HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրինագիծն ընդունվել է 1-ին ընթերցմամբ

Հայաստանում ոչ վայրի կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության, հստակ կարգավորումներ չունեն: Բաց է տնային, թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների հետ կապված համալիր եւ ամբողջական կարգավորումների դաշտը:

Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովում  առաջին ընթերցմամբ քննարկվել է «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական նախագծերով: Օրենսդրական փաթեթի հեղինակներն են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Մերի Գալստյանը եւ Արուսյակ Մանավազյանը: Ստորեւ՝ ԱԺ հաղորդագրությունը նախագծի քննարկման եւ ընդունման մասին։

Մերի Գալստյանի տեղեկացմամբ օրենքի նախագծով  սահմանվում են ՀՀ տարածքում տնային եւ թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային կամ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները:

Փաթեթի առանձին կարգավորումներ վերաբերում են թափառող կենդանիների, մասնավորապես` շների հետ կապված հիմնախնդրի լուծմանը, նրանց ստերջացմանն ու որդեգրմանը:

Մասնավորապես, նախատեսվում է մարզկենտրոններում կառուցել 1-3 կենդանիների կացարան` վայր, որտեղ կերակրվելու, բուժվելու կամ պահվելու են թափառող, կորած կամ լքված կենդանիները, ինչպես նաեւ  ժամանակավոր պահման եւ կերակրման հանձնված կենդանիները:

Մերի Գալստյանի խոսքով, օրենսդրական փաթեթի մշակումը սկսվել է  2019 թվականից, ինչի պատճառ հանդիսացել են  նաեւ կենդանինիերի նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ ահազանգերը:

Նախագծերի ընդունման եւ կիրակման արդյունքում ակնկալվում է նվազեցնել կենդանիների նկատմամբ դաժան եւ անպատասխանատու գործողությունները եւ ունենալ իրավական մեխանիզմներ, որոնք կապահովեն կենդանիների բարեկեցությունն ու պաշտպանվածությունը:

Նախագծերի մշակման փուլում հեղինակներն  ուսումնասիրել են շուրջ 20 երկրի ոլորտային փորձը: Տեղի են ունեցել քննարկումներ Կենդանիների պաշտպանության հարցերով աշխատանքային խմբի անդամների,  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների, կենդանասերների, պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Մտքերի փոխանակության ընթացքում Մերի Գալստյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են շների ստերջացմանը,  քնեցմանը, կենդանիների ցանկին, թափառող շների չիպավորմանը, մարդկանց վրա թափառող շների հարձակումներին եւ այլն:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը փաթեթի վերաբերյալ ներկայացրել է Լիլիթ Կիրակոսյանը:

Կառավարության դրական կարծիքը փաթեթի վերաբերյալ ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

Փոխնախարարի տեղեկացմամբ գործադիր մարմնի  ներկայացրած առաջարկները   հեղինակները մեծամասամբ  ընդունել են:

Եզրափակիչ ելույթում Մերի Գալստյանն անդրադարձել է գործընկերների հարցերին եւ դիտողություններին, տվել պարզաբանումներին:

Օրենսդրական փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Փաթեթի քննարկման ավարտից հետո պատգամավորները քվեարկություններով ընդունել են հերթական նիստերի ընթացքում քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:

62կողմ, 27 դեմ եւ 3 ձեռնպահ ձայնրի հարաբերակցությամբ Ազգային ժողովն ընդունել է «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter