Գյուղնախարարը՝ խաղող մթերողներին. «Պետք է գործեն ավելի խելամիտ, գյուղացու համար ընդունելի գներ»
Այսօր գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հերթական հանդիպմանն է հրավիրել խաղող մթերող տասնյակ ընկերությունների ներկայացուցիչների՝ նրանց ուշադրությունը հրավիրելով խաղողի զանգվածային բերքահավաքի ժամանակ մթերումները ժամանակին, ամբողջությամբ և ըստ պայմանագրերի ապահովելու անհրաժեշտության վրա:
«Նախորդ տարի խաղողի մթերումները կազմակերպված անցան: Այս տարի խաղողի լավ բերք ունենք, և ես համոզված եմ, որ մթերումները նույնքան սահուն և անխոչընդոտ են ընթանալու: Սակայն հաշվի առնելով նախորդ տարվա փորձը' ձեր ուշադրությունն եմ հրավիրում մթերման գների և վճարման ժամկետների վրա: Պետք է գործեն ավելի խելամիտ, գյուղացու համար ընդունելի գներ: Ըստ ամենայնի, ժամանակին պետք է կատարվեն վճարումները: Գյուղացին պետք է զգա, որ իր աշխատանքը պաշտպանված է»,- ասել է Սերգո Կարապետյանը:
Ծավալված քննարկման արդյունքում խորհրդակցության մասնակիցները պարտավորվել են հնարավորինս վերանայել մթերման գների համար նախատեսված ներքին շեմը և անել ամեն ինչ՝ գյուղացու աճեցրած ողջ բերքը ժամանակին և անկորուստ մթերելու համար:
Գյուղատնտեսության նախարարության տեղեկացմամբ՝ չնայած մեկ-երկու ձեռնարկություն, տարբեր պատճառաբանություններով, դեռևս խուսափում է ստանձնած պարտավորությունները ժամանակին կատարելուց, սակայն, ամբողջությամբ վերցրած, մթերումները նախորդ տարվանից ավելի արդյունավետ են ընթանում, և ընթացիկ տարվա ցուցանիշերը զգալիորեն գերազանցում են 2011-ի ցուցանիշերը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել