Հիշատակելու ենք մեր Հայրապետի և թեմակալ առաջնորդ Միքայել Աջապահյանի անունները. Շիրակի թեմի հոգևորականներ
Շիրակի թեմի հոգևորականները հայտարարություն են տարածել՝ իրենց աջակցությունը հայտնվելով Ամենայն Հայոց կաթողիկոսին։ Հայտարարության մեջ նշվում է, որ պատարագ մատուցելիս հոգևորականները չեն շեղվելու կանոններից, հիշատակելու են Գարեգին Բ-ի և թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոսի անունները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը՝ դեկտեմբերի 7-ին, պատարագի է մասնակցելու Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում:
29 հոգևորականների հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Մենք՝ ներքոստորագրյալներս՝ Շիրակի թեմի հոգևորականաց դասը, հայտարարում ենք, որ հիմա և միշտ, մեր կոչումին վայել, անշեղորեն կանոնական Սուրբ Պատարագ ենք մատուցելու և, մեր հավատարմությամբ առ Միածնաէջ Սուրբ Էջմիածին և նրա օրինավոր գահակալ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Սրբազնագույն Կաթողիկոս, հիշատակելու ենք մեր Հայրապետի և թեմակալ առաջնորդ Բարձրաշնորհ Տ. Միքայել Արք. Աջապահյանի անունները:
Ի գիտություն մեր հավատավոր ժողովրդի հայտնում ենք, որ եթե, բացի մեր թեմի հոգևորականներից, որևէ մեկը Շիրակի թեմի եկեղեցիներից մեկում և, մասնավորապես Սուրբ Յոթ Վերք եկեղեցում Պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է, որով խոչընդոտվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի օրինական գործունեությունը և կրոնական ծեսի՝ Սուրբ Պատարագի, իրավասու հոգևորականի կողմից մատուցումը՝ խաթարելով հավատացյալների հոգևոր պահանջների իրացումը:
Յոթ Վերքը հաղթահարել է թուրքական երկու օկուպացիա, սա՛ էլ կհաղթահարվի պատվով»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել