Դատարանը կքննարկի՝ թույլատրե՞լ Բագրատ սրբազանին մասնակցել եպիսկոպոսաց ժողովին, թե ոչ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն դեկտեմբերի 10-12-ը եպիսկոպոսաց ժողով է հրավիրել՝ քննության առնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր։
Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստին Բագրատ սրբազանի պաշտպան Տաթևիկ Սողոյանը միջնորդեց վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխել կամ վերացնել, քանի որ Բագրատ սրբազանը արքեպիսկոպոս է և իրավունք ունի մասնակցելու եպիսկոպոսաց ժողովին։
«Այս հարցը կքննարկվի դեկտեմբերի 11-ին»,- ասաց դատավոր Կարեն Ֆարխոյանը։
Պաշտպանները նշեցին, որ եպիսկոպոսաց ժողովը դեկտեմբերի 10-ից է սկսվում և առաջարկեցին ավելի շուտ նշանակել դատական նիստը։
Դատավոր Կարեն Ֆարխոյանը միայն այս միջնորդությունը քննելու համար որոշեց դատական նիստ նշանակել դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15։30-ին։
Դատական նիստի ավարտից հետո Բագրատ Սրբազանը հայտնեց, որ որևէ ակնկալիք չունի երեքշաբթի օրը կայանալիք դատական նիստից։
Դատարանն այսօր նաև որոշել էր երեք ամսով երկարաձգել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանք խափանման միջոցի ժամկետը։
Արթուր Սարգսյանի մերձավոր հարազատներին՝ քույրերին ու եղբորը, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին կթույլատրվի Արթուր Սարգսյանի բնակության վայրում հանդիպել նրա հետ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել