Տեղի ունեցավ «Հայկական ճանապարհ» կուսակցության հիմնադիր համագումարը
Երեկ՝ նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ «Հայկական ճանապարհ» կուսակցության հիմնադիր համագումարը։ Կուսակցությունը ստեղծվել է «Արմենիա 2026» շարժման հիմքի վրա։
Համագումարի սկզբում բացման խոսքով հանդես եկավ «Արմենիա 2026» շարժման հիմնադիր Նարեկ Մանուկյանը։ Նա ներկայացրեց «Հայկական ճանապարհ» կուսակցության ստեղծման նպատակը և խոսեց ստեղծվելիք կուսակցության գաղափարախոսության մասին։
«Ես քաղաքականություն մտա, քանի որ այլևս ընդունելի չէ ապրել մի երկրում, որի ապագան որոշվում է թշնամի երկրների կամքով, արտաքին շահերով և անձնական շահ հետապնդող մարդկանց կարճատես պատկերացումներով։ Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ գլոբալիզմի անվան տակ ժողովրդին կտրում են իրենց ինքնությունից, աքսիոմ են դարձնում անատամ աշխարհաքաղաքական մտածողությունը և ազգերին փորձում են հարմարեցնել իրենց շահը սպասարկող հաշվարկներին»,- ասաց Մանուկյանը։
Նա նաև նշեց, որ «Հայկական ճանապարհ»-ը լինելու է աջ կենտրոնամետ քաղաքական ուղղվածության կուսակցություն։
Մանուկյանն անդրադարձավ Հայաստանի անվտանգային, դեմոգրաֆիական, տնտեսական խնդիրներին և ներկայացրեց դրանց լուծման իրենց պատկերացումները։
«Հայրենակիցներ, այսօր մենք մեկնարկում ենք երկար, դժվար, բայց ազնիվ ճանապարհ։ Սա հայկական ճանապարհն է։ Ճանապարհ, որտեղ մեր պետության շահը միշտ վեր է լինելու կուսակցական, անձնական կամ արտաքին որևէ հաշվարկից։ Ես վստահ եմ, որ միասին կկարողանանք կառուցել այն Հայաստանը, որի մասին այսօր երազում են հազարավոր հայեր՝ անվտանգ, ուժեղ, միավորված և ազգային։ Ճանապարհը սկսված է։ Եվ այդ ճանապարհի անունը մեկն է՝ «Հայկական ճանապարհ»»,- ելույթն ամփոփեց Մանուկյանը։
Համագումարի ընթացքում ընտրվեցին նաև կուսակցության խորհրդի և վերահսկիչ հանձնաժողովի անդամները։
«Հայկական ճանապարհ» կուսակցության ղեկավար ընտրվեց Նարեկ Մանուկյանը։ Մանուկյանը մասնագիտությամբ բժիշկ է, ավարտել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը։ 2019-2025 թթ. զբաղեցրել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնը։ 2023 թվականին Մանուկյանն ընտրվել է Երևանի ավագանու անդամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով։ 2025-ի մարտին հրաժարվել է ավագանու անդամի մանդատից։
Գլխավոր նկարում Նարեկ Մանուկյան, նկարը՝ «Հայկական ճանապարհ» ֆեյսբուքյան էջից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել