ԵՄ պաշտոնյան հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանապարհ կգտնեն՝ պաշտպանելու իրենց մշակութային ժառանգությունը
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը (Marta Kos) հայաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Արցախից բռնագաղթած հայությանն ու վերադարձին:
Պատասխանելով «Հետքի» հարցին, թե ինչպիսին է իր անձնական կարծիքը արցախահայության վերադարձի վերաբերյալ, եւ ինչպիսին է այս ուղղությամբ ԵՄ քաղաքականությունը՝ Կոսը նախ նշել է, որ երբ 1990-ականների սկզբին սկսվեց հայ-ադրբեջանական պատերազմը, ինքը լրագրող էր աշխատում Գերմանիայում (Մ. Կոսը ծագումով սլովենացի է) եւ ամենօրյա ռեժիմով լուսաբանում էր այս թեման: Անդրադառնալով ներկային՝ ԵՄ հանձնակատարն ասել է, որ ԵՄ-ն եւ դրա առանձին անդամ երկրներ ու միջազգային ֆինանսական կառույցներ մեծ օգնություն են հատկացրել ԼՂ-ից հեռացած հայերին: «Հետքի» ճշգրտող հարցին, թե ինչ կարող է ասել արցախահայության վերադարձի մասին, Մարթա Կոսը պատասխանել է. «Չգիտեմ: Գուցե դա եւս կլինի [հայ-ադրբեջանական] քննարկման մաս»:
ԵՄ բարձրաստիճան մեկ այլ պաշտոնյա լրագրողների հետ ոչ հրապարակային հանդիպմանը, անդրադառնալով «Հետքի» նույնատիպ հարցին, նշել է, որ 2023 թ.-ից հետո ԵՄ-ն աջակցում է ԼՂ-ից բռնագաղթած հայերի վերադարձին, բայց հավելել է, որ խնդիրը դիտարկվում է 1990-ականներին սկիզբ առած կոնֆլիկտի ժառանգության տեսանկյունից, այն է՝ հայերի համար կա ոչ միայն Լեռնային Ղարաբաղ, այլեւ, օրինակ, Բաքու եւ Սումգայիթ վերադառնալու խնդիր, նմանապես ադրբեջանցիների համար՝ Հայաստան վերադառնալու հարց: «ԵՄ-ն աջակցում է բոլոր տեղահանվածների վերադարձին»,- նկատում է պաշտոնյան ու հավելում, որ Հայաստանում հանդիպել է ԼՂ ներկայացուցիչների եւ տեսել, որ նրանք բավականին դժվար ժամանակներ են ապրում. կան թե՛ կեցավայրի, թե՛ աշխատանքի, թե՛ հոգեբանական տրավմաների հարցեր:
«Հետքի» խնդրանքով ԵՄ բարձրաստիճան երկու պաշտոնյաներն անդրադարձել են նաեւ Արցախում հայկական մշակութային ժառանգության եւ բնակավայրերի պահպանությանը:
«Եվրամիության ընդհանուր քաղաքականությունն այն է, որ մշակութային ժառանգությունը եւ առհասարակ մշակույթը մեր ինքնության շատ կարեւոր մասերից մեկն է: Ուստի, հույս ունեմ, որ երկու երկրներն էլ (Հայաստանն ու Ադրբեջանը – հեղ.) կգտնեն ճանապարհ՝ պաշտպանելու իրենց մշակութային ժառանգությունը: Այն կապ ունի ավանդույթների, անցյալի, մեր հոգու, մեր լեզվի հետ,- ասում է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը,- մշակութային ժառանգությունը միայն շինությունները չէ, այն շատ ավելին է: Այնպես որ ԵՄ հիմնական սկզբունքներից մեկը մշակութային ժառանգության պաշտպանությունն է, եւ մենք մշակութային ծրագրերի միջոցով մեծ գումարներ ենք ներդնում՝ պահպանելու մշակութային ժառանգությունը մեր անդամ երկրներում»:
ԵՄ մյուս պաշտոնյան նկատել է, որ իրենք ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու գործնական ուղիներ են փնտրում, այդ թվում՝ օտարերկրացի մասնագետների հավանական ներգրավմամբ, սակայն ադրբեջանցիներն ամեն անգամ բերում են իրենց փաստարկները, եւ գործընթացը, ընդհանուր առմամբ, բավականին դժվար է ընթանում:
Արձագանքելով «Հետքի» եւս մի հարցի, թե արդյոք ԵՄ-ն Ադրբեջանի հետ բանակցություններում քննարկում է Բաքվում պահվող եւ դատավարական պրոցեսի մեջ գտնվող հայ գերիների հարցը, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը նշել է, որ նման քննարկումներ չեն եղել:
Լուսանկարում՝ Մ. Կոսը՝ հայաստանցի լրագրողների հետ հանդիպմանը, 01.12.2025
Բրյուսել
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել