HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինծառայության 24-ամսյա ժամկետը նախատեսվում է դարձնել 18 ամիս

Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը նախատեսվում է փոխարինել 18-ամսյա ծառայության ժամկետով՝ դրա գործողությունը տարածելով 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա:

2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակում Զինված ուժերի համալրումը սկսվելու է 2026 թվականի հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամսյա ժամկետով ծառայություն են իրականացնելու 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները:

Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա: Այս մասին դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ հերթական նիստում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Ստորեւ՝ ԱԺ հաղորդագրությունը քննարկման մասին։

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ հիմնական զեկուցողի՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել վերջին տարիների պայմանագրային զինվորական ծառայության գրավչության ավելացման եւ ընդլայնման ուղղությամբ կատարված շարունակական աշխատանքների շնորհիվ:

Պաշտպանության նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով օրենքի հետադարձ ուժ չունենալուն, 18-ամսյա ծառայության ընթացքում նախատեսվող արձակուրդի օրերին վերաբերող հարցերին: Նա խոսել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի, զինվորական ծառայության գրավչությունն ավելացնելուն ուղղված քայլերի մասին:

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ հանձնաժողովում բովանդակային քննարկում է եղել նախագծի վերաբերյալ եւ որոշմանը հանգել են բանակում բարեփոխումների իրականացման համատեքստում: Տեղեկացնելով, որ հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն: Անդրանիկ Քոչարյանը կոչ է արել կողմ քվեարկել նախագծին:

Նախագծի վերաբերյալ ելույթներ են ունեցել պատգամավորները՝ կարեւորելով զինվորական ծառայության գրավչության բարձրացմանն ուղղված ծրագրերը, համակարգում իրականացվող բարեփոխումները, անդրադառնալով առկա խնդիրներին:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթում խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ներկայացրել է իր դիտարկումները  «պաշտպանունակ բանակ» հասկացության վերաբերյալ:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ընդգծել է, որ բանակում կատարվող բարեփոխումներն իրականացվում են խաղաղության շնորհիվ, որն անկասելի է դարձնելու ՀՀ զարգացումը:

Եզրափակիչ ելույթներում Անդրանիկ Քոչարյանն ու Սուրեն Պապիկյանն անդրադարձել են ելույթներում բարձրացված հարցերին, դիտարկումներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter