Ավստրիան Հայաստանում նորանշանակ դեսպան ունի
Օգոստոսի 27-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ավստրիայի նորանշանակ դեսպան Ալոիս Կրաուտին (նստավայրը՝ Վիեննա)՝ հավատարմագրերի պատճենի հանձման կապակցությամբ:
Շնորհավորելով հյուրին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Էդվարդ Նալբանդյանը հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Ավստրիայի միջև երկկողմ հարաբերությունները էլ ավելի կզարգանան և կամրապնդվեն: Ալոիս Կրաուտը հավաստիացրեց, որ ջանք չի խնայի հայ-ավստրիական հարաբերություններն ամրապնդելու և որակական նոր մակարդակի բարձրացնելու համար:
Զրույցի ընթացքում ԱԳ նախարարը նշեց, որ հունիսին կայացած Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի պաշտոնական այցը և երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները նոր լիցք են հաղորդում երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը:
Հանդիպմանը նշվեց, որ Ավստրիայի զարգացման գործակալությունը Հայաստանը ներգրավել է համագործակցության համար առաջնահերթ երկրների ցանկում, և առաջիկայում մի շարք ծրագրեր է նախատեսված իրականացնել:
Զրույցի ընթացքում քննարկվեցին փոխգործակցության գիտակրթական և մշակութային բնագավառներում փոխանակումների ակտիվացման նպատակով ձեռնարկվող քայլերը:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններին, տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել