HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Մկրտչյանը՝ ԿԿՀ անդամի թեկնածու

Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի նիստում քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Մրցութային խորհրդի որոշմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկվել է Վահե Մկրտչյանի թեկնածությունը: 

Թեկնածուի կենսագրական, մասնագիտական եւ աշխատանքային տվյալները ներկայացրել է Մրցութային խորհրդի անդամ Արուսյակ Ջուլհակյանը: Ստորեւ՝ քննարկման մասին ԱԺ հաղորդագրությունը։

Թեկնածու Վահե Մկրտչյանի գնահատմամբ կոռուպցիայի դեմ պայքարը իրավական կամ քաղաքական խնդիր չէ, այլ ազգային անվտանգության, սոցիալական արդարության եւ մեր պետության ապագայի հարց: Թեկնածուն նշել է, որ իր գործունեության առանցքը լինելու է կանխարգելման մշակույթի ամրապնդումը:

Կարեւորվել է թափանցիկության եւ հաշվետվողականության մեխանիզմների զարգացումը, յուրաքանչյուր քաղաքացու համար առավելագույն հրապարակային եւ հասկանալի պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, էթիկայի հանձնաժողովների, բարեվարքության հարցերով կազմակերպիչների եւ ծախսերի գործընթացների որոշումների կայացումն ու ընթացակարգերը, ռիսկերի վերլուծությունը եւ վաղ արձագանքումը, կոռուպցիոն ռիսկեր պարունակող ոլորտներում աշխատանքների բարելավումը:

Վահե Մկրտչյանի խոսքով ազդարարման համակարգի արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է, որ ազդարարները լինեն պաշտպանված, իսկ հաղորդումները ողջամիտ ժամկետում եւ անկողմնակալ քննարկվեն: Թեկնածուն վստահեցրել է, որ կողմ է ՀՀ կառավարության որդեգրած հակակոռուպցիոն քաղաքականությունը:

Կոռուպցիոն բացերը չեզոքացնելու առումով կարեւորվել են օրենսդրական ոլորտում բարեփոխումները, քաղաքացիական հասարակության ներգրավումը, բուհերի, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների եւ փորձագիտական շրջանակների հետ համագործակցությունը: Վահե Մկրտչյանն անդրադարձել է հանձնաժողովի աշխատակազմի մասնագիտական կարողությունների զարգացմանը, միջազգային փորձի տեղայնացմանը, կրթական ծրագրերի ու հանրային իրազեկման կարեւորությանը:

«Կոռուպցիան մեր երկրի տնտեսական աճի, ներդրումների ներգրավման, դատական համակարգի անկախության եւ քաղաքացիների բարեկեցության գլխավոր արգելքներից է»,- փաստել է թեկնածուն եւ հավելել, որ իր նպատակն է ոչ թե պարզապես զբաղեցնել այս պաշտոնը, այլ ապահովել, որ հանձնաժողովի գործունեությունը դառնա առավել տեսանելի, արդյունավետ եւ հանրության կողմից վստահելի:

«Միայն համատեղ ջանքերով՝ Կառավարություն, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, այլ պետական մարմիններ եւ քաղաքացիական հասարակություն, հնարավոր կլինի հասնել կտրուկ փոփոխությունների»,- եզրափակել է ելույթը Վահե Մկրտչյանը:

Հարցուպատասխանի եւ ելույթների ձեւաչափում պատգամավորներն անդրադարձել են քաղաքական կոռուպցիա երեւույթին եւ դրա հնարավոր ռիսկերին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի քվոտան խորհրդարանական ընդդիմությանը հատկացնելու հնարավորությանը: Կարեւորվել է կոռուպցիայի վաղ կանխարգելումն ու այս համատեքստում անդրադարձ եղել հանրության ընկալմանն այս երեւույթին: Ընդգծվել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակական է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter