական վերլուծություններ: Այդ թեմային նվիրված աշխատանքները, որպես կանոն, իրենք առաջին իսկ տողերից վերածվում են այդ գաղափարաբանության եռանդուն վերարտադրության: Նման թեմաների նվիրված հեռուստատեսային քննարկումներն իրենց ավարտին մոտ սովորաբար հասնում են «ո՞րն է ելքը» ծիսական հարցին: Համարվում է, որ հաղորդումը պարտավոր է տալ այդ հարցի պատասխանը, առաջարկել ելքեր (գոնե լավատեսական ավարտ ապահովելու համար), և իրականում մասնակիցներից շատերն ունեն այդ հարցի պատասխանը, ուրիշ բան, թե ում են պետք նրանց մատնանաշած «ելքերը»: Ողբալի է, իհարկե, որ մարդիկ հավատում են, թե նման հարցեր կարող են ձևակերպվել, քննարկվել, և ելքեր գտնվել հեռուստատեսային ստուդիաներում, լրագրային խմբագրականներում և այլն: Սա վկայում է ոչ միայն մարդկանց՝ հենց հիմա և այստեղ ելքեր գտնելու պարզամիտ հավակնության, այլև Հայաստանում հումանիտար մտքի ընդհանուր առմամբ անկյալ վիճակի մասին:

Ինձ թվում է, որ ետխորհրդահայ ինքնության ձևավորման ընթացքը եղել է ինքնաբուխ և չմտածված, իր մեջ առել իրարամերժ մղումներ, իսկ դրա հիմնական մատրիցը ժառանգվել է խորհրդային վերջին տասնամյակներից, երբ խորհրդահայությունն արդիության իմաստով առավել մոտ էր ազգ-պետության մոդելին՝ հաստատութենային (ինստիտուցիոնալ) կարողությունների, մշակութային ներկայացման (ռեպրեզենտացման) հնարավորությունների և այլնի առումով: Իհարկե, այս նույն շրջանում է, որ ռուսահպատակությունը խորապես ներհյուսվում է խորհրդահայ ինքնությանը, իսկ ռուսական հովանին ստանում գոյաբանական հանգամանք: Բայց եթե 1960-ականների և հաջորդ տասնամյակների համար հիմնական կարող է համարվել ազգային վերածնության գաղափարը, որը լծորդված էր Եղեռնի մասին խոսելու, ցեղասպանության զոհերի հիշատակության հնարավորության հետ, ապա այսօր վերածնության մասին խոսելն այնքան էլ տեղին չէ, և զարմանալի չէ, որ շեշտը դրվում է ցեղասպանության միջազգային ճանաչման վրա: Սրան ավելանում է համահայկականության, համազգային միասնության թեման («Մեկ ազգ, մեկ մշակույթ»):

Ներկա ազգայնական պոպուլիզմը (ոչ անպայման՝ պաշտոնական) փորձում է ներառել անհամատեղելի բաներ (Հայ առաքելական եկեղեցի և ցեղակրոնություն), համահայկականության անվան տակ քողարկել հակասությունները՝ թե հայաստանյան հասարակության տարբեր խավերի, թե հայության տաբեր հատվածների միջև: Դրա մի օրինակը, հանուն միասնական ուղղագրության հաստատման, «ավանդական ուղղագրությանը» վերադառնալու շարժումն է: Այն ոչ միայն տուրք է տալիս կորուսյալ առասպելական միասնությունը վերագտնելու ցանկությանը, այլև անտեսում հայության երկու հատվածների արդիականացման ուղիների, տպագրության դարաշրջանում արևմտահայ և արևելահայ մշակույթների և լեզուների միջև պատմականորեն ձևավորված, անհերքելի տարբերությունները: Այն ևս մեկ անգամ ի ցույց է դնում տարբերությունների հետ գործ ունենալու, դրանք որպես հարստություն դիտելու անկարողությունը:

Ուրեմն, գլոբալացման պայմանում ազգայնականությունը դեռ շարունակում է մնալ ինքնություններ ձևավորող, հանրույթներ վերակառուցող և միավորող ուժ, անհատական և հավաքական իմաստի աղբյուր: Հարցն այն է, թե ինչպիսի ինքնություններ և ինչ իմաստի. արդյոք այն գործում է որպես իշխանության լեգիտիմացման, ստատուս քվոյի պահպանման միջո՞ց (ինչ որ է, ի վերջո, տիրապետող գաղափարաբանության առաքելությունը), թե՞ ձգտում՝ ստացած ժառանգության քննադատական վերանայման, որ թերևս թույլ կտա որդեգրել միանգամայն տարբեր օրակարգ(եր):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter