
Փարավոն Միրզոյանն ընդդեմ «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի դատական ակտը կհրապարակվի սեպտեմբերի 11-ին
Փարավոն Միրզոյանը և «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթն այդպես էլ չհաշտվեցին: Այսօրվա նիստում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս մասին հայտնեց Փարավոն Միրզոյանի փաստաբան Սիմոն Բաբայանը՝ նշելով, որ կողմերը հաշտության եզրեր չկարողացան գտնել:
Ս.Բաբայանը իր ելույթում հայտնեց, որ ամբողջությամբ պնդում է իր հայցը, ինչպես նաև դատարանին ներկայացրեց Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ մեդիա կենտրոնի» գործով Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումը, որը նախադեպային է վիրավորանքի և զրպարտության գործերով:
Օրաթերթի փաստաբան Հովիկ Արսենյանը նույնպես պնդեց իր առարկությունները, ինչպես նաև ավելացրեց, որ «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը պատշաճ պատասխանող չի կարող լինել, քանի որ օգտվել է «Հետք» օրաթերթի հրապարակումներից, և որ հենց «Հետքը» պետք է պատասխանող ընգրկվեր: Սակայն տեղեկացնենք, որ Հ.Արսենյանի այդ միջնորդությանն առարկել էր հայցվորի ներկայացուցիչը, իսկ դատարանը դեռ նախնական դատական նիստերի ընթացքում միջնորդությունը մերժել էր:
Այսպիով, սույն գործն ավարտվեց, և դատական ակտի հրապարակման օր նշանակվեց սեպտեմբերի 11-ը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել