Դատախազությունն ուսումնասիրում է ստեղծագործական միություններին պատկանող գույքը
Կառավարության դեկտեմբերի 4-ի նիստում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը տեղեկացրել է, որ դատախազությունն ուսումնասիրում է պետական սեփականություն հանդիսացող այն գույքերը, որոնք ապօրինաբար տնօրինում են ՀԿ-ները։ «Դրանք տարբեր տեսակի միություններն են: Այս պահին ուսումնասիրության ներքո են գտնվում ժուռնալիստների, Նկարիչների, Գրողների միությունները և մի շարք այլ ստեղծագործական միավորումներին պատկանող գույքեր: Իրականում մենք նրանց աշխատանքի մասով որևէ միջամտություն և խնդիրներ չենք ստեղծում: Մենք ընդամենը թույլ չենք տալիս, որպեսզի այդ օտարումների շղթան շարունակվի: Բարեբախտաբար, մեր կողմից կատարված ուսումնասիրություններում դեռևս չեն հասցրել մեծ քանակի գույքեր օտարել: Համեմատաբար վատ վիճակում է Նկարիչների միությունը, մնացածի մասով, կարծես, շատ չենք ուշացել: Այստեղ մենք ընդամենը խզում ենք այդ հնարավոր կոռուպցիոն շղթան, քանի որ գույքերը չեն օտարվում ուղղակի: Օտարվում են այս անձանց հետ փոխկապակցված անձանց: Ըստ էության, այդ անձանց կողմից գույքը ձեռք է բերվում էժան և հետագայում օտարվում է երրորդ անձանց՝ մի քանի տասնյակ ու հարյուր անգամ թանկ: Մենք այս շղթաներն ենք ուսումնասիրում և այս պահին թույլ չենք տալիս, որպեսզի օտարումները շարունակվեն»,- ասել է Աննա Վարդապետյանը:
Արձագանքելով դատախազին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ստեղծագործական միությունների գործունեությունը որևէ ձևով խոչընդոտելու ո՛չ մտադրություն, ո՛չ ցանկություն, ո՛չ էլ սպառնալիք կա: Այդպիսի խնդիր ընդհանրապես չկա: Խոսքը ՀՀ-ին և հանրությանը պատկանող գույքի պատշաճ կառավարման և պատշաճ հարաբերություններ հաստատելու մասին է»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել