Դոնալդ Թրամփը ստացավ ՖԻՖԱ-ի խաղաղության առաջին մրցանակը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Վաշինգտոնում անցկացվող Ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության վիճակահանության արարողության ժամանակ պարգևատրվեց ՖԻՖԱ-ի խաղաղության մրցանակով։
Այս մրցանակը շնորհվում է առաջին անգամ։ ՖԻՖԱ-ն հայտարարել է, որ այսուհետ ամեն տարի այն կտրվի «անհատներին, որոնք բացառիկ գործողություններ են նախաձեռնել հանուն խաղաղության և դրանով միավորել մարդկանց ողջ աշխարհում»:
«Մենք սա ենք ուզում առաջնորդից։ Առաջնորդ, որը մտածում է մարդկանց մասին, որն ուզում է ապրել անվտանգ աշխարհում, որն ուզում է միավորել, մենք դա ենք անում այստեղ՝ աշխարհի առաջնության շրջանակում։ Դուք իրոք արժանի եք ՖԻՖԱ-ի խաղաղության առաջին մրցանակին»,- մրցանակը հանձնելիս ասաց ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն։
Մինչ ԱՄՆ նախագահը կստանար իր մրցանակը, մեծ էկրանով ՖԻՖԱ-ի տեսաշարը ցույց էր տալիս, թե Թրամփն ինչ քայլեր է ձեռնարկել աշխարհում խաղաղություն հաստատելու համար։ Տեսաշարից դուրս չէր մնացել նաև Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը։
Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Թրամփ-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էին, որ ուզում են համատեղ հայտ ներկայացնել՝ Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու համար։ Նոբելյան մրցանակ, սակայն, ԱՄՆ նախագահը չստացավ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել