Տեխնիկական սխա՞լ, թե լիազորությունների չարաշահում. արբիտրաժում նույն գործով երկու հակասական վճիռ է կայացվել
Ֆինանսական արբիտրը քաղաքացու օգտին վճիռ կայացնելուց և այն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ինքնաբացարկ է հայտնել: Երկրորդ արբիտրը էլեկտրոնային համակարգում վճիռ «չհայտնաբերելով»՝ վարույթ է ընդունել նույն գործը: Մինչդեռ նրա ձեռքի տակ եղել է կայացված վճիռը՝ օրինականությունը ստուգելու QR կոդով: Փաստացի «վերակենդանացնելով» բանկի մերժված հայցը՝ երկրորդ արբիտրը բավարարել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի հայցը՝ ի վնաս քաղաքացու։ Այժմ նույն գործով երկու իրարամերժ վճիռ կա, ինչը, սակայն, իրավապահների համար հիմք չէ քրեական վարույթ նախաձեռնելու և կատարվածը պարզելու համար:
«Արդշինբանկ» ՓԲԸ-ի և քաղաքացի Լալա Գևորգյանի միջև 2014թ. դեկտեմբերին կնքվել է վարկային պայմանագիր՝ տրամադրելով 14.300 ԱՄՆ դոլար վարկ։ Կողմերի միջև կնքվել է նաև անշարժ գույքի առուվաճառքի և գրավի պայմանագիր։
Քաղաքացու կողմից պայմանագրային պարտավորությունները պատշաճ չկատարելուց հետո բանկը 2025թ. փետրվարի 19-ին հայցադիմում է ներկայացրել Բանկերի միության Ֆինանսական (ԲՄՖ) արբիտրաժ՝ 101 հզր 144 ԱՄՆ դոլար (տույժ ու տուգանքը ներառյալ) և մոտ 589 հազ. դրամ բռնագանձելու պահանջի մասին։
Ֆինանսական արբիտրաժի արբիտր Ստեփան Միքայելյանի վարույթում գործի քննության ընթացքում քաղաքացու փաստաբանը հայցադիմումի պատասխան և միջնորդություն է ներկայացրել՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին: Ստեփան Միքայելյանը 2025թ. մայիսի 31-ին վճռել է բանկի պահանջը մերժել: Վճիռն օրինական ուժի մեջ է մտել կայացման պահից:
Արբիտր Ս. Միքայելյանը հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը բավարարել է այն հիմնավորմամբ, որ բանկը դեռևս 2015թ.-ին Լ. Գևորգյանից պահանջել է վարկի ամբողջական մարում և իրավասու էր դատարան դիմել դրան հաջորդող 3 տարվա ընթացքում, սակայն հայցը ներկայացրել է 2025թ. փետրվարին։
Վճռի օրինակը Լ. Գևորգյանը ստացել է մոտ մեկ ամիս անց՝ հունիսի 27-ին: Սակայն օրեր անց՝ հուլիսի 4-ին, քաղաքացին ստացել է Ֆինանսական արբիտրաժի արբիտր Գրիգոր Բեքմեզյանի որոշումը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին, որը թվագրված է 30․06․2025թ. ամսաթվով։ Նշված որոշմամբ Գ. Բեքմեզյանը վարույթ է ընդունել այն հայցադիմումը, որի վերաբերյալ արդեն իսկ Ս. Միքայելյանը կայացրել է վճիռ։
Լ. Գևորգյանը օրեր անց՝ հուլիսի 8-ին ստացել է արբիտր Ստեփան Միքայելյանի 2025թ. հունիսի 28-ի՝ «Ինքնաբացարկ հայտնելու մասին» որոշումը։ Այսինքն՝ արբիտր Միքայելյանը վճռից մոտ մեկ ամիս հետո ինքնաբացարկի որոշում է կայացրել՝ հստակ չպատճառաբանելով, թե ինչու: Սա այն դեպքում, երբ 2025թ. մայիսի 31-ի վճիռն օրինական ուժի մեջ է մտել կայացման պահից, հետևաբար դրանից հետո դադարել է արբիտր Ս. Միքայելյանի իրավասությունը տվյալ գործի նկատմամբ, և վերջինս չէր կարող այդ գործով ինքնաբացարկ հայտնել:
Լալա Գևորգյանի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Տոնոյանն առարկություն է ներկայացրել Արբիտրաժ՝ հայտնելով, որ գործով արդեն կայացվել է վճիռ, և արբիտր Գրիգոր Բեքմեզյանն իրավասու չէ քննելու նույն գործը։ Սակայն, արբիտր Գ. Բեքմեզյանը 2025թ. հուլիսի 29-ին վճիռ է կայացրել, որով բանկի պահանջը մասնակի բավարարել է՝ քաղաքացուց բռնագանձելով 54 հազ. 332 ԱՄՆ դոլար և մոտ 589 հազ. դրամ:
Վճռում անդրադառնալով քաղաքացու անունից ներկայացված միջնորդությանը՝ որ գոյություն ունեցող վճռի պարագայում չէր կարող նույն գործը վարույթ ընդունել, Գ. Բեքմեզյանը նշել է, թե համակարգի տվյալների համաձայն՝ 2025թ. հունիսի 22-ին վճիռը չեղարկվել է, նույն օրը արբիտր Ս. Միքայելյանի կողմից երկու անգամ կատարվել է փաստերի խմբագրում։ Ըստ արբիտր Բեքմեզյանի՝ համակարգում որևէ ամսաթվով վճիռ գեներացված չէ, հետևաբար՝ փաստերի համակցությունը թույլ է տալիս տրիբունալին եզրակացնել, որ նախորդ արբիտրի կողմից վճռի ստորագրումը և դրա ավտոմատ ուղարկումը կողմերին եղել է տեխնիկական-ծրագրային սխալի արդյունք: Հատկապես, որ վճռի կայացումից և դրա չեղարկումից հետո արբիտր Միքայելյանը շարունակել է վճռի նախագծի վրա գործողություններ կատարել, այն է` իրականացնել փաստերի խմբագրում։ Այս պայմաններում տրիբունալը գտել է, որ իրավասու է շարունակել գործի քննությունը:
«Ինչ վերաբերում է արբիտրի կողմից ներկայացված ինքնաբացարկին, ապա սույն տրիբունալը իրավունք չունի անդրադառնալու այդ հարցին, քանզի ինքնաբացարկը հանդիսանում է արբիտրի միանձնյա և բացառիկ որոշումը»,- նշված է Գ. Բեքմեզյանի ստորագրած վճռում:
Անդրադառնալով հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությանը՝ Գ. Բեքմեզյանը գտել է, որ հայցային վաղեմության ժամկետը լրացած չի եղել, քանի որ քաղաքացին 2021թ. մարտին դիմել է բանկին և խնդրել ներել ժամկետանց վարկը և տույժ-տուգանքները, հետևաբար այդ ժամկետն ընդհատվել է։
Կարեն Տոնոյանը նշում է, որ Բեքմեզյանի նման եզրահանգումը իրավաբանության հետ որևէ աղերս չունի և պետք է արժանանա իրավական գնահատականի: Մասնավորապես՝ այն դեպքում, երբ 2018թ. սեպտեմբերին այլևս լրացած է եղել դատարան դիմելու հայցային վաղեմության ժամկետը, դրանից հետո ներկայացված ցանկացած դիմում, բողոք, խնդրանք և նույնիսկ վարկի մասնակի մարումը չէր կարող հիմք հանդիսանալ հայցային վաղեմության ժամկետը ընդհատելու համար։
«Ինչպե՞ս կարող է ընդհատվել մի բան, որն այլևս ավարտված է»,-ասում է Կարեն Տոնոյանը:
Կ. Տոնոյանը դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ պահանջելով չեղարկել Արբիտրաժի 2025թ. հուլիսի 29-ի վճիռը:
Փաստաբանը դատարանում վիճարկման հարց է դարձրել նաև Գ. Բեքմեզյանի՝ վճռի չեղարկմանը վերաբերող եզրահանգումը: Մասնավորապես՝ իրավական համակարգում նման լիազորություն ունի միայն վերադաս մարմինը։ Արբիտրաժային վարույթներում արդեն իսկ կայացված վճռի չեղարկում կարող է կատարել միայն Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը։
«Ստացվում է, որ արբիտրը իրեն վերապահել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավորի լիազորություն և չեղարկել է արդեն իսկ կայացված վճիռը»,-նշում է Կ. Տոնոյանը։
Բացի այդ, Գ. Բեքմեզյանը նաև նշել է, որ 31.05.2025 թվագրմամբ վճիռ առկա չէ այն դեպքում, երբ 2025թ. հուլիսի 9-ի առարկությանը կից նրան ներկայացվել է արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած վճիռը, որը էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրված է արբիտր Ս. Միքայելյանի կողմից։ Վճռի վրա առկա է QR կոդ, որի ստուգումը ևս հաստատում է դրա իսկական լինելը։
«Եթե Գ. Բեքմեզյանը գտնում էր, որ Լ. Գևորգյանի ներկայացուցչի կողմից ներկայացված վճիռն իրականում գոյություն չունի, ապա պարտավոր էր նշվածի վերաբերյալ հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններին։ Արբիտրաժային վարույթի գործով արդեն իսկ կայացված վճռի առկայության պայմաններում նոր վճռի կայացումը հակասում է ինչպես ֆինանսական արբտրաժի կանոնակարգին այնպես էլ օրենքին»,- ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած դիմումում նշել է քաղաքացու ներկայացուցիչը:
Կ. Տոնոյանի դիտարկմամբ՝ վճռի գործողությունը սկսվում է օրինական ուժի մեջ մտնելու պահից։ Այդ պահից էլ դատական ակտը դառնում է վերջնական, քանի որ սպառվում է դրա հետագա բողոքարկման ու վերանայման հնարավորությունը: Վճիռը որոշակիացնում է վեճի կողմերի սուբյեկտիվ իրավունքները և պարտականությունները՝ վերջնականորեն դադարեցնելով վեճը։
«Գտնում ենք, որ ՀԲՄ ֆինանսական արբիտրաժի 31.05.2025թ. վճռի առկայության պայմաններում այլևս չէր կարող կայացվել նոր վճիռ և վճռի առկայության պայմաններում նույն գործով կրկին վճիռ կայացնելը իր մեջ պարունակում է հանցագործության հատկանիշներ»,-ասում է Կ. Տոնոյանը և հավելում, որ դրանով խախտվել է նաև ՀՀ հանրային կարգը:
Մասնավորապես՝ որպես իրավական պետություն, Հայաստանի Հանրապետությունը հայտարարում և երաշխավորում է անձանց հիմնարար իրավունքների և ազատությունների պատշաճ իրականացումը և պաշտպանությունը, որի դրսևորումներից է հանդիսանում արդար դատաքննության իրավունքը։ Իսկ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները և Եվրոպական դատարանի կայուն նախադեպային իրավունքը, բազմիցս արձանագրել է, որ իրավական որոշակիության սկզբունքի առանցքային տարրերից մեկը դատական ակտերի կայունության սկզբունքն է, որի ցանկացած խախտում հանգեցնում է իրավական որոշակիության խաթարման ու ազդում իրավունքի գերակայության սկզբունքի վրա։
Լ. Գևորգյանի ներկայացուցիչը 2025թ. մարտի 17-ին դիմում է ներկայացրել ՀԲՄ ֆինանսական արբիտրաժ՝ գործով բանավոր լսումներ իրականացնելու մասին։ Արբիտրաժային տրիբունալը միջնորդությունը չի քննարկել: Ավելին՝ Գ. Բեքմեզյանը 2025թ. հուլիսի 29-ի վճռում արձանագրել է, որ «կողմերից որևէ մեկը չի ներկայացրել միջնորդություն՝ բանավոր լսումներ անցկացնելու մասին»։ Սա էլ հանգեցրել է քաղաքացու՝ իր գործը ներկայացնելու հնարավորությունից զրկված լինելու իրավունքի խախտման:
2025թ. սեպտեմբերին քաղաքացին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ Գ. Բեքմեզյանի կողմից ծառայողական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ: Շարադրվել են բոլոր փաստական տվյալները՝ ցույց տալու համար, որ դրսևորվել է դիտավորություւն՝ ի վնաս քաղաքացու:
Հաղորդումը հասցեագրվել է Հակակոռուպցիոն կոմիտեին, որտեղից էլ 2025թ. հոկտեմբերի 9-ին գրավոր հայտնել են, թե հաղորդման հիման վրա քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն չի կազմվել, քանի որ «հաղորդումն առերևույթ հանցանքի մասին չէ, դրանով չի փարատվում այնպիսի դեպք, գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական»:
Քրեական վարույթ չնախաձեռնելու օրինականությունը հաստատվել է հսկող դատախազի կողմից: Այս որոշումը բողոքարկվել է Գլխավոր դատախազություն, սակայն բողոքը մերժվել է: Կ. Տոնոյանի փոխանցմամբ՝ այս հարցով ևս դիմել են դատական պաշտպանության, որպեսզի վարույթ նախաձեռնվի:
Կ. Տոնոյանը դիմել է նաև Կենտրոնական բանկի և Հայաստանի բանկերի միության նախագահներին՝ տեղեկացնելով, որ Գ. Բեքմեզյանը ցուցաբերել է դիտավորություն՝ Ս. Միքայելյանի կայացրած օրինական վճիռը շրջանցելու և «Արդշինբանկ» ՓԲԸ-ի օգտին գործողություններ կատարելու համար։ Խնդրել է նրանց միջամտությունը՝ քաղաքացու իրավունքների խախտումը վերացնելու համար։
Կենտրոնական բանկից պատասխանել են, թե խնդրանքի բավարարումը ենթադրում է միջամտություն բանկի ընթացիկ գործունեությանը: Մինչդեռ վարկ տրամադրող կազմակերպությունները գործող վարկերի սպասարկման վերաբերյալ որոշումները կայացնում են ինքնուրույն՝ ելնելով գործող օրենսդրության և իրենց ներքին ընթացակարգերի պահանջներից:
ԿԲ-ից հայտնել են նաև, որ պայմանագրային հարաբերություններից առաջացած վեճի վերաբերյալ առկա է Արբիտրաժային դատարանի վճիռ, ինչի պայմաններում իրավասու չեն խնդրանքին միտված աջակցություն ցուցաբերել:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը Գ. Բեքմեզյանի վճիռը չեղարկելու պահանջով որոշումը կհրապարակի 2025թ. դեկտեմբերի 10-ին: Գործով դատավորը Արտուշ Ավագյանն է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել