Դատարանն անվավեր է ճանաչել Երևանի ավագանու որոշումը. օրենքի խախտումով են դադարեցվել ավագանու անդամի լիազորությունները
Վարչական դատարանը 2025թ. դեկտեմբերի 1-ին անվավեր է ճանաչել Երևանի ավագանու որոշումը, որով դադարեցվել են ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ Գրիգորի Երիցյանի լիազորությունները: Դատարանն արձանագրել է, որ որոշումը կայացվել է Սահմանադրության և օրենքի խախտմամբ, հետևաբար այն անվավեր է:
Երևանի ավագանին 2024թ. սեպտեմբերի 10-ին որոշել է վաղաժամկետ դադարեցնել ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամ Գրիգորի Երիցյանի լիազորությունները: Պատճառաբանությունն այն է, որ լինելով Երևան քաղաքի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ՝ ավագանու անդամի լիազորությունները ստանձնելուց հետո բացակայել է հանձնաժողովի 7 նիստերից 6-ից, իսկ Երևան քաղաքի ավագանու 5-րդ գումարման երկրորդ նստաշրջանի ընթացքում՝ 5 նիստերից 4-ից:
Լիազորություններից զրկված ավագանու անդամը նույն տարվա հոկտեմբերին դիմել է Վարչական դատարան՝ ավագանու նշված որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:
Գ. Երիցյանի ներկայացուցիչները դատարանում նշել են, որ Երևանի ավագանին ընտրվում է օրենքներին համապատասխան և իր լիազորություններն իրականացնում է անկախ և գործում է միայն ի շահ Երևանի՝ նրա անունից: Համայնքի ավագանին հանդիսանում է ժողովրդի իշխանությունն իրականացնելու միջոց, որը սահմանված է նաև «Տեղական ինքանակառավարման մասին» օրենքով:
Նրանց հիմնավորմամբ՝ Գ. Երիցյանի լիազորությունները դադարեցնելու մասին ավագանու որոշումն ընդունվել է օրենքի խախտմամբ ու փաստացի չի համապատասխանում «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին:
Գրիգորի Երիցյանն էլ նշել է, որ իր կողմից բացակայությունները եղել են քաղաքական բոյկոտի ձև, որի իրավունքը բոլորն ունեն: Իրացնելով բոյկոտելու իր իրավունքը՝ ոչ իրավաչափ կարգով, անօրինական վաղաժամկետ զրկվել է լիազորությունից: Մինչդեռ, ըստ Երիցյանի՝ բացակայել է իրավական հանձնաժողովի նիստերից, որ չլեգիտիմացնի իշխող թիմի որոշումները, սակայն դա միակ պատճառը չէ: Այն պահից, երբ դադարեցվել են իրենց քաղաքական լիդեր Հայկ Մարությանի և այլ ավագանու անդամների լիազորությունները, նա, ի համերաշխություն նրանց, չի ենթարկվել շանտաժի լեզվին ու հայտարարել է, որ ինքը ևս պայմանավորված չի մասնակցելու հանձնաժողովի նիստերին՝ այդ կերպ արտահայտելով իր բողոքը:
Իսկ ինչ վերաբերում է Երևանի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի 7 նիստերից 6-ից բացակայելու հանգամանքին, ապա, Երիցյանի դիտարկմամբ՝ ներկայացվել են որևէ իրավական հետևանք չունեցող, պատշաճ չվավերացված և չվերահսկվող ձևաթղթեր, որտեղ առկա են ավագանիների անուն-ազգանունները, համապատասխան թվագրումներ և դրանց դիմաց առկա որոշ ստորագրություններ: Սակայն այդ թերթիկները որևէ այլ վերահսկողական նշումներ չունեն, ինչն էլ, ի թիվս այլնի, թույլ է տալիս ենթադրելու, որ ձևաթերթիկներում բացակա ստորագրությունները կարող են լրացվել համապատասխան անձանց կողմից, ովքեր միգուցե ավագանու նիստերին ներկա են եղել, բայց չեն ստորագրել, հետագայում կարող են այդ բաց ստորագորությունները լրացնել:
Բացի այդ, համաձայն այդ ձևաթերթիկների, միայն ավագանի Գրիգորի Երիցյանի անվան դիմաց չէ, որ պարբերաբար բացակայում են ստորագրությունները, կան նաև այլ ավագանիներ, որ գրեթե համաչափ, ըստ թերթիկիների, բացակայել են նիստերից, սակայն նրանց բացակայությունները հիմք չեն հանդիսացել վերջիններիս լիազորությունները դադարեցնելու համար: Սա Գ. Երիցյանին հիմք է տվել ենթադրելու, որ վերջինս եղել է թիրախավորված, որը կապված է վերջինիս քաղաքական հայացքների հետ:
Երևան քաղաքի ավագանու ներկայացուցիչ Լաուրա Հարությունյանը դատարանում ներկայացրած առարկություններով, ինչպես նաև դատական նիստի ընթացքում պնդել է, որ ավագանու որոշումն իրավաչափ է և հիմնավորված, քաղաքական հայացքներով պայմանավորված՝ չի եղել տարբերակված մոտեցում:
Վարչական դատարանը, նախագահությամբ դատավոր Արթուր Ծատուրյանի, արձանագրել է, որ Երևան քաղաքի ավագանին վիճարկվող որոշումն ընդունելիս վկայակոչել է օրենքի հոդվածը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ո՞ր փաստակազմի հիմքով է կայացվել: Սա բացահայտված չէ: Դատարանը գտել է, որ որոշումը պետք է պարունակեր պատշաճ հիմնավորում, նշում՝ դրա կայացման իրավական հիմքերի մասին, ինչպես նաև դրա հիմքում դրված փաստական հանգամանքների շարադրանքը:
Դատարանը վճռում նշել է, որ ներկայացված նյութերում չի հետևում, որ Գրիգորի Երիցյանը ավագանու անդամի լիազորությունները ստանձնելուց հետո բացակայել է իրավական հանձնաժողովի 7 նիստերից 6-ից, իսկ Երևան քաղաքի ավագանու 5-րդ գումարման երկրորդ նստաշրջանի ընթացքում՝ 5 նիստերից 4-ից:
«Ավելին, վարույթի նյութերում առկա չէ ապացույց այն մասին, որ Երևանի ավագանու անդամ Մարատ Թոխյանի կողմից կազմված՝ «Գրիգորի Երիցյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին» որոշման նախագիծը ներկայացվել է Երևանի ավագանու քննարկմանը և առավել ևս առկա չէ ապացույց այն մասին, որ Երևանի ավագանին 10.09.2024 թվականին ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դադարեցրել է Հայցվորի՝ որպես ավագանու անդամի, լիազորությունները»,- նշել է դատարանը:
Նշվածը հիմք ընդունելով՝ Վարչական դատարանը գտել է, որ Երևան քաղաքի ավագանու 10.09.2024 թվականի թիվ 201-Ա որոշումն ընդունվել է ՀՀ Սահմանադրության և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի պահանջների խախտմամբ, հետևաբար ենթակա է անվավեր ճանաչման:
Դատարանը վճռել է նաև Երևան քաղաքի ավագանուց հօգուտ Գրիգորի Երիցյանի բռնագանձել 10.000 դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի փոխհատուցման գումար:
Նշենք, որ վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել Վերաքննիչ վարչական դատարան՝ նույն ժամկետում:
Գլխավոր լուսանկարում՝ Գրիգորի Երիցյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել